Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական լարախաղ՝ Գյումրիում

Հոկտեմբեր 08,2008 00:00

Այստեղ ընտրողների ուշադրությունը գրավելու համար քարոզարշավի նոր եղանակներ են մշակվել

Երեկվանից Շիրակի մարզի մոտ 100 համայնքներում սկսվեց ՏԻՄ թեկնածուների պաշտոնական քարոզարշավը: Գյումրիում այն մեկնարկեց ոչ ավանդական եղանակով. «Եվ հույս, եւ սեր, եւ հավատ», «Իմ թիկունքին իմ ժողովուրդն է» եւ այլ բարձրագոչ կարգախոսներով ցուցապաստառներից զատ, քաղաքի ամենաբանուկ հատվածում՝ Լենինգրադյան փողոցում, լարախաղաց էին հրավիրել, որը կարողացել էր գրավել հսկայական թվով մարդկանց ուշադրությունը:

Քաղաքապետի թեկնածուներից մեկը՝ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, չբավարարվելով ամեն քայլափոխի իր նկարները փակցնելուց, թանկարժեք մեքենաների վրա իր անուն-ազգանունով դրոշակներ էր կպցրել, որոնք վաղ առավոտից ազդանշաններ տալով պտտվում էին քաղաքի փողոցներում ու հարսանիքի տպավորություն ստեղծում: Քաղաքի ամենակենտրոնական տեղերը գրավել են գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու Մարտուն Գրիգորյանի ցուցապաստառները: Վ. Ղուկասյանը դրանցից մեկն անգամ փակցրել է ԱԺ պատգամավորի նախընտրական շտաբի գլխին: Քաղաքապետի միակ չունեւոր թեկնածուն քաղաքապետարանի բյուջեի եւ եկամուտների աղբավարձավճարների հարցերով գլխավոր մասնագետ, ԱԻՄ-ական Դանիել Դարբինյանն է, որը երազել անգամ չի կարող նման ճոխությունների, ասենք՝ նախընտրական շտաբ կամ բուկլետ ունենալու մասին: Նա որոշել է ժողովրդի հետ շփվել իր տանը՝ բնակարանը դարձնելով նախընտրական շտաբ: Եթե ԱԻՄ-ականը չունի ֆինանսական միջոցներ, նույնիսկ սեփական կուսակցության «դաբրոն», ինչպե՞ս է պատրաստվում պայքարի մեջ մտնել վերոհիշյալ 2 օլիգարխների հետ: Մի՞թե ճիշտ են Գյումրիում տարածված խոսակցությունները, թե նա թեկնածությունը դրել է Վարդան Ղուկասյանի հրահանգով՝ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանից ձայներ փախցնելու համար: Դանիել Դարբինյանն այս առնչությամբ «Առավոտին» պարզաբանեց. «Ես թունդ ԱԻՄ-ական եմ, 1991-ից այդ կուսակցության մեջ եմ, սակայն կուսակցությունն այս պահին թեկնածուներ չի առաջադրում, քանի որ գտնում է, որ այս իշխանության հետ չի կարելի համագործակցել: Իհարկե, առաձին ԱԻՄ-ականներ ինձ կսատարեն: Իսկ այն մարդիկ, որոնք մտածում են, թե ես Վ. Ղուկասյանի պարտադրանքով կամ խնդրանքով եմ դրել իմ թեկնածությունը, չարաչար սխալվում են, թյուր կարծիք է, չգիտեմ՝ ովքեր են տարածել այդ լուրերը: Երեւի հենց էդ սեւ PR-ի խնդիրն է»: Այդ դեպքում ի՞նչն է դրդել Դ. Դարբինյանին՝ դուրս գալ իր շեֆի դեմ եւ ինչպե՞ս է քաղաքապետն ընդունել իր աշխատակցի այս որոշումը՝ մեր հարցին, Դ. Դարբինյանը պատասխանեց. «Շատ նորմալ, շատ հանգիստ ընդունեց քաղաքապետը: Մեկս մյուսիս հաջողություն եւ ազնիվ ընտրապայքար մաղթեցինք: Ըստ էության, ես քաղաքապետի դեմ չեմ դուրս եկել, ես ունեմ իմ ծրագրերը ու գտնում եմ, որ դա ավելի լուրջ ու քաղաքին ավելի օգուտ բերող է: Կարծում եմ, որ քաղաքին շատ ավելի բան կարելի է տալ, քան նախկինում եղել է: Օրինակ՝ մեծ ուշադրություն պետք է դարձնել քաղաքի ճարտարապետական տեսքին, նախակրթարաններին: Ինձ հեչ դուր չի գալիս քաղաքի կենտրոնում, եկեղեցու հարեւանությամբ կառուցված «Զիգզագ» խանութը, այն զուրկ է ճարտարապետական տեսքից»:

Եթե Դ. Դարբինյանի քաղաքապետ դառնալու մտադրությունն այդքան լուրջ է, ով կլինի նրա ընտրազանգվածը: Մի՞թե քաղաքապետարանի աշխատակիցները Վարդան Ղուկասյանի փոխարեն իրեն ձայն կտան՝ մեր այս հարցին էլ նա պատասխանեց. «Ես մասնագիտությամբ երաժիշտ եմ, մտավորական, եւ կարծում եմ, որ իմ ընտրազանգվածը կլինեն հենց մտավորականները, եւ գումարներ ունենալը դեռեւս չի նշանակում ունենալ կազմակերպչական ջիղ: Այսօրվա իշխանությունները պետք է թույլ չտան, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանեն, որովհետեւ արդեն իսկ մեր պետությունը միջազգային հեղինակություն չի վայելում՝ ոչ լեգիտիմ իշխանություններ ունենալու կապակցությամբ, եւ ժողովուրդը պետք է հասկանա, որ եթե ես եկել եմ իր ծառան լինելու, ապա ինքը պետք է վճարի, ոչ թե ես»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել