Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Խաղաղությունն ու ազատությունն անանջատ են»

Հոկտեմբեր 08,2008 00:00

Աշոտ Բլեյանի կարծիքով՝ հասարակության՝ ՀՀ նախագահից սպասվող ուղերձը քաղբանտարկյալների ազատ արձակումն էր։

«Կարելի էր ոչ մի ուղերձով էլ հանդես չգալ, ուղղակի ազատել քաղբանտարկյալներին: Դա կլիներ օրվա ուղերձը հասարակությանը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԱԺ-ին եւ հանրությանն ուղղած ուղերձի մասին կարծիք հայտնեց Աշոտ Բլեյանը: Մեր զրուցակցի համար ակնհայտ եւ անառարկելի է կալանավայրերում գտնվող իր ընկերների անմեղությունը, ուստի՝ «ի՞նչ իմաստ ունի ուղերձով դիմելը, դրա ազդեցությունը րոպեական է, եթե ընդհանրապես դրական ազդեցություն ունի։ Դա ի՞նչ տվեց հասարակությանը, նախագահին»: Պարոն Բլեյանը հավաստիացնում է, որ իրական մեկ քայլի արժեքն այսօր հասարակության համար ավելի գնահատելի է: Այլապես՝ «Երբ մի բան են ասում, իսկ իրականությունն այլ է, դա սովետն է, դա տեսել ենք։ Սովետի արմատավորումը նոր իրականության մեջ հասարակական առաջընթացի գլխավոր խոչընդոտն է: Տասնյոթ տարում դրանից պիտի ազատվեինք»: Ներկայիս իշխանության հաջորդ խնդիրը մեր զրուցակիցը համարում է ընտրամեքենայի գործարկումը՝ «Ոչ հետո, հաջորդ ընտրություններին, այլ՝ հիմա։ Եվ ոչ միայն քաղաքական ընտրությունների ժամանակ։ Մարդը իր կյանքում պիտի իր կարիերան կարողանա անել իր տաղանդով, իր արդյունավետ աշխատանքով. ընտրվի կամ դառնա ղեկավար, շատ վաստակի, իր աշխատանքով պաշտպանված լինի»: Հենց նման ակնհայտ բաներն է նա համարում իշխանության հաջողության՝ հասարակական վստահության պայման. «Կանի՞ այդ իրական քայլերն այս իշխանությունը՝ կօրինականանա, այսինքն՝ վստահության ռեսուրս ձեռք կբերի: Ու նրա հետ՝ իբրեւ փաստացի իշխանության, քաղաքական ընդդիմությունը կկարողանա, անգամ ստիպված կլինի հարաբերվել: Չի՞ անի՝ վտանգավոր իշխանություն է»:

Իշխանության վարած հատկապես արտաքին քաղաքականության մասին ասում է. «Ի վերջո, ՀՀ անկախության 17-րդ տարում ընտրական մեքենան պիտի աշխատի՞, թե՞ ոչ, Հայաստանի սահմանները պիտի բացվե՞ն, թե՞ ոչ: Այնպիսի տպավորություն է, որ մարդիկ շարունակում են մնալ հավաքված իշխանության մեջ՝ իբր խորամանկ քայլեր անելու, գնդակը էսինչի դաշտը նետելու, թուրքերին կամ միջազգային հանրությանը ֆռռացնելու, ադրբեջանցիներին իրավունքի դասեր տալու, հասարակությանը առաջընթացի պատրանք ներշնչելու համար… 17 տարի դրանով են զբաղված: Դա հեռանկար չունի ու չի կարող ունենալ»։ Մյուս կողմից՝ «Իշխանությունն, ի դեմս Սերժ Սարգսյանի, հետեւողական կլինի՞, ես չգիտեմ, շատ կուզեմ, իմ համեստ նպաստը կբերեմ։ Այդ նախաձեռնության հաջորդ քայլը ո՞րն է: Դա ներքին համոզմունքից բխած առաջին քա՞յլ էր, որ ունի շարունակություն, թե՞ «տրյուկ»: Դա շատ արագ կերեւա: Չլուծված է մնում մեր իրականության թիվ մեկ խնդիրը՝ հայաստանցիների, ադրբեջանցիների, թուրքերի դրացիության՝ փոխհամաձայնության հաստատումը: Բայց ոչ թե ապագայում, այլ՝ հիմա»:

Մեր զրուցակիցն արձանագրում է, որ ցավոտ խնդիրների չլուծված լինելն իշխանության կողմից հասարակության վրա բարդելն այլեւս արդյունավետ չէ, քանի որ կոնկրետ հայ-թուրքական հարաբերությունների մասով՝ «պարզվեց, որ մեծամասնությունը դրական է նայում, հազարավոր հայաստանցիներ թուրքերի հետ առեւտուր են անում եւ դրանով իրենց ընտանիքը պահում։ Դրանում ես համոզված էի 1990-ին, 92-ին։ Ասում էի՝ դուք ձերն արեք, հասարակությունը պիտի դիմադրի էլ։ Իշխանությունը չի կարող անընդհատ պոպուլիստ լինել. խնդիր կա՝ պիտի լուծի, եթե դա անգամ ցավոտ է: Հասարակությունը վաղուց ամեն ինչ գիտակցել է, ուղղակի իշխանությունը պիտի լինի շիտակ, խիզախ եւ անպայման հետեւողական: Բայց այս ճանապարհն էլ է անցնում ընտրամեքենան գործի գցելով: Այսպիսի բարդ խնդրի լուծումը ենթադրում է, որ իշխանությունը պիտի լինի ինքնիշխան, ասել է թե՝ գործի հասարակական վստահության եւ վերահսկողության՝ հասարակական աջակցության պայմաններում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել