Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Օրենքը չի կիրառվում անվան պատճառով

Հոկտեմբեր 07,2008 00:00

Արդարադատության նախարարությունում սպասում են «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարվելուն:

2007թ. սեպտեմբերի 4-ին ընդունվել է «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքը: Ըստ վերջինիս 2-րդ հոդվածի՝ «Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում՝ տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, տեղեկատվությունը պարունակող հայտարարությունը պետք է տեղադրվի նաեւ www.lraber.am հասցեում գտնվող ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում»: Հոդված 3-րդը, որը վերաբերում է կայքի վարման գործընթացին, սահմանում է. «ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի վարման եւ տեխնիկական սպասարկման ծառայությունները մատուցվում են «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով մրցույթի հաղթող ճանաչված անձի կողմից: Որպես պատվիրատու հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը»:

Օրենքից պարզ է դառնում, որ ՀՀ արդարադատության նախարարությունը օրենքն ընդունվելուց հետո պիտի ձեռք բերած լիներ lraber.am ենթատիրույթը՝ դոմեյնը: Մինչդեռ, երբ այցելեցինք «Ինտերնետ միության» amnic.net կայքի «Who is»՝ «Ով է» բաժին, պարզ դարձավ, որ ենթատիրույթը գրանցվել է «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» օրենքի ընդունումից հետո՝ 17.12.2007-ին՝ Վարդան Տոնոյանի անունով: Ըստ արդարադատության նախարարության մեր աղբյուրների՝ նախարարությունը ժամանակին ձեռք չէր բերել այս ենթատիրույթը, իսկ այդ մասնավոր անձը գրանցել է այն՝ հետագայում նախարարությանը ենթատիրույթը վաճառելու հեռահար նպատակով: «Առավոտը» կապվեց Վ. Տոնոյանի հետ: «Սայթը մինչեւ հիմա չի աշխատել, քանի որ այն նախատեսված էր Սփյուռքին ինֆորմացիա մատուցելու համար, բայց ֆինանսավորում այդպես էլ չստացվեց: Հիմա մենք մեր միջոցներով այն պատրաստել ենք, եւ շուտով սայթը կսկսի անվճար գործել տեղեկատվություն տրամադրելու համար: Սայթը պետական չէ, ոչ մի կապ չունի (եւ հույս ունեմ՝ չի էլ ունենա) պետական մարմինների հետ: Այն նախատեսված է լինելու բոլորին միջոցներ տրամադրել իրենց ուզած ինֆորմացիան մատուցելու համար: Բոլոր ցանկացողները կարող են գրանցվել սայթին եւ հոդվածներ ու հայտարարություններ տեղադրել: Նախագիծը կոմերցիոն չէ, եւ ամեն ինչ կատարվելու է անվճար»,- տեղեկացրեց Վարդան Տոնոյանը: Հետաքրքրվեցինք, թե ենթատիրույթի վարձույթը ի՞նչ պայմաններում է կատարվել: «Սայթը գրանցվել է XALT ընկերությունում եւ արժեցել է 12.000 դրամ (առանց ԱԱՀ-ի)»,- հնչեց պատասխանը: Քանի որ «Ինտերնետ միությունն» է վարում հայաստանյան տիրույթի կենտրոնական շտեմարանը եւ ապահովում առցանց դիմումների ընդունումն ու սխալների ստուգումը, «Առավոտը» «Ինտերնետ միության» նախագահ Իգոր Մկրտումյանից հետաքրքրվեց, թե մասնավոր անձը ինչպե՞ս է կարողացել գրանցել lraber.am ենթատիրույթը: «Գրանցումը կատարում են գրանցող կազմակերպությունները՝ Arminco-ն, Web-ը, XALT-ը, Netsys-ը, Dolphin-ը, Cornet-ը: Որքան ես գիտեմ, lraber.am-ը գրանցվել է XALT ընկերությունում՝ նախքան օրենքի ընդունումը: Եթե որեւէ սխալ է տեղի ունեցել՝ դիմեք այդ ընկերությանը: Կարծում եմ, որեւէ պաշտոնական անձ պետք է համոզի lraber.am-ը գրանցած ընկերությանը, որ նա հանձնի այն կառավարությանը»,- պատասխանեց Ի. Մկրտումյանը:

«Առավոտը» ՀՀ արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո նախարարությունը ձեռք չի բերել lraber.am ենթատիրույթը: Մեզ պատասխանեցին. «Պաշտոնական ծանուցումների համար lraber բառը հարմար չէ. լրաբերը լուր բերող է, իսկ ծանուցումները ազդ բերող են: Դրա համար էլ նախարարությունը ներկայացրել է օրենքի նախագիծ, որտեղ lraber.am դոմեյնը փոխարինվում է azdarar. am-ով: Օրենքի նախագիծը դեռ առաջին ընթերցումն է անցել, իսկ azdarar.am-ը արդեն վերցված է: Ուստի սպասում ենք օրենքում փոփոխություններ կատարվելուն»,- պատասխանեցին հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հետաքրքիր է, թե այս մասին ինչու համապատասխան անձինք չէին բարձրաձայնում օրենքի ընդունման ժամանակ կամ ինչու են նոր-նոր գլխի ընկնում, որ կարելի է այնտեղ ինչ-ինչ փոփոխություններ կատարել: Մյուս կողմից էլ օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, այս դեպքում 04.09.2007 թվականից 10 օր հետո, սակայն այն դեռ չի կիրառվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել