Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լրագրողները լրագրող չեն

Հոկտեմբեր 07,2008 00:00

Ռուսաստանի Ժուռնալիստների միությունը ռուս ժուռնալիստների՝ տարեցտարի որակազրկվելը պայմանավորում է նրանով, որ նրանց մեծ մասը ժուռնալիստական կրթություն չունի:

Սոչին Ռուսաստանի ամենաթանկ քաղաքներից է, այդուհանդերձ, անգամ աշնանը հյուրանոցները տուրիստներով լեփ-լեցուն էին: Սոչիում մատուցվող ծառայությունների ու ապրանքների գները գրեթե նույնն են, ինչ ամենաթանկ քաղաքներից մեկում՝ Մոսկվայում: Պատկերացնելու համար նշենք, որ անգամ ամենասովորական կարտոֆիլով կարկանդակը, որը Երեւանում 60 դրամ է, Սոչիում արժեր 25 ռուբլի, այսինքն՝ մոտ 300 դրամ: Թերեւս դա պայմանավորված է նրանով, որ Սոչին կուրորտային քաղաք է: Վերջերս այս քաղաքի հանդեպ զգալի բարձրացել է ներդրողների հետաքրքրությունը. Սոչիում մեկը մյուսի հետեւից վեր են խոյանում նոր հյուրանոցներ ու 20-25 հարկանի էլիտար շենքեր: Բանն այն է, որ Սոչին նախապատրաստվում է 2012 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին:

Այդ առիթով քաղաքում վերանորոգվում է ամեն ինչ՝ օդանավակայանից սկսած, հյուրանոցներով վերջացրած՝ համապատասխանեցվում է միջազգային չափանիշներին: Օլիմպիական խաղերը, ինչպես հայտնի է, ոչ միայն սպորտային տոն են, այլեւ բիզնես, որից Սոչիի իշխանությունները ծրագրել են հնարավորինս օգուտներ քաղել։ Նշենք, որ «Առավոտը» Սոչի էր մեկնել Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի նախաձեռնությամբ ու աջակցությամբ՝ մասնակցելու սեպտեմբերի 24-ից 29-ը Սոչիի Դագոմիս առողջարանային համալիրում տեղի ունեցող «Ռուսաստանի ժուռնալիստների 8-րդ միջազգային փառատոնին», որը կազմակերպել էր Ռուսաստանի ժուռնալիստների միությունը: Միջոցառմանը մասնակցում էին լրագրողներ Ռուսաստանի բոլոր մարզերից, ընդհանուր առմամբ մոտ 2500 լրագրող:

Փառատոնի ծրագիրը բավականին հագեցած էր: Լրագրողների պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու նպատակով միջոցառման կազմակերպիչների եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի նախաձեռնությամբ մի շարք ճանաչված փորձագետներ եւ լրագրողներ էին հրավիրվել՝ վարպետության դասեր անցկացնելու եւ իրենց ուսումնասիրության արդյունքները ներկայացնելու: Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամների ներկայացմամբ, իրենց երկրում տարեցտարի լրագրողները որակազրկվում են: Միությունը ուսումնասիրություն է կատարել ու պարզել, որ Ռուսաստանի լրագրողների շուրջ 80%-ը ժուռնալիստական կրթություն չունի:

Սեպտեմբերի 26-ին հյուրանոցի առաջին հարկում տեղի ունեցավ Լրատվամիջոցների ցուցահանդես, որին հիմնականում մասնակցում էին Ռուսաստանի տպագիր մամուլի ներկայացուցիչները:

Մեզ հետ զրույցում «Իրկուտսկ Վեչերնի» թերթի խմբագիր Ելենա Կիսիլյովան պատմեց, որ իրենց գործունեության 11 տարիներից շուրջ 9 տարին Իրկուտսկի իշխանությունների հետ կռիվների ու պայքարի մեջ են եղել: «Իրկուտսկ Վեչերնին» Իրկուտսկի ընդդիմադիր լրատվամիջոցներից է եւ, խմբագրի ներկայացմամբ, միակ հասարակական-քաղաքական ու ամենալավ սպառվող շաբաթաթերթն է. «Էլ դատախազությունն էր փորձում մեր գլխին ինչ-որ բան սարքել, էլ սպիտակ խալաթավորներն էին սանէպիդկայանից գալիս, մի խոսքով՝ ամեն ինչ անում էին, որ մեզ նեղեն: Բայց հետո իշխանությունները հասկացան, որ այնքան էլ հեշտ չէ լրատվամիջոցը հենց այնպես լիկվիդացնել, եւ հիմա սկսել են անկախ թերթերի հետ ընկերություն անել: Դա մեր կողմից լուրջ հաղթանակ էր: Եթե իշխանությունները վաճառում են պետական ունեցվածքը՝ մարդիկ այդ մասին պետք է անպայման իմանան: Իսկ մեր թերթն այն միակ լրատվամիջոցն է, որ այդ բոլոր խնդիրների մասին հրապարակում է»:

«Նարոդնայա գազետա Սոչի» թերթի խմբագիր Իլյա Նեդելկոյի ներկայացմամբ, իրենց թերթի ուշադրության կենտրոնում հիմնականում Սոչիի սոցիալական խնդիրներն են. «Քանի որ մեր քաղաքում շինարարությունը վերջին տարիներին արագ տեմպերով է աճում, մեզ մոտ սկսել են գլուխ բարձրացնել բնապահպանական խնդիրները: Սկսել են զանգվածային ծառահատումներ՝ հյուրանոցներ կառուցելու համար: Հենց այդ ամենի դեմ էլ պայքարում ենք: Հիմնական խնդիրներից է ծովի աղտոտումը, արտադրողներն իրենց թափոնները ծովն են լցնում: Սոչիից ոչ հեռու գտնվող Լաո եւ Բու գյուղերում խոզաբուծությամբ են զբաղվում եւ այդ ողջ արտաթորանքն ու թափոնները ծովն են լցնում: Իսկ հետո մարդիկ այդ ծովում լողում են, դա դիզենտերիայի աղբյուր է»:

Չեչնիայի «Վեստի ռեսպուբլիկի» թերթը պետական լրատվամիջոց է եւ ֆինանսավորվում է պետբյուջեից: Այդուհանդերձ, թերթի քաղաքականության բաժնի պատասխանատու խմբագիր Իսա Զակրիեւի խոսքերով, իրենց թերթում իշխանությունները խոսքի ազատության որեւէ սահմանափակում չեն դնում. «Մարդը կարող է տպագրվել եւ հանգիստ ասել՝ ինչ մտածում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել