Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑՈՒՄ ԵՆ ԳԵՐԴԱՍՏԱՆՆԵՐՈՎ

Հոկտեմբեր 07,2008 00:00

Վեդիի քաղաքապետի թեկնածուները հույսները դրել են իրենց բազմամարդ ազգուտակի վրա

Առաջին հայացքից Արարատի մարզի Վեդի քաղաքը հազարավոր խնդիրներ ու սոցիալապես անապահով բնակչություն ունեցող գյուղ է հիշեցնում: Չնայած դրան, Վեդիի քաղաքապետի աթոռը շատերին է հրապուրում: Կիրակի օրը՝ հոկտեմբերի 12-ին, քաղաքագլխի պաշտոնի համար կպայքարի 4 թեկնածու՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարուժան Բարսեղյանը, Հանրապետական կուսակցության մեկ այլ անդամ՝ կադաստրի Վեդու տարածքային ստորաբաժանման աշխատակից Սուրիկ Սաֆարյանը, անկուսակցական Սիսակ Սիմոնյանն ու քաղաքապետարանի ավագանու անդամ, դարձյալ անկուսակցական Վահրամ Շահինյանը: Մեր տեղեկություններով, մինչ թեկնածուների պաշտոնական առաջադրումը, քաղաքապետ դառնալու մտադրություն է ունեցել 12 հոգի, սակայն նրանցից ոմանք պարզապես հրաժարվել են գործող քաղաքապետի հետ պայքարի մեջ մտնելուց, իսկ ոմանք էլ փոշմանել են, քանի որ սուսուփուս մնալու պայմանով՝ նրանց քաղաքապետարանում պաշտոն են խոստացել:

Վեդիի քաղաքապետի պոտենցիալ թեկնածուներից յուրաքանչյուրի ծրագրերին ու մտադրություններին ծանոթանալու նպատակով՝ նախօրեին «Առավոտը» զրուցեց նրանց հետ: Մեր հարցին, թե ինչո՞ւ եք ուզում քաղաքապետ դառնալ, Ս. Սաֆարյանը պատասխանեց. «Ժողովուրդը հարկ է տալիս համայնքին, բայց չգիտի, թե այդ գումարներն ինչի համար են ծախսվում: Եթե ընտրվեմ՝ առաջին հերթին ստեղծելու եմ ուսուցիչների եւ վետերանների խորհուրդներ, իսկ տարին մեկ անգամ հաշվետվություն եմ տալու իմ ընտրողներին»: Մեզ հետ զրույցում Ս. Սաֆարյանն ասաց նաեւ, որ հույսը դրել է քաղաքի երիտասարդների մոտ 95%-ի ու իր մեծ գերդաստանի վրա. «Վեդին փոքր քաղաք է եւ 4 թեկնածուներս էլ մեր հույսը դրել ենք մեր շրջապատի, ընկերության ու գերդաստանների վրա, իհարկե՝ դեր է խաղալու նաեւ հեղինակությունը»:

Մեր այն հարցին, թե իշխանությունները երկու ՀՀԿ-ականներից ո՞ւմ են տվել իրենց «դաբրոն», Ս. Սաֆարյանը պատասխանեց. «Դաբրոյի» հասկացություն չկա, ճիշտ է՝ կուսակցության խորհրդի նիստում որոշել են պաշտպանել Վարուժան Բարսեղյանին, բայց ինձ էլ չեն խանգարի: Մինչ օրս որեւէ ճնշում չեմ նկատել»: Փոխարենը հանրապետականներից իր դժգոհությունը հայտնեց Վ. Շահինյանը. «Օգտագործելով վարչական ռեսուրսը, փորձել են ինձ վրա ճնշումներ բանեցնել, առաջարկել են, որ հանեմ թեկնածությունս: Զգացել եմ, որ այդ ալիքը գալիս է ՀՀԿ-ից, բայց, միեւնույն է, դա ինձ չի կանգնեցնի, շարունակելու եմ իմ պայքարը եւ հաղթելու ակնկալիքով գնալու եմ մինչեւ վերջ»: Վ. Շահինյանի ներկայացմամբ, իրենց քաղաքապետարանում հիմա լճացում է, քանի որ առողջ միջավայրի ու ճիշտ ղեկավարման բացակայության պատճառով քաղաքապետարանի աշխատակազմից մի քանի հոգի դուրս են եկել եւ հայտարարել, որ մասնակցելու են ընտրություններին եւ դեմ են դուրս գալու քաղաքապետ Վարուժան Բարսեղյանին, սակայն ինչ-ինչ պատճառներով նրանք իրենց թեկնածություններն այդպես էլ չառաջադրեցին:

Ինչ վերաբերում է նախկին դաշնակցական, իսկ ներկայումս անկուսակցական Ս. Սիմոնյանին, ապա, նրա կարծիքով, որեւէ մեկը չի համարձակվի իր ճանապարհին կանգնել. «Մինչ օրս դաշտն ինձ համար ազատ է, ոչ մի խոչընդոտ չի առաջացել: Չգիտեմ՝ մեր թիմի ուժեղ լինելո՞ւց է, որ չեն կարողանում արգելք հանդիսանալ, թե՞ համոզվել են, որ համարժեք պատասխան կտանք»: Ըստ նրա, թեեւ ինքն արդեն 4 տարի է՝ ինչ ՀՅԴ անդամ չէ, բայց Վեդիի դաշնակներն իրեն չեն դավաճանել: Ըստ Ս. Սիմոնյանի, իր պաշտոնավարման ժամանակ գործող քաղաքապետը «պարապ-սարապ» նստած է եղել. «9 տարի քաղաքապետ է, բայց ոչ մի բան չի արել: Թաղամասեր կան ընդհանրապես կանաչապատ տարածք չունեն, էլ չեմ ասում, որ 280 տնտեսություն ունեցող թաղամասում շուրջ 26 տարի է՝ կոյուղագիծ չկա, թե ուր են գնում կեղտաջրերը՝ Աստված գիտե: Իսկ բազմաբնակարան շենքերն ու քաղաքի ճանապարհները խիստ անմխիթար վիճակում են»:

Նշենք, որ հենց Ս. Սիմոնյանի շուրջն է հավաքվել ներկայիս քաղաքապետից դժգոհ, բողոքական ընտրազանգվածը: Մեզ չհաջողվեց զրուցել ներկայիս քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի հետ, քանի որ մեր այցելության պահին նա Ջերմուկում էր: Վեդեցիների ներկայացմամբ, ընտրողներին սիրաշահելու համար Վ. Բարսեղյանը վերջին 1 ամսում արդեն 2 փողոց է լուսավորել: Այն հանգամանքը, որ քաղաքապետը Վեդիում ձեւի համար գոնե մեկ գովազդային պաստառ չունի, ըստ մրցակիցների՝ պատճառն այն է, որ կամ նա արդեն «ապահովագրել» է իր աթոռը եւ մտահոգվելու առիթ չունի, կամ էլ գիտակցում է, որ պայքարն ավելորդ է եւ քաղաքապետարանից իրերն է հավաքում: Նշենք նաեւ, որ շատ վեդեցիներ հավաստիացնում էին, որ գործող քաղաքապետի հետ մրցելու եւ նույնիսկ նրան հաղթելու գրեթե հավասար հնարավորություններ ունեն 27-ամյա Ս. Սաֆարյանն ու Ս. Սիմոնյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել