Անհայտ կորած անձանց երկար ցուցակից կարելի է ենթադրել, որ զոհվածների վերաբերյալ պաշտոնական տվյալները կարող են թերի ներկայացված լինել:
Թբիլիսիի Մուխատգվերդի գերեզմանատան շիրիմների երկար շարքի վրա գրված է՝ «Անհայտ զինվոր»: Այստեղ թաղված են օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած հնգօրյա պատերազմում զոհվածները: Կան նաեւ շիրմաքարեր, որոնց վրա ոչ թե անուններ են գրված, այլ երկնիշ թվեր. այնուամենայնիվ, սգացող մարդիկ գերեզմաններին ծաղկեփնջեր են դնում:
«Զոհված կամ անհայտ կորած զինվորների ծնողները, ինչպես նաեւ ողջ մնացած զինվորները եւ պարզապես հասարակ մարդիկ ամեն օր այստեղ են գալիս ու սգում շիրիմների կողքին»,- ասում է գերեզմանատան աշխատակից Օթար Մեպարիշվիլին,- «Ես երբեք այդքան շատ արտասվող տղամարդկանց չէի տեսել»:
Մելիաների ընտանիքը, որ փախստական է դարձել 1992-93թթ. Աբխազիայի պատերազմից հետո, գերեզմանատուն է գալիս սգալու իր կորուսյալ որդու՝ լեյտենանտ Սերգո Մելիայի մահը: Նրա ընկերները հայտնեցին իրենց, որ նա զոհվել է: Ավելի ուշ նրանք տեսան Սերգոյի մարմինը Ցխինվալիում նկարահանված կադրերում, որ ցուցադրվում էին ռուսական «ՆՏՎ» հեռուստաալիքով, բայց այդպես էլ չկարողացան ստանալ նրա մարմինը:
Մելիաների ընտանիքը եւ անհայտ կորած այլ զինվորների ծնողները անհամբեր սպասում են ԴՆԹ ստուգումների արդյունքներին, որից հետո գերեզմանատան 53 անհայտ շիրիմներին արդեն անուններ կհայտնվեն:
Վրաց փորձագետ Պաատա Զաքարեիշվիլին, որ աշխատել է վրաց-աբխազական հակամարտության եւ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ անհայտ կորած անձանց փնտրող հանձնաժողովներում, ասում է. «Ընդամենը մի քանի օր տեւած պատերազմի արդյունքում 53 անհայտ կորած զինվորները չափազանց մեծ թիվ են կազմում: Տարիներ շարունակվող վրաց-աբխազական հակամարտությունից հետո անհայտ կորածներն ավելի քիչ էին, քան հիմա: Ավելին, այսօր վրացական բանակը շատ ավելի լավ է սպառազինված, քան այն ժամանակ: Այս անգամ վրացի բոլոր զինվորները պետք է առնվազն անձը հաստատող երկուական հրակայուն կրծքանշաններ ունենային: Բացի այդ, ռազմադաշտ մեկնող բոլոր մարդիկ միշտ իրենց մոտ իրենց համար թանկ որեւէ բան են ունենում՝ օրինակ՝ սրբապատկերներ, լուսանկարներ կամ նամակներ: Այս ամենը հաշվի առնելով, զարմանում եմ, որ այսքան շատ են չճանաչված զինվորները»:
Վրաստանի պաշտոնյաները տարբեր թվեր են նշում հակամարտության արդյունքում անհայտ կորած զինվորների վերաբերյալ, պաշտոնական տվյալներ դեռեւս չկան:
Գիվի Թարգամաձեն, որ համակարգում է Վրաստանի խորհրդարանի՝ զոհված եւ անհայտ կորած անձանց փնտրող հանձնաժողովը, ասում է, որ տվյալներ ունի դեռեւս անհայտ կորած համարվող 70 զինվորների եւ հարյուրավոր քաղաքացիական բնակիչների մասին: «Ներքին գործերի նախարարությունը նման կորուստներ չի կրել»,- ասում է նա,- «Ինչ վերաբերում է քաղաքացիական բնակչության զոհերին, նրանց թիվը հնարավոր կլինի հաշվել միայն վրացական գյուղերից ու քաղաքներից ռուս զավթիչների հեռանալուց հետո»:
Կառավարական հանձնաժողովի հաղորդմամբ, օգոստոսյան պատերազմի արդյունքում զոհվածների թիվն օրեցօր աճում է: Հանձնաժողովի առաջին հաշվետվության մեջ նշվում էր 1500 վիրավոր եւ 215 զոհված զինվորների, այդ թվում ՆԳՆ՝ 13, պաշտպանության նախարարության՝ 133 զինվորների եւ 69 քաղաքացիական անձանց մասին: Իսկ իր վերջին հաշվետվության մեջ հանձնաժողովը խոսում է ավելի քան 300 զոհերի մասին:
Թարգամաձեի խոսքերով՝ «կեղծ ասեկոսեները դիտավորյալ են տարածվել»: «Ասում են, թե մենք հազարավոր քաղաքացիներ ենք կորցրել, դա սուտ է»,- ասում է նա,- «Մենք պետք է վերջ դնենք նման ասեկոսեներին, քանի որ մեր կրած կորուստներն ինքնին մեծ ցավ են պատճառում մեզ»:
Քննադատների կարծիքով, կառավարությունն ինքն է նպաստում ասեկոսեների առաջացմանը: «Նրանք թվեր են նշում, այլ ոչ թե անուններ ու ազգանուններ»,- ասում է խորհրդարանում չներկայացված ընդդիմադիր Պահպանողական կուսակցության ղեկավար Զվիադ Ձիձիգուրին: «Սպանվածների անձը դեռեւս հաստատված չէ: Կարծում եմ՝ նրանք այդպես են վարվում անհայտ կորածների ընտանիքներին հույս տալու նպատակով: Ահա թե ինչպես են թաքցնում զոհերի իրական թիվը»:
Ձիձիգուրիի խոսքերով, ընդդիմադիր կուսակցությունները խնդրել են իրենց տրամադրել զոհված զինվորների ցուցակները, սակայն՝ ապարդյուն:
Լեւան Բերձենիշվիլին՝ ընդդիմադիր Հանրապետական կուսակցության առաջնորդներից մեկը, այլ հարցում է քննադատում կորած անձանց հարցերով զբաղվող կառավարական հանձնաժողովին: «Ինչո՞ւ կորուստների մասին խոսելիս հանձնաժողովը երբեք չի նշում Ցխինվալիի շրջանի բնակչության զոհերի մասին, ովքեր նույնպես մեր երկրի քաղաքացիներն են հանդիսանում»,- ասում է նա:
Ի պատասխան այս մեղադրանքների՝ վերաինտեգրման հարցերով պետական նախարարի տեղակալ Էլենե Թեւդորաձեն ասում է. «Ես համաձայն եմ ընդդիմության հետ՝ այդ զոհերը նույնպես մերն են: Մեր սիրտը ցավում է յուրաքանչյուր քաղաքացու համար: Ցավոք, ներկա պահին մենք չենք կարող ճշտել մեր կողմից չվերահսկվող տարածքում զոհվածների թիվը: Այդ պատճառով չենք կարող կոնկրետ թվեր ներկայացնել»:
Կառավարությունը «թեժ գիծ» է բացել՝ անհայտ կորած անձանց հարազատներին տեղեկատվություն տրամադրելու նպատակով:
«Ըստ մեր տվյալների բազայի, օգոստոսյան իրադարձությունների ժամանակ կորած 1122 անձանց դեռեւս փնտրում են, սակայն մեր ստացած հեռախոսազանգերի թիվն անհամեմատ ավելի մեծ է»,- ասում է խորհրդարանական պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Դավիթ Չաչնիձեն,-«Անհայտ կորածների թվում են 188 զինվոր, 22 ոստիկան, մնացածը քաղաքացիական անձինք են»:
Գորիում հազարավոր տեղահանված մարդիկ դեռեւս ապրում են ճամբարում տեղադրված վրաններում: Գրեթե յուրաքանչյուր ընտանիք կարող է պատմել իր կորցրած հարազատի մասին: Նրանց մեծ մասի մտքով անգամ չի անցել օգտվել «թեժ գծից»:
Երբ 25-ամյա Լաշան կորավ Ախալգորիում, նրա հարազատները չդիմեցին կառավարությանը, որպեսզի գտնեն նրան:
Ցխինվալիի օսեթ բնակիչների օգնությամբ, 4 հազար դոլար փրկագին վճարելուց հետո, նա ողջ-առողջ տուն վերադարձավ՝ գերության մեջ չորս օր անցկացնելուց հետո:
Լաշայի հայրն ասում է, որ իրեն ընդամենը մի քան ժամ էին տվել որդուն ազատելու համար, այդ պատճառով ինքը նախընտրեց չդիմել կառավարության օգնությանը: Լաշայի նման մարդիկ, ինչպես նաեւ ճամբարային վրաններում ապրող մարդկանց կորած հարազատները չեն ընդգրկվել պաշտոնական ցուցակներում:
Փախստականների եւ վերաբնակեցման հարցերով զբաղվող նախարարությունը նույնպես ցուցակներ է կազմում, որոնց հիման վրա անհայտ կորած անձանց ընտանիքները սոցիալական նպաստներ ստանալու իրավունք կստանան: Նախարարության տվյալներով, անհայտ կորած է համարվում 1800 մարդ, թեեւ պաշտոնապես որպես անհայտ կորած գրանցվելը ավելի բարդ իրավական ընթացակարգ է պահանջում:
«Հակամարտության ընթացքում սպանվածների կամ անհայտ կորածների հարազատներից շատերը չափազանց մեծ վիշտ են ապրում, որպեսզի դիմեն կառավարությանը՝ խոստացված սոցիալական նպաստը ստանալու համար: Միակ բանը, որ նրանք ցանկանում են՝ ճշմարտությունը պարզելն է, որքան էլ այն ցավալի լինի իրենց համար»,- ասում է փորձագետ Պաատա Զաքարեիշվիլին: «Այս ոլորտում աշխատելու ընթացքում ես հազվադեպ եմ հանդիպել ծնողների, ովքեր գերադասում էին հավերժ սպասել իրենց երեխաներին՝ դառը ճշմարտությունն իմանալու փոխարեն»,- ասում է նա:
Զաքարեիշվիլին համոզված է, որ կառավարությունը փորձում է դանդաղ նախապատրաստել հասարակությանը պատերազմի սարսափելի հետեւանքներին:
«Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի դժվար կլինի փնտրել անհայտ կորածներին»,- ասում է նա: «Կարծում եմ, որ կորուստներն այնքան մեծ չեն, ինչպես թվում է շրջանառվող լուրերից, սակայն դրանք հաստատ այնքան քիչ չեն, ինչպես ներկայացնում են իշխանությունները: Ասեկոսեները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չներկայացնեն սպանվածների անունները»:
Պաշտպանության նախարարությունն ասում է, որ զոհված զինվորների ԴՆԹ նմուշների համադրությունը երկարատեւ գործընթաց է: Դա նշանակում է, որ օգոստոսին զոհված զինվորները, որ թաղված են Մուխատգվերդի գերեզմանատան պատվո շիրիմներում, որոշ ժամանակ դեռ անանուն կմնան:
Նատիա Կուպրաշվիլին IWPR-ի կողմից վերապատրաստված լրագրող է Թբիլիսիից: Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net):