Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԵՂԻՆ ՄԱՄՈՒԼԻ» ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ՝ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՁԵՎՈՎ

Հոկտեմբեր 08,2008 00:00

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այն լուրերին, թե կառավարությունը «դեղին մամուլի» դեմ պայքարի շրջանակներում նախապատրաստում է մի նոր օրենսդրական նախաձեռնություն, ըստ որի՝ լիցենզավորում կնախատեսվի նաեւ տպագիր ԶԼՄ-ների համար, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասաց. «Ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել եւ վավերացրել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան՝ ենթադրվում է, որ լիցենզավորման ենթակա են բացառապես էլեկտրոնային ԶԼՄ-ները»: Հիշեցնենք, որ այդ կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ ու գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության եւ անկախ սահմաններից։ Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին՝ սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում»: Ըստ Արմեն Աշոտյանի՝ «Ոչ մի եվրոպական երկիր՝ որքանով ես տեղյակ եմ, չունի տպագիր մամուլի լիցենզավորման ինստիտուտ: Մինչդեռ, այսպես կոչված, «դեղին մամուլ» առկա է անգամ բոլոր քաղաքակիրթ երկրներում: Եթե խոսքն անպատասխանատու, բարոյական եւ էթիկական, ինչպես նաեւ՝ իրավական ձեւակերպումներով չառաջնորդվող մամուլի մասին է, ապա նման լրատվամիջոցների դեմ պայքարի միջոցները կարող են լինել շատ ավելի քաղաքակիրթ: Այն է՝ կարելի է խստացնել պատասխանատվությունը մարդուն կամ կազմակերպությանը հասցված բարոյական վնասի համար՝ սահմանելով մեծ չափերի տույժեր նմանատիպ խախտումների դեպքում: Նաեւ դիմել դատարան՝ պահանջելով մեծ փոխհատուցում, եւ այդպիսով ֆինանսական ծանր վիճակի մեջ դնելով անպատասխանատու մամուլին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել