Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ԴԱՌՆԱԼՈՒ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՋՈՐԴ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Հոկտեմբեր 08,2008 00:00

\"\"Սյունեցիք այլեւս չեն ուզում իրենց հաշվին հարստացող իշխանավոր

Երեւան-Սիսիան ճանապարհը մոտ 250 կիլոմետր է, տաքսում ինձնից բացի՝ եւս երկու ուղեւոր կար: Շուրջ 3,5 ժամ տեւած ճանապարհի ընթացքում խոսք ու զրույցի թեման Սյունիքի եւ Սիսիանի մասով՝ Վերահսկիչ պալատի կողմից արված բացահայտումներն էին: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում հայտնաբերված չարաշահումների ցանկում լուրջ տեղ ունի նաեւ Սիսիանը՝ շուրջ 47 միլիոն դրամ բյուջետային միջոցների չարաշահումներ, բացի այդ՝ կադաստրային արժեքից 6-10 անգամ պակաս գներով շինությունների վաճառք: Այս իրավիճակում գործող քաղաքապետը դարձյալ թեկնածությունն է առաջադրել: Սիսիանում խոսում են, որ նա ձգտում է ընտրվել՝ արածների հետքերը մաքրելու նպատակով:

«Մինի» հարցումներ

Պաշտոնական տվյալներով, Սիսիանում 1725 ընտրող կա, սակայն իրականում ընտրություններին մասնակցում է դրա կեսը: Շրջայցի ընթացքում քաղաքի հրապարակում եւ փողոցներում զրուցեցի 25 ընտրողի հետ: Բոլորին նույն հարցն էի տալիս՝ ո՞ւմ են ընտրելու եւ ինչո՞ւ հատկապես նրան: Ձայները բաժանվեցին այսպես. 10 մարդ ասաց, որ ընտրելու է նրան, ով փող կտա, 12-ն ասաց, որ ձայնը տալու է Տիգրան Պողոսյանին, մեկական ընտրող՝ Սամվել Թանգյանին, Վազգեն Բաբայանին եւ Լավրենտի Սարգսյանին: Ընդդիմության թեկնածուին հարգում են, բայց չեն ընտրելու, զարմանալի պատճառով՝ «որովհետեւ չի անցնի»:

Ռազմիկ Դանիելյան՝ ընդդիմության թեկնածու

ՀՀՇ անդամ Ռազմիկ Դանիելյանին սատարում է Հայ ազգային կոնգրեսը: Սիսիանի ՀՀՇ կառույցի ղեկավար Կամո Սաֆրազյանն ասաց, որ նախընտրական վիճակը թեժ է. «Ունենք տեղեկություն, որ մի շարք շտաբներում արդեն ցուցակներ են գրել՝ գումարներ բաժանելու համար, եւ ասում են, որ արդեն սկսել են փող բաժանելը: Հասկանալի է, որ դա հիմնականում կատարում են իշխանության թեկնածուները: Այսօր, ինչպես Հայաստանում, Սիսիանում էլ այն վիճակը չէ, ինչ՝ երկու-երեք տարի առաջ: Այստեղ կա ընդդիմադիր զանգված, որը նախկինի պես չի մտածում՝ հատկապես մարտի 1-ի իրադարձություններից հետո»: Պարոն Սաֆրազյանը կասկածներ ուներ, որ մարզպետը այստեղ կարող է ունենալ ոչ թե մի, այլ՝ մի քանի թեկնածու:

Գործող քաղաքապետ-թեկնածու Լավրենտի Սարգսյան

Արեւածաղկի սերմ վաճառող տիկին Վարյան, ցույց տալով պատին սոսնձված քաղաքապետի նկարն, ասաց. «Մենակ սրան եմ ճանաչում, իրան էլ կընտրեմ»: Հարցին՝ ինչո՞ւ հենց նրան, տիկին Վարյան ասաց. «Երեւի փողից-բանից կտա»: Հիշեցնենք, որ գործող քաղաքապետն, ըստ սիսիանցիների՝ խոստացել է 10 հազար դրամ տալ մեկ ձայնի դիմաց: Ամենից տարեց թեկնածուն է, ում սիսիանցիներն արդեն «ընտրել» են երեք անգամ, սակայն հիմա «հոգնել ենք, թող նոր մարդ գա», եւ հետո՝ «քաղաքապետի պաշտոնն օգտագործում է ոչ թե քաղաքի հոգսերը հոգալու, այլ իրեն եւ իր ընտանիքին հարստացնելու համար»: Սիսիանցիները տեղեկացրին, որ քաղաքապետը հասցրել է հարստանալ ղարաբաղյան պատերազմի տարիներին եւ շարունակում է այդ գործընթացը նաեւ այսօր: Այս թեկնածուի ենթաշտաբի պետ Համլետ Բաբայանը տեղեկացրեց, որ նախընտրական իրավիճակը նորմալ է. «Ամեն մարդ իր թեկնածուն ունի, ամեն մարդ մեկին հարգելով ընտրելու է, մեկը մյուսին չի խանգարում, չի վիրավորում», եւ գովեց իր թեկնածուին:

Աղասի Հակոբջանյան-ԲՀԿ

Հաջորդ հարուստ թեկնածուն, ըստ սիսիանցիների՝ ԲՀԿ-ի հովանավորյալն է. նրա հարստության մասին առասպելներ էին պատմում, օրինակ, որ պարոն Հակոբջանյանը սեփականաշնորհել է, ոչ ավել, ոչ պակաս՝ Շաքիի ջրվեժը, եւ քանի որ ունի մի քանի սեփական ՀԷԿ-եր, ջրվեժի ջուրն ուղղում է դեպի իր ՀԷԿ-երը եւ սիսիանցիներին ու հյուրերին զրկում բնության այս հրաշքով հիանալու հաճույքից: Նա «ԱրմենՏելի» Սիսիանի մասնաճյուղի տնօրենն է եւ նախընտրական ծրագրում խոստացել է քաղաքը շենացնել: Բայց, բարձրանալով «Փոստի» մաշված եւ խարխուլ աստիճաններով, սիսիանցիները չեն հավատում, թե նա կկատարի խոստումը: Մեր այցելության պահին ենթաշտաբը բազմամարդ էր, մարդիկ եկել էին անձնագրերով եւ ցուցակագրվում էին: Սա մեզ ներկայացրին այնպես, որ իբր մարդկանց անունները ցուցակներում չկան եւ եկել են բողոքելու: Մեր դիտարկմանը, թե դրա համար պետք է գնային անձնագրային սեղան եւ ոչ թե՝ այս կամ այն թեկնածուի շտաբ, կանայք ասացին, թե գնացել են նաեւ այնտեղ: Անմիջապես գնացինք անձնագրային սեղան, որի ղեկավար Գայանե Ալավերդյանն ասաց, որ իրենց այդ հարցով չեն դիմել. «Եթե ցուցակում չկան՝ անպայման կգան, քանի որ ունեինք 7 ընտրատեղամաս, իսկ հիմա՝ 6, եւ հնարավոր է այս պատճառով են որոշ մարդիկ դուրս մնացել, կարող են գալ եւ ճշտել»:

Տիգրան Պողոսյան-ՀՅԴ

Բոլոր վեց թեկնածուներից միայն այս մեկի մասին հիմնականում լավ բաներ լսեցինք: Սիսիանցիներից շատերն ասացին՝ «Չի եղել դեպք, որ Տիգրանը զինվորին նեղացնի, նրա «չէ»-ն «չէ» է, «հա»-ն՝ «հա»: Տիգրան Պողոսյանի ընտրազանգվածը երիտասարդ սիսիանցիներն են: Մարդիկ այդպես էին հավաստիացնում. «Ջահելները Տիգրանին են ընտրելու, նրան սիրում-հարգում են, բանակում տեսել են նրա դրական կողմերը»: Մեր զրուցակիցներից Վանյա Գրիգորյանն այսպես բացատրեց իր ընտրությունը. «Ինքը կկարողանա ջահելներին մի գործով ապահովել, մարդու եւ քաղաքի մասին կմտածի: Մեր քաղաքի մասին ոչ ոք չի մտածում, էս գործողն էլ փոխանակ արժանապատիվ գնա՝ տեղը տալով ջահելին, էլի ու էլի է ուզում մնալ, երբ իրենից արժանավորը կա»: Արտակ Հովհաննիսյանը չթաքցրեց, որ թեպետ իր եղբայրն աշխատում է քաղաքապետարանում, բայց ինքը չի ընտրելու գործող քաղաքապետին, ընտրելու է Տիգրան Պողոսյանին, որովհետեւ «սիսիանցին այլեւս չի ուզում փոսի մեջ ապրել, մինչեւ ե՞րբ փոսի մեջ ապրենք, հերիք է»: Հակոբջանյան Աղվանը եւս Տ. Պողոսյանի ընտրողն է, «որովհետեւ ինքը դեռ 20 տարեկան՝ ավտոմատը քցել է ուսը, գնացել է հայրենիքը պաշտպանելու, իսկ մի մարդ, որ կարողանում է ընտանիք եւ հայրենիք պահել, կարող է եւ քաղաքը պահել, որովհետեւ ինքը տղա է, պետք չի փիլիսոփա, գիտնական լինել, հարկավոր է տղա լինել էս կյանքում, իսկ Տիգրանը տղա է եւ կկարողանա ժողովրդի կամքն արտահայտել»: Խանութի աշխատակից տիկին Ամալյան ասաց, որ ընտրելու է Տիգրանին, որովհետեւ «խելացի, կիրթ մարդ է»:

Վազգեն Բաբայան-ՕԵԿ

Ըստ ամենայնի՝ ընտրող չունի, քանի որ մեր հարցումներին մասնակցած 25 սիսիանցիներից միայն մեկն ասաց, թե ընտրելու է Վազգենին, հետո պարզվեց, որ այդ մեկն էլ աշխատում է այս թեկնածուի նախընտրական շտաբում: Նկատեցինք, որ այստեղ ՕԵԿ-ից հիասթափվածները շատ էին: Շտաբի պետ Հովիկ Իսաջանյանն ասաց, որ չի նկատել ընտրակաշառք խոստանալու դեպքեր:

Սամվել Թանգյան- ՀՀԿ

Այս թեկնածուի ենթաշտաբում եւս ճշտում էին իրենց ցուցակները: Դատելով զրույցի խորհրդավոր տոնից եւ զգուշավորությունից՝ ենթադրեցինք, որ խոսքն ընտրակաշառքի ցուցակների մասին է: Հենց այս թեկնածուի մասին է մարզպետ Սուրեն Խաչատրյանը հայտարարել, թե իր «մարդն» է, եւ ինքը նրան է սատարելու: Իսկ մարզպետի այս կարգի հայտարարությունները միշտ էլ Սիսիանում հակառակ էֆեկտ են ունենում՝ մարզպետին չսիրող սիսիանցիները չեն ընտրելու նրա «մարդուն»: Մինչդեռ, Բորիկ անունով ներկայացած մի սիսիանցի չթաքցրեց, որ ընտրելու է հենց այս թեկնածուին: Ենթաշտաբի ղեկավար Արտակ Սիսակյանը, պատասխանելով մեր հարցին՝ իսկ ընտրակաշառք չե՞ք բաժանելու, ասաց. «Մտադրություն էլ չունենք, էդ մասին չենք էլ մտածել»: Մարզպետի պաշտպանության մասին ասաց. «Դե, եթե իշխանությունը թեկնածուին պաշտպանի, դա քաղաքի համար ավելի օգտակար է»: Ամեն դեպքում սիսիանցիները գիտեն, որ ՀՀԿ, ԲՀԿ եւ անկուսակցական գործող քաղաքապետ-թեկնածուները «հավասար հիմունքներով» մարզպետի «մարդիկ» են: Ամեն դեպքում սիսիանցիները գիտեն, որ ՀՀԿ, ԲՀԿ եւ անկուսակցական գործող քաղաքապետ-թեկնածուները «հավասար հիմունքներով» մարզպետի «մարդիկ» են:

Հ. Գ. Լուսանկարային ռեպորտաժը՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել