Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԱՐՄՆԵՂԵՆ ԿՐԱԿ՝ ԳՈՒՄԱՐԱԾ ԴԱԼԻ

Հոկտեմբեր 07,2008 00:00

Սանկտ Պետերբուրգի «Չելովեկ» Շարժման թատրոնի «Խեղկատակի աղավաղված երեւակայությունը» ներկայացումն անցավ լեփ-լեցուն դահլիճում:

Հոկտեմբերի 4-ին մեկնարկեց «Հայֆեստ» 6-րդ միջազգային փառատոնը, որի կարգախոսն է՝ Remaking the city (վերափոխել քաղաքը): Այն կշարունակվի եւ տոնական շունչ կհաղորդի քաղաքին մինչեւ հոկտեմբերի 12-ը: «Հայֆեստի» բացումը կայացավ Սանկտ Պետերբուրգի «Չելովեկ» Շարժման թատրոնի «Խեղկատակի աղավաղված երեւակայությունը» ներկայացմամբ՝ նվիրված Սալվադոր Դալին (ռեժիսոր՝ Իգոր Գրիգուրկո): Թատրոնը ինքնատիպ համակցում է պլաստիկ արվեստը, պարը, մնջախաղը, բալետը, ակրոբատիկան, կենդանի երաժշտությունը, գույները… «Չելովեկը» հիմնադրվել է 1993-ին եւ կրում է հայտնի բալետմայստեր, դրամատուրգ, պլաստիկ արվեստների ուսուցիչ ու ռեժիսոր Նելլի Դուգար-Ժաբոնի անունը:

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմը շաբաթ եւ կիրակի օրերին «Խեղկատակի աղավաղված երեւակայությունը» ներկայացման արդյունքում վերածվել էր ենթագիտակցական մի աշխարհի, ուր ի հայտ են գալիս մարդկային երեւակայության ամենատարօրինակ դրսեւորումները՝ չար ու բարի ուժեր, դժոխք եւ դրախտ, տարաբնույթ հույզերի, ցանկությունների ու պատրանքների միախառնում, ու այդ ամենը, բնականաբար, Սալվադոր Դալիի գույներով՝ ռուսաստանցի արտիստների տպավորիչ մատուցմամբ: «Խեղկատակի աղավաղված երեւակայությունը» ներկայացման ասելիքն այն էր, որ բոլորն էլ երբեմն տեսնում են ֆանտաստիկ երազներ, որոնք այնքան անհեթեթ են, որ արթնանալիս զարմանում ես, թե ինչպե՞ս կարող էին նման տեսարաններ հայտնվել քո երազում: «Ամենաթեժ» պահերին բեմում հայտնվում էր խենթ ու անսանձ երեւակայությամբ Դալին (նրան կին էր մարմնավորել)՝ իր երկար բեղերով: Նա մանկական չարաճճիությամբ խաղ էր անում իր մտքի ու վրձնի արգասիքների հետ, երես տալիս նրանց, հետո, հոգնելուն պես, սաստում ու հեռանում՝ մինչեւ իր կերտածները ուշքի գան ու վերգտնեն իրենց, որ նորից սկիզբ առնի չարի ու բարու, լույսի ու խավարի, անողոք ժամանակի ու նրա հանդեպ անտարբեր արվեստի ուժի հավերժական պայքարը… Գեղեցիկ, աչք շոյող ներկայացում էր, անակնկալներով լի՝ մնջախաղի ու պլաստիկայի, իսպանական կոլորիտ ստեղծող ռիթմերի անասելի ներդաշնակությամբ…… Այդքան շարժումը, էներգիան, գույների ու լույսերի խաղը չէին հոգնեցնում, չէին հագեցնում: Բեմում մարմնեղեն կրակ էր, որ, օրինակ, հսկայական ծաղկից մեկ էլ վերածվում էր բազմոց-շուրթերի, գույների աննախադեպ շքերթն ուղղակի հիպնոսացնում էր: Պատահական չէր, որ ներկայացումն ավարտվեց «բրավորների» տարափով ու 10-15 րոպե ձգվող հոտնկայս ծափահարություններով: Բավարարված էր հանդիսատեսը, նրա գոհացումից էլ՝ շռայլորեն վարձատրված արտիստները:

Ի տարբերություն այլ պաշտոնյաների, որոնք նմանօրինակ հանդիսություններին գալիս են հերթական «պտիչկայի» համար, որ հետո կեսից աննկատ «ծլկեն», ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մնաց մինչեւ վերջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել