Լրահոս
Օրվա լրահոսը

Վերականգնվում են մեր որմնանկարները

Հոկտեմբեր 04,2008 00:00

Դեռեւս խորհրդային տարիներից ճարտարապետներ, պրոֆեսորներ Ալպագո Նովելլոյի (Իտալիա) եւ Արմեն Զարյանի համագործակցության արդյունքում հայկական ճարտարապետությանը նվիրված 23 գիրք է տպագրվել եւ 5 համաշխարհային սիմպոզիում կազմակերպվել: Իտալիայից ժամանած ճարտարապետ-վերականգնող Գայանե Կազնատին, որն իր իտալացի եւ հայ գործընկերների հետ Մինասի «Թորոս Ռոսլինի ծնունդը» եւ Քոբայրի վանքի որմնանկարների վերականգնողական աշխատանքներն էր իրականացնում, «Առավոտին» հայտնեց, որ ինքն աշխատում է Իտալիայի հայկական մշակույթի ուսումնասիրման եւ վավերագրման կենտրոնում, որը հիմնել է պարոն Նովելլոն: Նախ հետաքրքրվեցինք, թե Գայանե անունով ո՞վ է իրեն կնքել: Մեր զրուցակիցը հայտնեց, որ իր մորական պապը եղեռնի վերապրողներից է, մայրը՝ Վերժինեն, ծնվել է Իտալիայում եւ հրատարակել է իր «Հայկական խոհանոց» գիրքը, հայրը՝ Կառլոն, իտալացի է, լավ գիտե հայկական մշակույթ: Գայանեն իր երեխաներին էլ է տվել հայկական անուններ՝ Օնիկ եւ Հայկ:

Անդրադառնալով որմնանկարների վերականգնողական աշխատանքներին՝ Գ. Կազնատին նշեց, որ Ֆաբրիցիո Յակոբինի, Դանիելա Վալենտինի, Աննա Լուքինի, Քրիստիան Դումիտրանայի եւ հայ մասնագետների կողմից վերոհիշյալ որմնանկարների վերականգնման երկու փուլերն ավարտվել են, իտալացիները մեկնել են, իսկ հայ մասնագետները շարունակում են աշխատանքները: Այս օրերին Հայաստանում են Իտալիայի ԱԳՆ երկու ներկայացուցիչ, որոնց նպատակն է ուսումնասիրել եւ ծանոթանալ հայկական ճարտարապետությանը ու տարվող վերականգնողական աշխատանքներին եւ այդ բնագավառում մեծացնել համատեղ աշխատանքների ծավալը. «Իսկ որ ամենակարեւորն է, առաջիկայում տարածաշրջանում առաջին անգամ Հայաստանում հիմնել որմնանկարների վերականգնողական դպրոց»:

Հետաքրքրությանը, թե չունենալով որմնանկարներ վերականգնող մասնագետներ, ովքե՞ր են ընդգրկված այդ աշխատանքներում եւ ի՞նչ ֆինանսական միջոցներով են իրականացվում դրանք, տիկին Կազնատին տեղեկացրեց, որ վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանում Իտալիայի դեսպանատան աջակցությամբ վերապատրաստվել է 5 մասնագետ, որից 4-ը՝ վերականգնող, 1-ը՝ հնագետ, ինչ վերաբերում է ֆինանսական մասին, դրանք հոգում են ե՛ւ իտալական, ե՛ւ հայկական կողմերը:

Գայանե Կազնատին հավաստիացրեց, որ վերականգնողական աշխատանքներն է՛լ ավելի թափ կստանան, հիշեցնելով, որ Իտալիայի հայկական մշակույթի ուսումնասիրման եւ վավերագրման կենտրոնի օգնությամբ երկրաշարժից հետո վերանորոգվել է Մարմարաշենի վանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել