Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սահմանադրական փոփոխություններ՝ ընդդեմ ՌԴ-ի եւ հանուն ԱՄՆ-ի

Հոկտեմբեր 04,2008 00:00

Վիլնյուսը ձգտում է օրինականացնել ամերիկյան ռազմակայանների ներկայությունը

Որեւէ մեկը կասկած չուներ, որ ռուս-վրացական հակամարտությունն ու, մասնավորապես, այդ հակամարտության շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումներն անհետեւանք չեն մնալու՝ նշանավորելով նոր սառը պատերազմի սկիզբը: Բայց որ «սառեցման» գործընթացներն ու Ռուսաստանը եզերող տարածաշրջաններում նոր բաժանարար գծերի առաջացումը կընթանար այսչափ սրընթաց տեմպերով, իրոք դժվար էր կանխատեսել: Վերջին օրերին Լիտվայում բուռն քննարկումներ են ընթանում երկրի տարածքում ամերիկյան ռազմակայանների տեղակայման համար համապատասխան օրենսդրական բազա մշակելու շուրջ: Բանն այն է, որ Լիտվայի սահմանադրությունն արգելում է որեւէ կարգավիճակով օտարերկրյա զորամիավորումների ներկայությունը հանրապետության ներսում: Լիտվացի պաշտոնատարների համոզմամբ, սակայն, «մեծապետական ահագնացող ամբիցիաներ ցուցաբերող» Ռուսաստանից բխող վտանգն այսօր շատ ավելի մտահոգիչ է, քան երկրի օրենսդրության հարուցած դժվարությունները, ինչը, ի դեպ, կարելի է հարթել հենց նույն սահմանադրության ընձեռած հնարավորությունների շրջանակներում:

Հետաքրքիր մի հանգամանք. ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ծագած լարվածությունը, ըստ էության, սկզբնավորվում է ոչ թե հարավօսեթական վերջին իրադարձություններից, այլ Արեւելյան Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի տեղադրման՝ Վաշինգտոնի նախաձեռնության հայտնի դառնալու պահից: Այսինքն՝ Մոսկվայի անհանգստությունը ոչ թե ամիսների, այլ տարիների պատմություն ունի: Մինչդեռ, արի ու տես, որ Արեւմուտքից նեղացած Ռուսաստանի չափազանց բուռն հակազդեցությունը Վրաստանին այդ առումով միանգամայն հակառակ արդյունքը կարող է ունենալ, քանի որ Վիլնյուսը ոչ միայն ցանկանում է օրինականացնել Լիտվայում ամերիկյան զորակայանների տեղակայումը, այլ նաեւ մտադիր է դիմել Վաշինգտոնին՝ իր տարածքում եւս ՀՀՊ տարրեր տեղակայելու առաջարկով: Ստացվում է, որ միջազգային այս ողջ քաշքշուկների ու խառնաշփոթի արդյունքում ամերիկյան հակահրթիռային կայանքները կարող են պարզապես Լեհաստանի ու Չեխիայի փոխարեն հանգրվանել՝ ոչ ավել, ոչ պակաս, Ռուսաստանին անմիջականորեն սահմանակից տարածքներում:

Օրերս հայտնի դարձավ, որ Լիտվայի խորհրդարանի պատգամավորներն արդեն իսկ սկսել են համապատասխան պրոֆիլային հանձնաժողովներում քննարկել երկրի սահմանադրությունը փոփոխելուն միտված օրինագծերի փաթեթը: Ոշագրավ է այդ փաթեթին կից շրջանառված պաշտոնական բացատրագրի տեքստը, որից մեջբերենք մի հատված. «Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններն ու նոր «սառը պատերազմի» սպառնալիքը ցույց տվեցին, որ Ռուսաստանին սահմանակից երկրներին եւս ռեալ վտանգ է սպառնում: Այդ համատեքստում Լիտվայի Հանրապետության պաշտպանության ամրապնդման խնդիրն առաջնահերթ կարեւորություն է ձեռք բերում: Ուստի՝ մենք պարտավոր ենք անհապաղ վերանայել, լրացնել եւ փոխհամաձայնեցնել պաշտպանության ոլորտը կանոնակարգող բոլոր օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը»:

Հատկանշական է, որ Լիտվայում ամերիկյան ռազմաբազաների տեղակայման օրինականացման գործընթացներ են տեղի ունենում ոչ միայն խորհրդարանական հարթությունում: Մի քանի օր առաջ այդ հարցը Վաշինգտոնում քննարկել են ԱՄՆ-ի եւ Լիտվայի նախագահներ Ջորջ Բուշը եւ Վալդաս Ադամկուսը: Վերջիններիս հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ Լիտվայի նախագահը հայտարարել է. «Մեր հարեւանը թող իմանա, որ մենք միայնակ չենք»: Ադամկուսը շնորհակալություն է հայտնել ամերիկացի իր գործընկերոջն ու ընդգծել, որ «առանց Միացյալ Նահանգների աջակցության, մերձբալթյան տարածաշրջանի անվտանգության ապահովումը կհայտնվեր հարցականի տակ»:

Որոշ վերլուծաբաններ նկատել են տալիս, որ Լիտվայի սահմանադրության փոփոխումն ու այդպիսով՝ երկրի տարածքում ամերիկյան ռազմակայանների լեգալ ներկայության ապահովման համար կանաչ լույս վառելը իրականության մեջ շատ բան չի փոխի, քանի որ այդ երկրում դեռեւս 2004 թվականից բազավորված է ՆԱՏՕ-ին պատկանող կործանիչների մի լուրջ խմբաքանակ, որն ապահովում է մերձբալթյան բոլոր երեք էքսխորհրդային հանրապետությունների օդային տարածքների անվտանգությունը: Նշվում է, որ նոր օրենսդրությունն ընդամենը կօրինականացնի վաղուց կայացած փաստը: Մինչդեռ ակնհայտ է, որ Վիլնյուսի այս նոր դեմարշը նախ եւ առաջ ընդգծված քաղաքական ենթատեքստ ունի, որի նպատակն է հստակ «պրոֆիլակտիկ» ազդանշաններ ուղղել Մոսկվային: Բացի այդ, տվյալ դեպքում խոսքը ոչ թե ՆԱՏՕ-ի, այլ բացառապես ամերիկյան ռազմակայանների մասին է, ինչը սկզբունքորեն փոխում է իրավիճակն ու լարվածության նոր՝ առավել լուրջ օջախների առաջացման ռիսկեր առաջացնում:

Իսկ այս ընթացքում ամերիկյան պաշտոնատարները հավաստիացնում են, որ նոր «սառը պատերազմի» մասին լուրերը խիստ չափազանցված են: Ուշագրավ է Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսի՝ օրերս արած այն հայտարարությունը, թե Ռուսաստանի կողմից վրացական բանակի ճնշումն ամենեւին էլ չի նշանակում, թե ԱՄՆ-ն պետք է նախապատրաստվի «սառը պատերազմի»: Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության ղեկավարի համոզմամբ, ռուսական բանակը զգալիորեն բարելավվել է, սակայն «իր խորհրդային նախորդի սոսկ ստվերն է»: «Վերջին 15 տարիների ընթացքում Ռուսաստանի նավատորմը ջուրն է իջեցրել ընդամենը երկու նոր լուրջ մարտանավ»,- ասել է Գեյթսը: Նրա խոսքերով, Ռուսաստանը որոշակի խնդիրներ է առաջացնում Միացյալ Նահանգների համար, «սակայն դրանք շատ են տարբերվում այն խնդիրներից, որոնք եղել են նախկինում»: «Հիշեք, որ Ռուսաստանը ղեկավարվում է անցյալի նվաստացումներից ձերբազատվելու ցանկությամբ եւ իր սահմանների մոտ գերիշխելու մտադրությամբ, այլ ոչ թե՝ աշխարհին տիրելու գաղափարական արշավով»,- ասել է Պենտագոնի ղեկավարը:

Թե որքանով է պատճառաբանված Գեյթսի հանգստությունը, ցույց կտա ժամանակը: Մի բան, սակայն, ակնհայտ է. «իր սահմանների մոտ գերիշխելու մտադրություն» ունեցող Ռուսաստանը, մեղմ ասած, անարձագանք չի թողնի հենց իր քթի տակ՝ Լիտվայի տարածքում ամերիկյան ռազմական ներկայության իրողությունը: Խնդիրն այն է, թե Մոսկվան հատկապես ինչ եղանակով կարձագանքի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել