Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԵԿ ՏԱՐԻ՝ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է

Հոկտեմբեր 07,2008 00:00

Լեհաստանում կատարված սպանության գործով չկան ապացույցներ

Երեւանի քրեական դատարանում քննվող (թիվ 14808406) քրեական գործով Արմեն Թադեւոսյանը մեղադրվում է սպանության եւ սպանության փորձի համար՝ ՀՀ Քրօրի 104 հոդվածի 1-ին մասով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1, 15 կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Արմեն Թադեւոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Նախաքննություն իրականացնող մարմինը նրան մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա, անօրինական կարգով բնակվելով Լեհաստանի Օլշտին քաղաքում, 1998 թ. մարտի 15-ին, ժամը 10-ի սահմաններում, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով դանակով երկու անգամ հարվածել է Աշոտ Ավետիսյանին, որը 1998թ. ապրիլի 14-ին ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

Բացի այդ մեղադրանքից, Ա. Թադեւոսյանը մեղադրվում է նաեւ սպանության փորձի համար. 1998 թ. ապրիլի 30-ին, առավոտյան ժամը 9-ի սահմաններում, Օլշտին քաղաքի Կենշինսկու փողոց 4 շենքի բակում, ապօրինի կարգով իր մոտ պահած եւ կրած ինքնաշեն ատրճանակով Արմեն Թադեւոսյանը երեք անգամ կրակել է ավտոմեքենայի մեջ գտնվող ամուսիններ՝ Գրաժինա Կրուկի եւ Վազգեն Խեչոյան-Կրուկի վրա ու փորձել է սպանել նրանց: Սակայն, իր կամքից անկախ պատճառներով, չի կարողացել իրականացնել իր հանցավոր դիտավորությունը:

Ա. Թադեւոսյանը մեղսագրված հանցանքներում իրեն մեղավոր չի ճանաչել եւ հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները: Ըստ մեղադրյալի մոր՝ Հայկանուշ Աթոյանի տեղեկության, որդուն՝ Ա. Թադեւոսյանին, դեռեւս 1996թ. ձմռանը Լեհաստանից վտարել են Բելառուս, եւ մինչեւ 1998 թ. նա բնակվել է այնտեղ, ինչպես նաեւ Ուկրաինայում: 1998 թ. նա տեղափոխվել եւ բնակություն է հաստատել Բուլղարիայում, որտեղ 2001թ. այդ երկրի իրավապահ մարմինների կողմից կալանավորվել է՝ վերոնշյալ մեղադրանքների հիման վրա: Մոր տեղեկացմամբ՝ 1 տարի 4 ամիս ապօրինի կալանքի տակ մնալուց հետո որդին ազատ է արձակվել՝ մեղսագրված հանցագործությունների մեջ իր մեղավորությունը չապացուցվելու պատճառով: Բուլղարիայի իրավապահ մարմինների կողմից կայացվել է համապատասխան որոշում եւ հաստատվել է, որ Թադեւոսյանը 1998թ. մարտի 15-ից մինչեւ ապրիլի 30-ը Լեհաստանում չի եղել:

Լեհաստանի իրավապահները 2006թ. ապրիլի 7-ին գործն ուղարկել են ՀՀ գլխավոր դատախազություն, իսկ գործի հետաքննությունն ընթացել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունում: «Սակայն նախաքննության ժամանակ գործով անցնող ոչ մի տուժող եւ վկա որդուս հետ լրացուցիչ ու առերես չի հարցաքննվել, իսկ Ա. Թադեւոսյանի կողմից իրեն առաջադրված մեղադրանքի շրջանակներում երեւան բերված բազմաթիվ պատճառաբանությունները, փաստարկները, «ալիբիներն» այդպես էլ առ այսօր մնացել են չպարզաբանված եւ չփարատված»,- ասում է կալանավորվածի մայրը:

ՀՀ դատախազության կողմից հարցումներին այս տարվա օգոստոսի 22-ին Լեհաստանի ազգային դատախազությունը պաշտոնական գրությամբ(R VI841-899/07/P) պատասխանել է, որ «որոշ վկաների ներկայություն հնարավոր չէ ապահովել, իսկ մնացածին հնարավոր չի եղել հայտնաբերել»: Ինչ վերաբերում է Բուլղարիա կատարած հարցմանը, ապա այնտեղից ընդհանրապես ոչ մի պատասխան չի ուղարկվել: «Ստացվում է այնպես, որ առանձնապես ծանր հանցագործություններով հարուցված քրգործով ՀՀ դատախազությունը եւ քննչական մարմինը, չհարցաքննելով տուժողներից եւ կարեւոր վկաներից որեւէ մեկին, 2007թ. նոյեմբերի 23-ին մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկել են դատարան, ինչը անհամատեղելի է ՀՀ քրեական դատավարության պահանջների հետ,- ասում է մեղադրյալի մայրը:- Այսինքն՝ եթե նախաքննական մարմինը, չունենալով հնարավորություն իմ որդուն մեկ տարուց ավելի պահել կալանքի տակ, ստիպված է եղել քրեական գործը հապճեպորեն ուղարկել դատարան, ապա վերջինիս, կալանքի տակ պահելու այդպիսի դատավարական ժամկետներ չունենալով, հանգիստ կարող է Արմեն Թադեւոսյանին ամիսներ եւ տարիներ շարունակ ապօրինի պահել մեկուսարանում, իսկ գործը թողնել իր վարույթում՝ անշարժ վիճակում»,- հավելում է տիկին Աթոյանը:

2008թ. հուլիսին դատական նիստի ժամանակ դատավոր Կ. Ղազարյանի հարցին, թե ինչ կարող են գրավադրել Արմեն Թադեւոսյանին կալանքից ազատելու համար, մայրն առաջարկել է իր անվամբ գրանցված Երեւան քաղաքի Էստոնական փողոցի 10 շենքի թիվ 6 հասցեում գտնվող 3 սենյականոց բնակարանը, որը «ԱԳ Բորսա» ՍՊԸ կողմից գնահատվել է 20 միլիոն դրամ: Այդ կապակցությամբ 2008թ. հուլիսի 27-ին Արմեն Թադեւոսյանի շահերի պաշտպան Վահագն Մանուկյանի կողմից հարուցվել է գրավոր միջնորդություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել