Երեկ Գ. Սունդուկյանի անվան թատրոնին հարող զբոսայգում խորհրդային տարիների քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանն իր անձնական միջոցների հաշվին տեղադրեց խաչքար՝ 1921թ. փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը բոլշեւիկների կողմից Երեւանի բանտում կացնահարված 21 երեւելի քաղաքական եւ զինվորական գործիչների, Սարդարապատի հերոսների պատվին: Մինչ այդ նա դիմել էր Երեւանի քաղաքապետ Ե. Զախարյանին, որպեսզի ստանա թույլտվություն: Քաղաքապետը թույլատրել էր: Ռ. Մարկոսյանը տեղեկացրել էր, որ Սունդուկյանի անվան թատրոնին հարող զբոսայգում կա 2 հուշաքար, որից մեկն անմահացնում է Մայիսյան ապստամբության բոլշեւիկ-հեղափոխականների հիշատակը, մյուսը՝ 21 կացնահարվածների: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, կա վարկած, որ սպանվածների թիվը 50 է: Վերջին հուշաքարը շատ անմխիթար վիճակում էր, եւ ինչպես նկատել է խմբապետ Համազասպ Ղորղանյանը՝ «տեղին է, խիստ անհրաժեշտ է ուշադրություն սեւեռել նաեւ այդ հուշաքարի վերանորոգմանը, վերակառուցմանը, այսպիսով արժանին մատուցելով Առաջին հանրապետությունը կերտողների հիշատակին»: «Հայ մարդու համար խաչքարը հավերժական ու բարի հիշատակի մարմնավորումն է: Այս խաչքարն իր մեջ կրում է նաեւ պատգամ՝ ուղղված այսօր ու վաղը ապրողներին. ցանկացած պարագայում եղբայրասպանությունը մերժելու, բացառելու պատգամ: Որպեսզի չարենցյան «արեգնացյալ կացինը» դառնա թանգարանային ցուցանմուշ, որպեսզի հայ մարդը երբեք խաչքարի առաջ չկանգնի՝ նաեւ ամոթը սրտում»,- «Առավոտին» ասաց Ռ. Մարկոսյանը:
Ճանաչված հաղորդավար Աիդա Ներսիսյանն էլ, որը 15 տարի զբաղվել է հուշաքարի վերաբացման խնդրով, հավաքել ականատեսների վկայություններ, նկարել է ֆիլմ, իր հետ բերել էր արխիվային բազմաթիվ նյութեր, մասնավորապես՝ 1921թ. փետրվարի 20-ի «Ազատ Հայաստան» թերթի այն հրապարակումը («Բոլշեւիկյան կառավարության կարապի երգը»), ուր նկարագրված է 21-ի կացնահարումը. «Արյան մեջ ուզեցին խեղդել Երեւանը: Որոշված էր գնդակահարել վերջին պահուն բոլոր նրանց, որոնք բանտարկված ու նետված էին Երեւանի արգելատուներում՝ Չեկայում եւ Կենտրոնական բանտում: Բոլշեւիկ կառավարության Հեղկոմին կից կազմակերպված հակահեղափոխության, սաբոտաժի դեմ կռվող այսպես կոչված Արտակարգ հանձնախումբն ու առանձին բաժանմունքն իր փետրվարի 15-ի խառն նիստում որոշում է տեռոր ի կատար ածել Կենտրոնական բանտում գտնվածներից 21 հոգուն»:
Ա. Ներսիսյանի գնահատմամբ, խաչքարը զգոնության իմաստ ունի: Նկատենք նաեւ, որ դաշնակցական կուսակցությունից, որի անդամներն են եղել կացնահարվածները, ոչ ոք ներկա չեղավ այս կոթողի բացմանը: