Լրահոս
Օրվա լրահոսը

«Բիոէթիկա, մարդու իրավունքներ եւ ԶԼՄ-ներ»

Հոկտեմբեր 08,2008 00:00

Այս թեմայով երեկ առաջին անգամ էր միջոցառում կազմակերպվում

Երեկ «Արարատ» հյուրանոցում կայացավ «Բիոէթիկա, մարդու իրավունքներ եւ ԶԼՄ-ներ» թեմայով սեմինար-դասընթացը, որին մասնակցում էին Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Հարություն Մինասյանը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, «Բիոէթիկայի կենտրոն» հ/կ նախագահ Իգոր Մադոյանը եւ այլք: Դասընթացներն անցկացրին Ռուսաստանի ԳԱԱ փիլիսոփայության ինստիտուտի մարդու ուսումնասիրության բաժնի վարիչ Բորիս Յուդինը եւ ՌԴ փիլիսոփայության ինստիտուտի բիոէթիկայի բաժանմունքի վարիչ Պավել Տիշենկոն: Նշենք, որ բիոէթիկան ոչ միայն փիլիսոփայական հասկացություն, այլեւ գիտության բնագավառ է, որն ուսումնասիրում է մարդու շփումը այն ամենի հետ, ինչը կենդանի է, իսկ էթիկա տերմինի հիմքում ընկած է մարդու պատասխանատվությունը շրջապատի հանդեպ:

Հ. Մինասյանը փաստեց, որ բիոէթիկայի ոլորտի մասնագետ գիտնականների թիվը Հայաստանում մեծ չէ, հասարակական իրազեկվածության մակարդակն էլ ցածր է, այն դեպքում, երբ աշխարհի շատ երկրներում գործում են բիոէթիկայի ինստիտուտներ. «Անհրաժեշտ է կատարելագործել ԶԼՄ-ների գործունեությունն այս ուղղությամբ, ինչպես նաեւ առողջապահության ոլորտում ապահովել բիոէթիկայի սկզբունքների պահպանումը»: Ըստ Հ. Մինասյանի՝ «Բիոէթիկան մշտապես առնչվում է մարդու իրավունքների եւ նրանց արդյունավետ պաշտպանության մեխանիզմների հետ, հետեւաբար առաջնահերթություններից մեկն էլ պետք է հանդիսանա տվյալ ոլորտի կատարելագործումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված գործունեության ծրագիրը բիոէթիկայի բնագավառում յուրաքանչյուր երկրի համար կարող է հանդիսանալ ուղեցույց: Բիոէթիկայի խնդիրը պետք է ուսումնասիրության ենթարկվի ոչ միայն միջազգային եւ ազգային, այլեւ տարածաշրջանային մակարդակով, քանի որ հաճախ միեւնույն տարածաշրջանի երկրներում առկա են համանման խնդիրներն ու մարտահրավերները»:

Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, ողջունելով սեմինարի կազմակերպման գաղափարն, ասաց, որ այս խնդիրները Հայաստանում մեկ-երկու ինստիտուտների կողմից չեն կարող լուծվել, դրանք պահանջում են հանրապետության ամբողջ ինստիտուցիոնալ համակարգի աշխատանքը:

Աստղիկ Գեւորգյանի խոսքերով՝ Հայաստանի լրագրողները պետք է համաքայլ ընթանան միջազգային գործընթացների հետ. «Այս քննարկումը նորույթ է մեզ համար: Բիոէթիկայի հարցերի քննարկմանը պետք է հետեւեն արդեն մեր մասնագիտության համար շատ կարեւոր հարցերի քննարկումներ, «կլոր սեղաններ»՝ խոսքի ազատության, գենդերային հավասարության, մասնագիտական վարքականոնի ու հանդուրժողական մթնոլորտ ստեղծելու թեմայով: Քառօրյա սեմինարի բոլոր հարցերն էլ անչափ կարեւոր են բոլոր լրագրողների համար, անկախ նրանից՝ ընդդիմադի՞ր դաշտում են, թե՞ իշխանամետ, դեղի՞ն մամուլ է, թե՞ որակյալ թերթի ներկայացուցիչ, միեւնույն է՝ մամուլի ու ժուռնալիստական մասնագիտության կայացման համար շատ կարեւոր են նման հարցերի քննարկումները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել