Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՐ ՇՊՐՏՈՂՆԵՐԸ ԿԱՆԳՆԱԾ ԷԻՆ ՄԻ ԳԾՈՎ

Հոկտեմբեր 08,2008 00:00

\"\"«Ժառանգություն» խմբակցության ներկայիս ղեկավար Արմեն Մարտիրոսյանը մարտի 1-ի վերաբերյալ իր ցուցմունքներում վկայել է սադրիչների մասին:

«Մարտի 1»-ի մայր գործում տուժող ճանաչելու մասին որոշումները սկսվում են միեւնույն տրաֆարետային նախաբանով. «Մարտի 1-ին, ժամը 6-ի սահմաններում, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Սասուն Միքայելյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ու այլք, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպել, անցկացրել են զանգվածային հրապարակային միջոցառումներ, օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող միջոցառումները դադարեցնելու վերաբերյալ որոշումների պահանջներին չենթարկվելու կոչեր են արել» եւ այլն: Հաջորդ պարբերության մեջ նշվում է, թե այդ նույն անձինք մարտի 1-2-ին «հասարակական դժգոհության ու ընդվզումների պատրանք ստեղծելու եւ ընտրություններն ու իշխանություններին վարկաբեկելու նպատակով Երեւանի քաղաքապետարանի շրջակայքում եւ կենտրոնական փողոցներում կազմակերպել են զանգվածային անկարգություններ» եւ այլն: Դրանից հետո է նշվում, թե նկատի ունենալով, որ կատարված հանցագործությամբ տվյալ անձին պատճառվել է նյութական, ֆիզիկական եւ բարոյական վնաս՝ այդ գործով նա ճանաչվում է տուժող:

Բոլոր տուժողներն առանց առարկությունների ստորագրել են նման որոշումների ներքո: Եվ միակը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն է, որին երբ մարտի 11-ին ծանոթացման են ներկայացրել այս որոշումը՝ իր անհամաձայնությունը հայտնել է հետեւյալ գրությամբ. «Որոշման հետ կապված իմ առարկությունները կներկայացնեմ ցուցմունքում»: Եվ նույն օրն էլ իբրեւ տուժող հարցաքննության ընթացքում նշել է. «Ցանկանում եմ ցուցմունքիս ավելացնել որոշման հետ կապված այն առարկությունը, որի մասին նշել եմ որպես տուժող ներգրավելու որոշման մեջ: Ես չեմ գտնում, որ որոշման մեջ նշված անձինք մեղավոր են եւ կամ կազմակերպել են իմ դանակահարությունը, ինչպես նաեւ այդ սադրանքները»:

Արմեն Մարտիրոսյանը եզակի տուժող է նաեւ այն առումով, որ ինքն է հանցագործության մասին հաղորդում ներկայացրել մարտի 1-ին՝ դեռ հիվանդանոցում եղած ժամանակ: Եվ մարտի 1-ին ժամը 18.45-ին սկսված իր այդ առաջին հարցաքննության ժամանակ նա արդեն վկայել է սադրիչների մասին. «Մարտի 1-ին, ժամը 15:15-ի սահմաններում, ներկա եմ գտնվել Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքի դիմաց անցկացվող հանրահավաքին եւ տեսել, որ հանրահավաքի մասնակիցների միջից առանձնացած 5-7 երիտասարդներ, որոնք, ըստ իս, սադրիչներ էին, վազելով մոտեցան ու հարձակվեցին կոչումով փոխգնդապետ ոստիկանի վրա, նրան գցեցին գետնին ու սկսեցին ոտքերով հարվածել: Ոստիկանին պաշտպանելու նպատակով ես վազելով մոտեցա նրանց, ոստիկանին հարվածողներին հրեցի մի կողմ, եւ որպեսզի նրանք չկարողանան ոստիկանին խփել՝ պառկեցի ոստիկանի վրա՝ մարմնովս ծածկելով նրան»: Շարունակությունը հայտնի է՝ երիտասարդները շարունակել էին ոտքերով հարվածել ոստիկանին ու նաեւ դանակահարել էին ԱԺ պատգամավորին. «Հանրահավաքի այլ մասնակիցների միջամտությունից հետո նշված երիտասարդները դիմեցին փախուստի»:

Մարտի 11-ի հարցաքննության ընթացքում Արմեն Մարտիրոսյանն ավելի մանրամասն է պատմել սադրիչների մասին. «Մինչեւ դեպքերը՝ նկատի ունեմ ինձ դանակահարելը, ես Ֆրանսիայի դեսպանատան առջեւ կանգնած մի երիտասարդ եմ տեսել, որը ժողովրդին ուղղված իմ խնդրանքը, որ հանդարտ կանգնեն եւ սադրանքների չենթարկվեն՝ անմիջապես փոխեց եւ ասաց. «Ժողովուրդ, «Ժառանգության» պատգամավորն ասում է, որ ոչ մի տեղ չգնաք», ինչն իմ ասածի սխալ եւ խեղաթյուրող մեկնաբանությունն էր: Այդ նույն երիտասարդին հետագայում տեսել եմ նաեւ քաղաքապետարանի շքամուտքի մոտ եղած ոստիկանների վրա հարձակվելուց, որին հրել եմ եւ չեմ թողել, որ հարձակվի ոստիկանների վրա»:

«Ժառանգություն» խմբակցության ներկայիս ղեկավարը մարտի 11-ի իր ցուցմունքում նաեւ նշել է. «Երբ ոստիկանների ջոկատը հասավ քաղաքապետարանի մոտ, մի խումբ անձինք, ըստ իս՝ սադրիչներ, փայտեր եւ քարեր էին շպրտում նրանց վրա: Ընդ որում, այդ մարդիկ կարծես հրահանգավորված ձեւով՝ մեկ գծով էին կանգնած: Ես եւ մի քանի մարդիկ վազեցինք, կանգնեցինք ոստիկանների առջեւ եւ թույլ չտվեցինք, որ նրանք հարվածեն ոստիկաններին: Երբ մենք մի շղթա կազմած՝ ձեռք ձեռքի տված իջնում էինք շքամուտքի աստիճաններից՝ նկատեցի, որ մարդկանց մեջ կանգնած մի շղթա գնաց դեպի աջ՝ VivaCell-ի ուղղությամբ: Գլուխս պտտեցի այդ ուղղությամբ եւ նկատեցի, որ ոստիկաններ կային: Այդ կողմ գնացածները կլինեին մոտ 20-30 անձինք: Ես նրանց այդ կազմակերպված շարժվելուց հասկացա, որ նրանք սադրիչներ էին եւ ցանկանում էին հարձակվել ոստիկանների վրա»: Նշել է. «Ես չեմ կարող ասել որեւէ պատճառ ոստիկանի վրա հարձակվելու համար, բացի սադրանք կատարելը»:

Հիմա թեստ. ընթերցողի կարծիքով՝ Հատուկ քննչական ծառայության քննիչը դեպքերի նման ականատեսին քանի՞ հարց է տվել՝ ըստ ցուցմունքի արձանագրության: Պատասխանն է՝ ընդամենը մեկ: Թերեւս այն պատճառով, որ սա նախաքննության մարմնի համար աննպա՞ստ ցուցմունք էր, եւ հարկ չե՞ն համարել առավել մանրամասնել սադրիչների վերաբերյալ վկայությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել