Երեկ նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը
Երեկ ՄԱԱ-ում կազմակերպված «Քաղաքական ընդդիմության կայացման միտումները, զարգացման հնարավորություններն ու խոչընդոտները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ելույթ ունեցան ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը, Քաղաքագետների միության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը եւ այլք: Լ. Ալավերդյանի խոսքերով՝ ընտրված թեման օրհասական է ու դեռ երկար ժամանակ այդպես է լինելու. «Հարցն այն է, որ քաղաքական ընդդիմությունը չի կայանում, չի տալիս այնպիսի ազդանշաններ, որ ավելի բարելավված է, քան եղել է»: Լ. Ալավերդյանը ողջունելի համարեց խոշոր միավորումներ ստեղծելու գաղափարները. «Հաճախ ասում են՝ ինչո՞ւ «Ժառանգությունը» չի մտնում Կոնգրեսի մեջ, բայց, իմ կարծիքով, զուտ միավորումները չպետք է լինեն ուղղակի միասնական կամ մեկ մարմնի մեջ միավորվելու ճանապարհով: Ընդդիմությունը պետք է հանդես գա իր ուրույն առանձնահատկությունները պահպանող քաղաքական ուժերով եւ միավորվի այն դեպքում, երբ հասարակական պահանջարկն ու ժողովրդի բողոքը հասունացած են»:
Ըստ Հ. Հովհաննիսյանի, ընդդիմություն լինելը մեզանում դարձել է անեծք. «Եթե ուզում ես մարդուն անիծել, պիտի ասես՝ ցանկանում եմ լինես ընդդիմություն: Այսպես է, որովհետեւ ընդդիմությունը ինստիտուտ չի դարձել… Մեր ԱԺ նախագահի ընտրությունների ժամանակ ԱԺ-ում ստեղծված իրավիճակն ինձ հիշեցրեց Խորհրդային միության ժողովրդական պատգամավորների առաջին համագումարը»: Հ. Հովհաննիսյանն, անդրադառնալով երրորդ ուժի ձեւավորմանը, ասաց, որ այդ թեմայով խոսակցություններն աբսուրդ են. «Եթե խոսքը ժողովրդավարական քաղաքական համակարգի մասին է, ապա կա երկու ինստիտուտ, երկու քաղաքական հնարավոր դիրքորոշում, իսկ երրորդ ուժը դա արբիտրն է, որի դերում էլ՝ հասարակությունը: Ընդդիմությունը երբեմն փորձում է յուրացնել հասարակության ֆունկցիաները, ինչը նույնպես անթույլատրելի է: Օրինակ, հանրային հետաքննություն մարտի 1-ի իրադարձություններին՝ դա ամենեւին ընդդիմության գործը չէ: Մեր քաղաքական ուժերը տարերայնորեն փորձում են իրենց վերագրել իրավունք՝ խոսել երրորդ ուժի անունից: Կրկնում եմ, երրորդ ուժը հասարակությունն է, որն էլ մասամբ կուսակցականացված, բայց լայն շրջապատով քաղաքականացված է»: