«Մարտի 1-ի» դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամները հանդիպել են իրավապահ համակարգի՝ այսօր դատապարտված եւ որպես «սեդկա» օգտագործվող մի գործակալի հետ, ով օգնում է Հատուկ քննչականին «Մարտի 1»-ի դեպքերի վերաբերյալ հեքիաթներ հյուսել:
Դեռ սեպտեմբերի 19-ին «Մարտի 1»-ի գործով 7 մեղադրյալների պաշտպանական խմբի գործունեությունը համակարգող Արմեն Խաչատրյանը «Առավոտին» փոխանցել էր, որ այս քրգործի նյութերում կան կոդավորված անուններով «փակ վկաների» ցուցմունքներ: «Դրանք անձինք են, որոնց գործում տրվել է պայմանական անուն, ազգանուն, հայրանուն: Նախաքննության մարմինը հիմնավորել է, թե այդ մարդիկ իրականում կան, բայց մենք հավանաբար հնարավորություն չենք ունենա նրանց լսել դատարանում՝ իբր նրանց կյանքին, անվտանգությանը սպառնացող հնարավոր վտանգի պատճառով, եթե բացահայտվի նրանց անձը»,- ասել էր Ա. Խաչատրյանը, բացահայտելով նման վկաներից մեկի պայմանական անունը՝ Սերոբ Սերոբի Սերոբյան: Վերջինս ցուցմունք էր տվել Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ առաջադրված՝ «պետական իշխանությունը յուրացնելու» մեղադրանքով՝ հետագայում կարճված գործով: Դեռ մեկ ամիս առաջ արդեն ենթադրություններ կային, որ սույն վկան որպես «նասեդկա» նստած է քաղբանտարկյալների խցում:
Այդպիսի վկաներից մեկին, եթե ոչ հե՛նց «Սերոբ Սերոբյանին», բացահայտել հնարավոր եղավ մեր սեփական ջանքերով եւ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ «Մարտի 1»-ի հետ կապ չունեցող եւ այլ մեղադրանքով պատիժը կրող մի կալանավոր դիմել է «Մարտի 1»-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին՝ հանդիպելու եւ մարտյան դեպքերի վերաբերյալ որոշակի փաստեր տրամադրելու պատրաստակամությամբ: Սույն կալանավորի հետ հանդիպած երկու հանձնաժողովականներից մեկը՝ Արծվիկ Մինասյանը, «Ազատություն» ռ/կ-ին երեկ փոխանցել է, թե՝ կալանավորն, իր իսկ ասելով, եղել է ակտիվ մասնակից այդ դեպքերի, ավելին՝ ընդգրկված է եղել նաեւ ընդդիմադիր ուժերի ճամբարում, բավական խորն ինֆորմացիա ունի, որը վերաբերում է գրեթե բոլոր դրվագներին՝ ե՛ւ առավոտվա, ե՛ւ կեսօրվա, ե՛ւ երեկոյան հատվածներին: Ա. Մինասյանը նաեւ հավելել էր, թե այդ վկան մեղադրվում է խարդախության հոդվածով, համակարգի նախկին աշխատակից է: Խոսքը տվյալ դեպքում Արմավիր մարզի Գետաշեն գյուղում բնակվող, «Կլոր» մականունով Հովակիմ Բաբայանի մասին է, որն աշխատել է իրավապահ համակարգում որպես քննիչ, բայց «գործ դասավորելու» եւ գործեր կոծկելու համար ժամանակին հեռացվել է համակարգից: Այս տարվա հուլիսին նա ձերբակալվել է պաշտոնատար անձին կաշառք տալուն դրդելու եւ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հասնող գումար հափշտակելու համար: Պարզվել էր նաեւ, որ Հ. Բաբայանը նախկինում դատվել է զենքի հափշտակության համար եւ մինչեւ ձերբակալության պահը հետախուզվել է Ռուսաստանի կողմից՝ խարդախություն կատարելու մեղադրանքով:
Հ. Բաբայանն իր ցուցմունքներում տվել է ընդդիմության առաջնորդների անուններ, որոնց հետ ինքն, իբր, շփվել, նրանց հետ միասին անմիջական մասնակցություն է ունեցել որոշակի գործողությունների կամ ծրագրերի մշակմանը, դրանց իրականացմանը, մատնանշել է դեպքեր, որոնք, իբր, առնչություն են ունեցել «Մարտի 1»-ի դեպքերին եւ հանցագործության հատկանիշներ պարունակել: Այս Բաբայանը, որը մարտյան դեպքերից առաջ է անդամագրվել ՀՀՇ-ին, եւ որին անձամբ ճանաչելու առիթ եմ ունեցել նաեւ ես՝ ձեր խոնարհ ծառան, նախագահական ընտրությունների փուլում զարմանալիորեն հասցնում էր լինել ոչ միայն հիվանդանոցներում, որտեղ պառկած էին ընդդիմությանը հարող երիտասարդական նախաձեռնությունների ծեծված անդամները, այլեւ ՀՀՇ-ի ու ընդդիմադիր մյուս կուսակցությունների նախասրահներում, բայց ոչ նախասրահից քայլ անգամ առաջ, որովհետեւ նրա վերաբերյալ ոստիկանության մեր աղբյուրները դեռ այս տարեսկզբին էին զգուշացում արել, որ նա կուսակցություններ ներսուդուրս է անում տեղեկատվություն հավաքելու համար՝ որպես ոստիկանության գործակալ: Մեր աղբյուրները դրանով էին բացատրում այն, որ թեեւ Բաբայանի դեմ բավականին մեղադրանքներ կան, բայց իրավապահները աչք են փակում ե՛ւ դրանց, ե՛ւ նրա՝ հետախուզման մեջ լինելու փաստի վրա:
Այս տեղեկատվությունը դեռ հունվարին էր փոխանցվել ե՛ւ ՀՀՇ վարչության մեկ-երկու անդամներին, ե՛ւ այլ կուսակցությունների ղեկավարներին, եւ այստեղ բոլորը հիանալի գիտեին, թե հատկապես նա ինչի համար է ներսուդուրս անում: Մարտիմեկյան դեպքերից հետո էլ ընդդիմադիր ճամբարում հայտնի էր, որ նա իր մեծ ներդրումն է ունեցել «Հանրապետություն» կուսակցության Արմավիրի կառույցի անդամ Պողոս Աբրահամյանին կալանավորելու եւ դատապարտելու հարցում: Թե որքանով «Կլորի» ցուցմունքները կարող են արժանահավատ դիտվել՝ դեռ հարց է, բայց փաստ է, որ նա դատախազության ձեռքում արդեն «բացահայտված» խաղաքարտ է: