Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ՄԱՆԴԱՏԻՑ ՀՐԱԺԱՐՎԻ

Հոկտեմբեր 07,2008 00:00

\"\"Որքան էլ տարօրինակ է, բայց Կենտրոն համայնքի 15 ավագանիներից մեկը ՀՀՇ վարչության անդամ է

ՀՀՇ վարչության անդամ եւ երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Կարապետյանը միակն է Հայ ազգային կոնգրեսի 12 թեկնածուներից, ով անցած շաբաթ կայացած մայրաքաղաքի Կենտրոն համայնքի ընտրություններում ընտրվեց ավագանու անդամ: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ո՞րն էր նրա հաջողության գրավականը, երբ իր իսկ ընկերների ու թիմակիցների կողմից խոսվում էր կեղծիքների մասին: «Այո, այս ընտրություններն անցան համայնքային ընտրությունների համար աննախադեպ ընտրակեղծիքներով, ընդ որում՝ մինչեւ նախընտրական պայքարը: Օրինակ, Սուրեն Ներսիսյան անվամբ համատիրության նախագահը վերջին ամիսներին մասսայաբար զիջում էր բնակչության սպասարկման վարձերը՝ պայմանով, որ իրեն ընտրեն ավագանի, իսկ Գագիկ Բեգլարյանին՝ թաղապետ: Նորագյուղի տեղամասեր էին ներխուժել 30-40 զինված մարդիկ եւ ընդդիմության վստահված անձանց ու հանձնաժողովի ներկայացուցիչներին «դուրս հրավիրել» տեղամասերից, չենթարկվելու դեպքում սպառնացել են դաժան հաշվեհարդար տեսնել: Լրագրողների նկատմամբ նույնպես բռնություններ են եղել, խոչընդոտել են աշխատանքներին, բաց քվեարկություններ, լցոնումներ, քվեաթերթիկների «անվավերացում» եւ այլն: Այդ կեղծիքները տարածվել են նաեւ ավագանու ընտրությունների վրա, բնականաբար՝ կեղծվել են նաեւ իմ ստացած ձայները: Սակայն իմ ընտրվելը ոչ թե ինչ-որ մեկի բարի կամքը կամ քմահաճույքն էր, պարզապես իշխանությունն ընտրակեղծիքների իր հիմնական ռեսուրսը կենտրոնացրել էր Հայ ազգային կոնգրեսի թաղապետի թեկնածուի դեմ: Իմ ձայները չհասցրեցին այնքան կեղծել, որ պայքարից դուրս մնամ»,- ասաց մեր զրուցակիցը: Կենտրոն համայնքում ավագանիների թիվը 15-ն է, նրանցից 8-ը ՀՀԿ-ական է, մեկական՝ ՀՅԴ-ից, ԲՀԿ-ից, ԱՄ-ից, մյուս երկուսը՝ անկուսակցական: Վերջիններս, ընդ որում, առաջին նախագահի համակիր, այժմ փախուստի մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանի, այսպես ասած, թիմակիցներն են, ովքեր ընտրվել են ոչ Հայ ազգային Կոնգրեսի քվեով: Համենայնդեպս, ակնհայտ է, որ իշխանությունը մեծամասնություն է կազմում, հետեւաբար՝ ինչպե՞ս է պատկերացնում այդ կառույցում իր աշխատանքը ընդդիմադիր երիտասարդը. «Երբ մանդատ ստանամ՝ այդ ժամանակ էլ վերջնականապես կորոշեմ իմ հետագա քայլերը: Համենայնդեպս, որոշում կայացնելիս պետք է հաշվի առնեմ իմ ընտրողների շահերը եւ այնպիսի որոշում կայացնեմ, որպեսզի չվիրավորեմ նրանց: Չեմ բացառում, որ հրաժարվեմ մանդատից կամ գուցե գտնեմ աշխատանքի արդյունավետ տարբերակ»,- պարզաբանեց Կ. Կարապետյանը:

«Դա ընդամենը ելույթ էր, եւ ժողովրդին ու ինքն իրեն խաբելու փորձ՝ իբր երկրում դրական զարգացումներ են տեղի ունենում: Մինչդեռ 70-ից ավելի քաղբանտարկյալ դեռ բանտերում է, ամեն քայլափոխի ճնշվում է խոսքի ազատությունը: Ընդդիմադիր այս կամ այն գործչին երբեմն 30-40 րոպեանոց եթեր տրամադրելը դեռ խոսքի ազատություն չէ»,- Սերժ Սարգսյանի՝ ժողովրդին եւ ԱԺ-ին ուղղված ուղերձն այսպես է գնահատում երիտասարդ ընդդիմադիրը: Ի պատասխան մեր դիտարկման, որ նախընտրական եւ հետընտրական շրջանում ԱԱԾ-ն հաճախ էր «կարոտում» երիտասարդ ակտիվիստներին, մեր զրուցակիցը նկատեց, որ «կարոտի» դրսեւորումներն այժմ տեղափոխվել են ոստիկանության շարքերը, սակայն ոստիկանության «դաստիարակչական զրույցները» կամ «հայրական ապտակները» արդյունք չեն տալիս. «Մարդիկ ավելի են ոգեւորվում եւ վճռական են դառնում: Հայաստանում ձեւավորվում է քաղաքացիական հասարակություն, որտեղ մարդը լիովին գիտակցում է իր իրավունքները եւ պարտականությունները ու պատրաստ է դրանք պաշտպանելու համար պայքարել: Նաեւ, ի վերջո, պատռվեց կեղծ ընդդիմադիրների դիմակը»: Մեր զրուցակիցը պնդում է, որ երիտասարդներին հնարավոր չէ կոտրել, հակադարձելով «Առավոտի» դիտարկմանը, որ, ասենք, «Հիմա» շարժման ներկայացուցիչ Արսեն Խառատյանի նման ակտիվ պայքարող երիտասարդն, ի վերջո, խնդիրներ ունեցավ ուսումնական պրոցեսում եւ ստիպված եղավ հեռանալ Հայաստանից: «Երիտասարդներն ավելի ըմբոստ, անհանդուրժող եւ պայքարող են: Մի կարճ ժամանակահատվածի պասիվությունը չի նշանակում, որ պասիվացել ենք: Երիտասարդները դեռ ցույց կտան իրենց պայքարի ողջ ոգին»,- հավատացնում է ՀՀՇ երիտասարդական թեւի առաջնորդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել