Արաբկիրի նորընտիր թաղապետ Ալբերտ Երիցյանը՝ եկած-չեկած, թաղապետարանի աշխատակիցներին աշխատանքից ազատվելու դիմում է գրել տալիս:
Քանի օր է՝ Արաբկիրի թաղապետարանում բավականին լարված մթնոլորտ է: Բանն այն է, որ Արաբկիրի նորընտիր թաղապետը, համայնքի խնդիրներին ծանոթանալու փոխարեն, իր պաշտոնավարման հենց առաջին օրվանից՝ հոկտեմբերի 1-ից, սկսել է նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի կադրերից ազատվել: Այս օրերին Հ. Շահինյանի օրոք թաղապետարանում աշխատած պաշտոնյաները, ոտք ու ձեռք ընկած, «վերեւներում» ծանոթ-բարեկամ են ման գալիս՝ «մարդ» մեջտեղ գցելու եւ Երիցյանի մոտ բարեխոսելու, որպեսզի չզրկվեն իրենց պաշտոններից: Բայց քանի որ պարոն Երիցյանն էլ իր թիմով է եկել, եւ բացի այդ նախընտրական շրջանում իրեն սատարողներին խոստացել է թաղապետարանի «աթոռները բաժանելիս» նրանց աչքաթող չանել, ուստի որոշել է աշխատակազմը «թարմացնել»: Ըստ «Առավոտի» աղբյուրների, պարոն Երիցյանն արդեն կարգադրել է, որ հավաքարարներից սկսած մինչեւ բաժնի պետեր ազատման դիմում գրեն:
Երիցյանի նշանակետից շատ քիչ աշխատակիցներ են «պլստացել», նրանց էլ պահել է, որպեսզի թաղապետարանի գործունեությունն ամբողջությամբ կաթվածահար չլինի: Սակայն նրանք էլ վստահ չեն, որ հերթն իրենց էլ չի հասնի ու որոշ ժամանակ անց իրենք էլ գործազուրկի կարգավիճակում կհայտնվեն:
Մեր տեղեկություններով, առայժմ ինքնակամ ազատման դիմում չի գրել եւ իր պաշտոնի համար համառորեն պայքարում է թաղապետարանի ապօրինի շինությունների, հողազավթումների հայտնաբերման եւ կանխման բաժնի պետ Էդուարդ Փանոսյանը, որը «ԱրմենՏելի» նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի՝ Գագիկ Փանոսյանի եղբայրն է:
Ամենայն հավանականությամբ, կազատվի նաեւ այս բաժնի գլխավոր մասնագետ Տիգրան Փոստանջյանը, որն էլ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրն է:
Պաշտոնաթող է եղել նաեւ բնակարանային կոմունալ տնտեսության բարեկարգման եւ համատիրությունների գործունեությունը համակարգող բաժնի ղեկավար Արսեն Մովսիսյանը: Ա. Երիցյանը որոշել է այս բաժինը կիսել:
Կոմունալ բաժնի պետի պաշտոնը նա տվել է Արաբկիրի նախկին թաղապետ Լեւոն Հարությունյանի օրոք նույն պաշտոնը զբաղեցրած Հրայր Անտոնյանին: Իսկ բաժնի մյուս կեսը հանձնել է Կենտրոն համայնքի ջրմուղի նախկին պետ Միքայել Դավթյանին:
«Իրենց դիմումի համաձայն» ազատվել են նաեւ հարկային եկամուտների հաշվառման-գանձման բաժնի պետ, ՀՀՇ-ական Հայկ Մուշեղյանը եւ ոչ հարկային եկամուտների հաշվառման- գանձման բաժնի պետ Աշոտ Մխիթարյանը, կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի տեղեկատվության բաժնի պետ Լիանա Մկրտչյանը, առեւտրի բաժնի պետ Աշոտ Իսրայելյանը: Վերջինիս չի փրկել անգամ այն, որ նա պետական տարբեր պաշտոններ զբաղեցնող Եգանյանների բարեկամն է: Մեր տեղեկություններով, նրա համար էլ են զանգել, բայց պարոն Երիցյանն իր որոշումը չի փոխել:
Բնական է, որ Ա. Երիցյանը անգամ չի փորձել ազատվել Հ. Շահինյանի խորհրդական Արմեն Նազարյանից: Բանն այն է, որ Ա. Նազարյանը ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսիկ Նազարյանի որդին է, եւ, ի տարբերություն այլ «անթիկունք» աշխատակիցների, նրանից ազատվելն այնքան էլ հեշտ չէ:
Թաղապետարանի նոր աշխատակազմը, կարելի է ասել, արդեն հայտնի է: Մեր տեղեկություններով, Ա. Երիցյանը աշխատակազմի ղեկավար է նշանակել Միավորված աշխատանքային կուսակցության անդամ Դավիթ Գյուլումյանին: Փոխթաղապետի պաշտոնը շնորհել է Հարություն Խաչատրյանին, որի քույրը՝ Հասմիկ Խաչատրյանը կզբաղեցնի սոցիալական բաժնի պետի աթոռը: Ա. Երիցյանն իրեն օգնական է վերցրել քաղաքապետարանի կրթության բաժնի պետի նախկին տեղակալ Ալեքսանդր Կուբանյանին:
Նկատենք, որ աշխատանքից ազատվածների մեծ մասը ՀՀԿ անդամներ են: Ուստի, դեռ հայտնի չէ, թե միանգամից այդքան հանրապետականի գործից ազատելը երկրի բարձրագույն իշխանությունների կողմից ինչ արձագանք կունենա:
Բացի այդ՝ նշենք, որ բոլոր դիմում գրած աշխատակիցները համայնքային ծառայողի քննություն անցած համայնքային ծառայողներ են համարվում: Այս տարվա հուլիսին բոլոր աշխատակիցներն անցել էին ատեստացիա, սակայն քանի որ նրանք ազատվել են իրենց դիմումի համաձայն, ուստի «Համայնքային ծառայության մասին» օրենքը չի կարող նրանց օգնել աշխատանքում վերականգնվել: Իսկ թաղապետարանի նոր պաշտոնյաները, ինչպես մեզ հետ զրույցում հավաստիացրեց Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիայի տնօրեն Նատալիա Լափաուրին, գործի պետք է անցնեն համայնքային ծառայողի քննությունը հաղթահարելուց հետո միայն: Չնայած դրան, այս պահի դրությամբ, նորանշանակներն արդեն գործի են անցել: Թաղապետարանում տեղի ունեցող կադրային փոփոխությունների մասին պարզաբանում ստանալու համար երեկ «Առավոտը» դիմեց Ա. Երիցյանին:
Պարոն Երիցյանը խոստացավ այդ ամենի մասին խոսել առաջիկայում: Միայն ասաց, որ կառուցվածքային փոփոխություններ է նախատեսում եւ որ մինչ իր գալը թաղապետարանի «հարյուրավոր աշխատողներ արդեն ազատման դիմում էին գրել»: