Խոսքը նախկին սոցապ նախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Ռազմիկ Մարտիրոսյանի մասին է
– Պարոն Մարտիրոսյան, իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, որ առաջիկայում Դուք պատրաստվում եք համալրել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության շարքերը:
– Ես աշխարհի ամենաանշտապ ապրող մարդն եմ եւ երբեք հապճեպ որոշումներ այլեւս չեմ կայացնում: Վերջերս հանդիպել եմ ՍԴՀԿ երիտասարդական խմբի հետ, բայց՝ որպես հասարակագետ: Վերջին շրջանում ես ավելի ակտիվորեն եմ զբաղվում հասարակագիտությամբ եւ, բնականաբար, ինձ հետաքրքրում են բոլոր այն երեւույթները, որ տեղի են ունենում հասարակության մեջ, այդ թվում՝ թե իշխանական, թե ընդդիմադիր թեւերում: Այս առումով այդ հանդիպումը հարմար առիթ էր նաեւ դիտարկումներ կատարելու՝ ընդդիմադիր կեցվածք ունեցող երիտասարդության շրջանում: Մյուս կողմից՝ ինձ համար շատ էական են բարոյական խնդիրները: Ուստի եթե ես այդպիսի որոշում կայացնեմ, ապա առաջինը կիմանա իմ կուսակցությունը: Այդպիսի որոշում ես չեմ կայացրել: Իմ մասնագիտական հետաքրքրությունը կարող է առաջացնել տպավորություն, բայց իմ ուսումնասիրությունները չեն կարող սահմանափակվել հասարակության մի մասով: Որպեսզի ամբողջական պատկեր ստանամ, բնականաբար, ես շատ ակտիվ շփումներ ունեմ՝ ընկերային, անձնական մակարդակով, ընդդիմության թեւի ներկայացուցիչների հետ:
– Ինչո՞վ էր պայմանավորված հատկապես ՍԴՀԿ երիտասարդների հետ հանդիպումը:
– Այդ երիտասարդների խումբը բավականին ակտիվ է: Ընդհանրապես, իմ դիտարկումների շարքում էական տեղ են զբաղեցնում երիտասարդության շրջանում տեղի ունեցող գործընթացները: Քաղաքականապես ակտիվ են հենց ուսանող երիտասարդները, ուստի լուծումները պետք է փնտրենք բուհերում: Իսկ ինչպիսի՞ բարոյահոգեբանական միջավայրում են ապրում մեր ուսանողները: Սկսած ընդունելության քննություններից՝ էականորեն խաթարված է մրցակցային սկզբունքը. առանձին մասնագիտությունների գծով, ըստ իմ դիտարկումների, մրցույթին մասնակցել են, ասենք, 200 տեղ ունեցող մասնագիտության ընդամենը 10%-ը՝ 2005-ին, 25%-ը՝ 2006-ին, մնացած մասն ընդունվել է արտամրցութային կարգով: Գումարած նաեւ քննաշրջանների ընթացքում տեղի ունեցող երեւույթները՝ այս բոլորը երիտասարդության մի մեծ խմբի մոտ առաջացնում են անարդար պետության եւ անհեռանկար հասարակության մտապատկերներ, որոնց հետեւանքով մենք ունենում ենք ընկճված երիտասարդություն: Դա իր հերթին ազդեցություն է թողնում նաեւ կրթության որակի վրա: Եվ այս մտապատկերների ձեւավորումն այս միջավայրում հանգեցնում է նրան՝ ինչ հիմա ունենք: Հիմա մեր խնդիրը պետք է լինի իրական քայլերի միջոցով փոխել այդ մտապատկերները: Եթե այդ խնդիրները չլուծենք՝ մեզ համար միշտ անհասկանալի կմնա երիտասարդության մի մեծ հատվածի վարքագիծը:
– Իբրեւ հասարակագետ՝ ունե՞ք դիտարկումներ, թե ինչո՞ւ ձեր կուսակցությունը, որն իշխանություն է, քայլեր չի անում ընդդիմությանն ընդառաջ, ինչը կարող էր հանգեցնել հասարակական լարվածության թուլացմանը:
– Այո, ես ունեմ դիտարկումներ ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական ոլորտների, կրթության ոլորտի խորը ուսումնասիրություններ ունեմ, բայց չէի ցանկանա կիսատ-պռատ բաներ ասել: Ես ձեր հարցին պետք է պատասխանեմ որպես հասարակագետ եւ ոչ թե ՀՀԿ խորհրդի անդամ, իսկ մասնագիտական մոտեցումը մեծ ծավալ է պահանջում:
– Ձեր քաղաքական դիտարկումների հիմնական մեխերը գոնե ներկայացրեք:
– Արտաքին դրսեւորումներն ընդամենը հետեւանք են փոփոխվող հասարակության մեջ տեղի ունեցող խորը գործընթացների: Եվ մեկ բառով ասելն արդյունավետ չի լինի: Համեմատության համար բերեմ հետեւյալը՝ հատկապես վերջին շրջանում եթերով, մամուլով անընդհատ խոսվում է կոռուպցիայի, մասնավորապես՝ կաշառակերության մասին: Դրա հետեւանքով կոռուպցիան սահմանափակվում է ընդամենը կաշառակերության պատկերացումով, որը խանգարում է բուն երեւույթի ընկալմանը, հետեւաբար, միայն կաշառակերության դեմ, այսպես կոչված, պայքարելով՝ հնարավոր չէ վերացնել ոչ կաշառակերությունը, ոչ էլ կոռուպցիան ընդհանրապես: Դրա համար չեմ ցանկանում հիմա հերթական հերթապահ պատասխաններով բավարարվել: Ի դեպ, այսօր էականորեն աղավաղվում եւ այլասերվում է նաեւ հայերենը, որը պատժելու է հայերին:
– Իսկ փորձե՞լ եք Ձեր դիտարկումները բարձրաձայնել Ձեր կուսակցությունում:
– Այո, առաջարկել եմ:
– Եվ ի՞նչ արձագանք եք ստացել:
– Հուսամ, որ առաջիկայում կստանամ:
– Հասարակագետ Ռազմիկ Մարտիրոսյանը չի՞ հակասում ՀՀԿ խորհրդի անդամ Ռազմիկ Մարտիրոսյանին:
– Գոնե առայժմ՝ ոչ: Կուսակցություններն էլ, այդ թվում նաեւ ՀՀԿ-ն, ենթարկվում են որոշակի օրինաչափությունների: Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն այսօր ունեն հասարակագետի կարիք: Առանց խորը գիտակցելու ու ճանաչելու այն օրինաչափությունները, որոնք գործում են հասարակության միջավայրում, հնարավոր չէ կառուցել ներդաշնակ հասարակություն: Ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ ընդդիմությունը անհատների կենսափորձով չեն կարող դա անել: