Խոստանում է Սիսիանի քաղաքապետի թեկնածու Աղասի Հակոբջանյանը
Արդեն տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 12-ին Սիսիանի քաղաքապետի ընտրությունների կապակցությամբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կարծես «խաղեր է տալիս»՝ հայտարարելով, որ նախընտրում է թեկնածուներից Սամվել Թանգյանին, սակայն սիսիանցիները արդեն ունեն դառը փորձ, երբ մարզպետը կանգնելով այս կամ այն թեկնածուի կողքին՝ իրականում սատարում է իր հիմնական թեկնածուին: Երեկ «Առավոտի» թղթակիցը այցելեց Սիսիան, հանդիպեցինք Սիսիանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող բոլոր վեց թեկնածուների ներկայացուցիչներին, ծանոթացանք սիսիանցիների տրամադրություններին եւ պարզեցինք, որ սիսիանցիները այս անգամ չեն հավատում ո՛չ մարզպետին, ո՛չ գործող քաղաքապետին, ո՛չ էլ իշխանության հիմնական թեկնածուներին:
Քաղաքապետի վեց թեկնածուների թվում կան իշխող կոալիցիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ ՕԵԿ-ական Վազգեն Բաբայան, ՀՀԿ-ական Սամվել Թանգյան, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյան, նաեւ՝ գործող քաղաքապետ, իբր, անկուսակցական Լավրենտի Սարգսյանը, դաշնակցական Տիգրան Պողոսյան: Միակ ընդդիմադիր թեկնածուն է ՀՀՇ-ական Ռազմիկ Դանիելյանը:
Մեր այցի մասին առավել մանրամասն կպատմենք վաղվա համարում, իսկ մինչ այդ մի զավեշտական դեպք, որը տեղի է ունեցել վերջերս քաղաքապետի թեկնածու Աղասի Հակոբջանյանի եւ ընտրողների հանդիպման ժամանակ: Ընտրողներից մեկը հարց ուղղելով թեկնածուին՝ հայտարարել է, թե գործող քաղաքապետը՝ Լավրենտի Սարգսյանը, խոստացել է յուրաքանչյուր ձայնի համար ընտրողներին տալ 10 հազար դրամ, իսկ ինչքա՞ն է պատրաստվում մեկ ձայնի համար վճարել սիսիանցի մեծահարուստ Աղասի Հակոբջանյանը: Վերջինս էլ անկեղծորեն խոստովանել է. «Եթե Լավրենտին 10 հազար տա, ես 15 հազար կտամ»: