Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԻՉ-ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՐԺԱՆԻՈՐԵՆ ՄԵԾԱՐՎԵՑԻՆ

Հոկտեմբեր 07,2008 00:00

\"\"Ուսուցչի օրվա նախօրյակին Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեծարվեցին մարզիչ-մանկավարժները, դաստիարակները:

Քոլեջի տնօրեն Դերենիկ Գաբրիելյանի հրավերով միջոցառմանը մասնակցեցին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ Դավիթ Օհանյանը:

Դերենիկ Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց իր ղեկավարած կոլեկտիվին, նշելով, որ սպորտը նախընտրած պատանին չի կարող դառնալ մեծ մարզիկ, եթե համակողմանի կրթություն չստանա: Այս առումով մարզական քոլեջի մարզիչներն ու մանկավարժներն ինչ-որ չափով տարբերվում են հանրակրթական դպրոցների ուսուցիչներից: Եվ գոհունակությամբ հայտնեց, որ իրենց մարզական կրթօջախը միշտ էլ Հայաստանի ազգային հավաքականներին սնուցող հիմնական ակունքներից մեկն է եղել:

Քոլեջի կոլեկտիվը երկու անակնկալ էր պատրաստել ՀԱՕԿ-ի նախագահի համար: Առաջինը՝ ուսումնամարզական վերականգնողական կենտրոնը Գագիկ Ծառուկյանի անունով անվանակոչելն էր: Ինչպես նշեց Դ. Գաբրիելյանը, այդ որոշումը կոլեկտիվը կայացրել է, քանի որ ՀԱՕԿ-ի նախագահը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել քոլեջը, ամեն հարցում աջակցել տեղում անհրաժեշտ պայմանների բարելավմանը, աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը: Այս կրթօջախը կառավարության որոշմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ընդգրկված է եղել մարզական շինարարության լայնամասշտաբ ծրագրի մեջ եւ այժմ համապատասխանում է ժամանակակից պահանջներին: Սակայն Դերենիկ Գաբրիելյանի խոսքերով՝ բավականին խնդիրներ դուրս էին մնացել շինարարության ծրագրից, որոնք Գագիկ Ծառուկյանը լրացրել է անձնական ներդրումներով: Երկրորդ անակնկալը Գագիկ Ծառուկյանի անվան ամենամյա կրթաթոշակն էր, որը հանձնվեց լավագույն մարզիկ-ուսանողին:

ՀԱՕԿ-ի նախագահը հավաստիացնելով, որ այս ամենն իր համար անակնկալ էր, իր կողմից մեկ միլիոն դրամ հատկացրեց տարվա լավագույն մանկավարժին, մարզչին, դաստիարակին եւ դասախոսին պարգեւատրելու համար, եւս $50 հազար՝ բոլոր մանկավարժներին խրախուսելու նպատակով, ինչը, քոլեջի տնօրենի ներկայացմամբ՝ շուրջ 160 ընտանիքի համար առօրյա խնդիրներ լուծեց: ՀԱՕԿ-ի նախագահը նպատակահարմար գտավ անձնական միջոցներից լրացուցիչ $160 հազար հատկացնել քոլեջի հիմնանորոգման ծրագրի վերջնական իրականացման ընթացքում հնարավոր բացթողումները լրացնելու համար՝ սկսած շինարարական աշխատանքներից, մինչեւ պահանջվող գույքի ձեռքբերումը:

ՀԱՕԿ-ի նախագահն անդրադարձավ նաեւ այսօր սպորտի ոլորտում տեղ գտած բացթողումներին ու տվեց դրանք վերացնելու կոնկրետ հանձնարարականներ: Դրանց մեջ նա հատկապես կարեւորեց արտերկրում բնակվող հայերի հետ տարվող աշխատանքները: Եվ որպես առաջին քայլ՝ հենց տեղում ստորագրեց նորվեգահայ Ջիմմի Վարթիվարյանին Նորվեգիայում եւ սկանդինավյան երկրներում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչ նշանակելու լիազորագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել