Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վեդին կշարունակի զարգանալ

Հոկտեմբեր 07,2008 00:00

Արդեն ինը տարուց ավելի է, ինչ Արարատի մարզի Վեդի քաղաքը ղեկավարում է Վարուժան Բարսեղյանը, եւ վստահորեն

կարելի է ասել, որ նրա ղեկավարման տարիներին Վեդին նկատելիորեն փոխել է իր դիմագիծը։

Քաղաքում նկատելի առաջընթաց կա թե բարեկարգման, թե քաղաքի մարզամշակութային կյանքի զարգացման ուղղությամբ։ 1999թ., երբ Վարուժան Բարսեղյանն առաջին անգամ ընտրվեց քաղաքապետ, Վեդի համայնքն ուներ 54 մլն դրամի պարտք: Այսօր համայնքի բյուջեն կազմում է 212 մլն դրամ, իսկ համայնքապետարանի եւ նրա ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատողների աշխատավարձը բարձրացել է 3 անգամ։ Դոտացիաների եւ սուբսիդիաների հաշվին նախատեսվում է, որ հունվարի 1-ից էլի կբարձրանա։ Համայնքային բյուջեի հաշվին օգնություններ են տրամադրվում համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին, սոցիալական լարումը մեղմելու համար կատարվել են զգալի աշխատանքներ։

Նախկինում քաղաքը չուներ երաժշտական դպրոց, սակայն չգործող մանկապարտեզներից մեկը հիմնովին վերանորոգվել եւ այժմ գործում է որպես երաժշտական դպրոց, որտեղ պարբերաբար անց են կացվում մշակութային միջոցառումներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում քաղաքում մարզական կյանքի աշխուժացմանը. հիմնովին վերանորոգվել է քաղաքի մարզահամալիրը, համայնքի բյուջեի հաշվին գործում է ծանրամարտի խումբ։ Կա ֆուտբոլի մարզադաշտ։ Այս ամենը հնարավորություն է տալիս երիտասարդներին զբաղվել իրենց նախասիրած մարզաձեւով։

Վեդիում կատարվել են մոտ 2.5 կմ ասֆալտապատման աշխատանքներ, շուտով «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում կբարեկարգվի Արարատյան փողոցը։ Սալիկապատվել եւ բարեկարգվել են քաղաքի մայթերը, շուտով կավարտվեն երկկողմանի լուսավորության աշխատանքները։

Վեդին ավելի քան 85 տոկոսով գազիֆիկացված է, մնացել է ընդամենը 3-4 փողոց, որ քաղաքը դառնա ամբողջությամբ գազիֆիկացված։

Համայնքում վերաշահագործման է հանձնվել 3 մանկապարտեզ, որից 2-ը ջեռուցվում է։ Իսկ մանկապարտեզ հաճախող անապահով ընտանիքների երեխաների համար ծնողները վճարում են գումարի 60-70 տոկոսը, մնացած 30-40 տոկոսը վճարում է համայնքը՝ ինքնածախսածածկման մեթոդով։ Վեդիում արդեն կան ժամանակակից չափորոշիչներին համապատասխան սրճարաններ եւ ժամանցի վայրեր։

Վեդին գնալով մաքրվում է՝ ձերբազատվում աղբից։ Շուտով կբացվի պլաստմասսաների վերամշակման ֆաբրիկա, որպեսզի այն պլաստմասսայե տարաները, որոնք բնակիչները նետում են՝ աղտոտելով քաղաքը, հանձնեն ֆաբրիկային եւ փոխարենը որոշակի գումար ստանան։

«Առավոտի» հետ զրույցում Վ. Բարսեղյանի նախընտրական շտաբի համակարգող Անդրեաս Սարգսյանը հավաստեց. «Մեր համայնքային իշխանությունն աշխատում է բնակիչների համար բաց եւ թափանցիկ։ Ավագանու եւ քաղաքապետի որոշումները փակցվում են քաղաքի բանուկ թաղամասերում տեղակայված ցուցանակների վրա, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչպես են ծախսվում իրենց վճարած հարկերից գոյացած բյուջեի գումարները։ Բացված ավագանու սենյակը հեշտացնում է համայնքի ղեկավար եւ բնակիչ կապն ու շփումը։ Բնակիչը ցանկացած հարցով եթե դիմում է քաղաքապետարան կամ որեւէ բողոք ունի, ապա գործում է մեկ պատուհանի մեթոդը. բոլոր դիմումերն ընդունվում են նոր տեղեկատվական կենտրոնում եւ առավելագույնը երկու օրից քաղաքապետարանի համապատասխան պատասխանատուի կողմից ստացված պատասխանը ստանում նույն սենյակից»։

Պարոն Սարգսյանը հավաստեց՝ «Մենք տրամադրված ենք մեր համայնքի համար կատարել դրական փոփոխություններ եւ ավարտին հասցնել այն գործերը, որոնք չենք հասցրել։ Ունենք մինչեւ 2015թ. հեռանկարային ծրագիր, որը պարտավորված ենք ժամանակին ավարտին հասցնել»։

Վեդիում բնակչության 30-40 տոկոսն իր օրվա եկամուտն ապահովում է սեփականաշնորհած հողատարածքների հաշվին, 20 տոկոսը աշխատում է տարբեր հիմնարկներում։ Գործազուրկների թիվը զգալիորեն կրճատվել է մանր ու միջին բիզնեսի զարգացման հաշվին։ Արդյունքում՝ արտագաղթողների թիվը նույնպես նվազել է։

Վարուժան Բարսեղյանը ՀՀԿ-ի հնաբնակներից է. կուսակցության անդամ է դեռեւս Աշոտ Նավասարդյանի ժամանակներից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել