Մարտի 1-ին ծանր վիրավորված Արթուր Ավագյանը պաշտոնապես տուժող ճանաչվեց միայն սեպտեմբերի 2-ին՝ «Մարտի 1»-ի մայր գործով նախաքննության ավարտից 2 օր առաջ:
Թերեւս չկա մարտի 1-ի վերաբերյալ որեւէ տեսաֆիլմ կամ հոլովակ, որում առկա չլինի այս երիտասարդի պատկերը: Սա 22-ամյա Արթուր Ավագյանն է, որը մարտի 1-ին, ժամը 22:15-ին, շտապ օգնության մեքենայով բերվելով «Արմենիա» բժշկական կենտրոն՝ մի քանի օր անցկացրեց վերակենդանացման բաժանմունքում եւ ստացած վնասվածքների պատճառով անգամ չէր կարողացել պատասխանել քննիչների հարցերին: Հիվանդանոցում արձանագրվել էին ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Արթուր Ավագյանի վնասվածքները. «Պարանոցի եւ դեմքի հրազենային վնասվածք, տրավմատիկ շոկ, ձախ ենթածնոտային շրջանի պատռվածք վերք (հրազենային վերքի մուտք), աջ թշային շրջանի, վերին շրթունքի, բերանի աջ անկյան պատառոտված, ջնջխված վերք, հյուսվածքների արատ (հրազենային վերքի ելք): Լեզվի ենթալեզվային եւ թշային շրջանի լորձաթաղանթների պատառոտված եւ ջնջխված վերք… Ստորին ծնոտի հրազենային, բեկորային կոտրվածք ձախ անկյան շրջանում, ատամների լրիվ տեղաշարժով»: Արթուր Ավագյանի վիրահատությունը տեւել էր շուրջ 7 ժամ:
Դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետներն Արթուր Ավագյանին հետազոտել էին միայն մարտի 12-ին: Եվ արձանագրել էին, որ նա վերքերի եւ վնասվածքների պատճառով չի կարողանում բացել բերանը: Նաեւ նշել էին, թե հնարավոր չէ ասել՝ այդ հրազենային վերքերը գնդակայի՞ն են, կոտորակայի՞ն, թե՞ բեկորային:
«Մարտի 1»-ի գործի նյութերի համաձայն՝ Արթուր Ավագյանին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հարցաքննել է միայն մայիսի 23-ին: «Ես որեւէ կուսակցության անդամ չեմ եւ երբեւիցե որեւէ ցույցի կամ նման այլ միջոցառման չեմ մասնակցել»,- նշված է քննիչի արձանագրած ցուցմունքում, որը շարադրված է երիտասարդի պատմածով: Ըստ նրա՝ մարտի 1-ի երեկոյան հեռուստատեսությամբ տեղեկանալով ստեղծված իրավիճակի մասին՝ «հետաքրքրությունից ելնելով որոշեցի գնալ ցուցարարների մոտ, այսինքն՝ Գրիգոր Լուսավորչի փողոց»: Մի քանի րոպե կանգնել էր Մյասնիկյանի արձանի մոտ, հետո այլ ցուցարարների հետ գնացել դեպի Մաշտոցի պողոտայի խաչմերուկ, «որտեղից պայթյունի եւ բարձր աղմուկի ձայներ էին լսվում, եւ երեւում էր, որ նշված խաչմերուկի կամրջի վրա ավտոմեքենա է այրվում: Երբ գրեթե հասել էի «ձկան խանութի» շենքին՝ այդ պահին դեմքիս վրա ուժեղ ցավ զգացի, որի հետեւանքով կորցրել եմ գիտակցությունս: Ես գիտակցության եկա հաջորդ օրը՝ մարտի 2-ին»: Քննիչին պատմել էր, թե չի կարող ասել՝ ինչի եւ ում գործողությունների հետեւանքով է վիրավորվել, «քանի որ այդ պահը չեմ նկատել, վիրավորվել եմ վայրկյանի ընթացքում եւ ոչինչ չեմ հասկացել»:
Ցուցմունքը զգայական առումով բավական ժլատ է: Արթուր Ավագյանը հունիսի 6-ին հարցազրույց էր տվել «Ա1+»-ին եւ պատմել, որ հիշում է, թե ինչպես աչքի առջեւով լուսավոր մի բան անցավ՝ արագ ընթացքով: Հետո գլուխը սկսեց ցնցվել այնպես, կարծես ուր որ է պոկվելու է: Ապա հիշում է, որ երկու ձեռքով ամուր բռնել էր գլուխն ու ամբողջ ուժով գոռացել՝ հույսով, որ ցնցումները կդադարեն: Հետո զգացել էր, որ բերանն ինչ-որ բան է լցվում: Թքել էր սեփական ատամներն ու արյունը: Դրանից հետո չի հիշում, թե ինչ է կատարվել: Ըստ բժիշկների՝ երիտասարդին գտել էին Մարզահամերգային համալիրի մոտակայքից եւ տեղափոխել հիվանդանոց:
«Թե ում կողմից, ինչով եւ ինչ հանգամանքներում եմ հիվանդանոց տեղափոխվել՝ ես չեմ կարող ասել,- նշված է Արթուր Ավագյանի մայիսի 23-ի ցուցմունքում:- Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս եմ գրվել մարտի 22-ին, եւ ներկայումս վիճակս բարվոք է, թեեւ դեռ բուժման կարիք ունեմ»: Նրան փորձագետները եւս մեկ անգամ հետազոտել էին մայիսի 27-ին եւ արձանագրել, որ գանգատվում է գլխացավերից, քնի խանգարումից եւ այլն. «Դեմքի աջ կեսը ասիմետրիկ է՝ ի հաշիվ բերանի աջ անկյան տձեւ սպիների, լեզուն դուրս հանելիս թեքվում է դեպի աջ, լեզվի մեջքին առկա են բազմաթիվ տձեւ կարմրավուն գույնի սպիներ: Խոսում է ոչ հստակ, թլատ, անընդհատ առատ թքահոսությամբ, նշում է, որ կարողանում է կուլ տալ միայն հեղուկ սնունդ»:
Նշենք, որ Արթուր Ավագյանը մինչեւ մարտի 1-ն աշխատում էր ոսկերչական գործարանում՝ իբրեւ հավաքող բանվոր: Սակայն հետո այլեւս չի կարողացել աշխատել, քանի որ մասնագիտության բերումով պետք է անընդհատ գտնվեր փոշոտ պայմաններում, իսկ դեռեւս չսպիացած վերքերը դրա հնարավորությունը չէին տալիս:
Արթուր Ավագյանն այս գործով տուժող ճանաչվեց միայն մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 2-ին: Եվ իբրեւ տուժող հարցաքննության մեջ արդեն իր ձեռքով գրել է. «Չեմ ցանկանում այժմ նորից նշել դեպքի հանգամանքների մասին, քանի որ դրանք վերհիշելուց հայտնվում եմ հոգեբանական վատ վիճակում: Հրազենային վնասվածքը ստացել եմ ակնթարթների ընթացքում, վիրավորվել եմ ու չեմ գիտակցել, թե ինչ է տեղի ունեցել, վնասվածքն ինչպես կամ ինչ հանգամանքներում եւ ում կողմից եմ ստացել»: Եվ հավելել է. «Ես որեւէ մեկի նկատմամբ որեւէ բողոք կամ պահանջ չունեմ, քաղհայց չունեմ»:
Անցած ամիսներին միայն «Ա1+»-ն է հանդես եկել նախաձեռնությամբ (դրան արձագանքեց Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ կենտրոնը եւ Լոս Անջելեսի հայ ատամնաբույժների ասոցիացիան)՝ օգնել Արթուրին լիովին բուժվել. «Ավագյանի առողջությամբ չեն հետաքրքրվել իշխանությունները, այն մարդիկ, ում պլանավորած եւ իրականացրած «օպերացիայի» արդյունքում երիտասարդը դարձել է հաշմանդամ… Մարտի 1-ը շարունակվում է այնքան, քանի դեռ մեր կողքին անտարբերության են մատնված Արթուրը եւ նրա նման մարտի 1-ին տուժածները, քանի դեռ չի բացահայտվել հանցագործությունը եւ սեփական ժողովրդի վրա կրակողները պատասխանատվության չեն ենթարկվել»: