Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԷՀՈՒԴ ՕԼՄԵՐԹՆ ԱՆԿԵՂԾԱՆՈՒՄ Է

Հոկտեմբեր 04,2008 00:00

Դառը ճշմարտությո՞ւն, թե՞ ինքնապաշտպանական բնազդ

Իսրայելի վարչապետի պաշտոնից ընդամենը մի քանի օր առաջ հրաժարական տված Էհուդ Օլմերթը հանդես է եկել մի հայտարարությամբ, որը, իսրայելական լրատվամիջոցների գնահատմամբ, եզակի է իր բովանդակությամբ: Տեղի թերթերից մեկը նկատել է, որ «դեռեւս ոչ մի նախկին կամ գործող պաշտոնատար, առավել եւս՝ վարչապետ, չէր հանդգնել արաբ-իսրայելական հակամարտությանը վերաբերող նման ոչ ավանդական մտքեր բարձրաձայնել»: Ահա թե, մասնավորապես, ինչ է ասել Օլմերթը. «Հանուն պաղեստինցիների եւ Սիրիայի հետ երկարատեւ ու կայուն խաղաղության, Իսրայելը վաղ թե ուշ հարկադրված պետք է լինի ազատել բոլոր վիճելի տարածքները, այդ թվում՝ Արեւելյան Երուսաղեմն ու Գոլանի բարձունքները»:

Հրեական Yedioth Ahronoth պարբերականը այլ հետաքրքիր մանրամասներ է բերում պաշտոնից հրաժարված վարչապետի «անկեղծ քաղաքական պոռթկումներից», նշելով, որ Օլմերթն իր ողջ կյանքի ընթացքում առաջին անգամ է նման գնահատականներ հնչեցնում: Ինքը՝ Օլմերթը եւս չի մերժում այդ հանգամանքը՝ պարզաբանելով. «Ես ասում եմ մի բան, որը ցայժմ չի ասել Իսրայելի ոչ մի ղեկավար: Հիրավի՝ Իսրայելն այսօր ծանրագույն որոշում պետք է կայացնի, ինչը հակադրվելու է քաղաքացիների զգացմունքներին եւ հրեա ժողովրդի պատմական հիշողությանը: Այնուամենայնիվ, մարդիկ պետք է գնան այդ զիջմանը հանուն խաղաղության»: Կանգ առնելով իր նշած զիջումների առանձին դետալների վրա, Օլմերթը հռետորական հարց է տվել. «Ես կցանկանայի իմանալ՝ արդյո՞ք Իսրայելում կա գեթ մեկ բանական մարդ, ով հավատում է, թե Սիրիայի հետ կարելի է հաշտություն կնքել՝ առանց Գոլանի բարձունքները նրան վերադարձնելու»: Իսրայելի նախկին վարչապետը խոստովանել է, որ Սիրիային ու Պաղեստինյան ինքնավարությանն արվելիք այդ զիջումներն, անշուշտ, իրենց մեջ որոշակի վտանգ են պարունակում, բայց ռիսկը, նրա կարծիքով, տվյալ դեպքում միանգամայն արդարացված է: «Նրանք, ովքեր չեն ցանկանում որեւէ ռիսկի դիմել, ճիշտ կանեն հեռանան երկրից եւ բնակություն հաստատեն Շվեյցարիայում»,- պատկերավորել է Օլմերթը:

Ահա թե գործնականում ինչպես է նա պատկերացնում աննախադեպ զիջումների իր առաջարկած մեխանիզմը: Սիրիայի ու Պաղեստինի հետ կնքվելիք խաղաղ համաձայնագրի շրջանակներում Իսրայելը գործնականում վերադարձնում է բոլոր վիճելի շրջանները: Եթե, անգամ, Սամարիայում ու մի քանի այլ «բուն հրեական» համարվող տարածքներում Թել-Ավիվն իրեն է պահում թեկուզ ոչ այնքան էական հողակտորներ, ապա նա անպայման պետք է պարտավորվի ճիշտ նույն չափով հողային փոխհատուցումներ կատարել: Ուշագրավ է Օլմերթի հետեւյալ դիտարկումը. «Համոզված եմ, որ պատերազմ սկսվելու դեպքում Իսրայելը, իբրեւ Մերձավոր Արեւելքի ամենաուժեղ պետություն, հաղթանակ կտանի, սակայն մենք այժմ պետք է մտածենք ոչ թե հաղթանակի, այլ այն մասին, թե ինչպես տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատենք»:

Իսկ մինչ մեծ քաղաքականությունից արդեն հեռացած հրեա գործիչը դատողություններ է անում արաբների հետ «մեծ խաղաղության» հասնելու հեռանկարների մասին, իսրայելական բանակը խստացնում է պաղեստինյան բնակավայրերի հետ սահմանների հսկողությունը: Հրեական տոնացույցով նոր տարվա աշնանային միջոցառումների կապակցությամբ, որոնք շարունակվելու են մինչեւ ընթացիկ հոկտեմբերի 21-ը, ձեռք են առնվում անվտանգության աննախադեպ միջոցառումներ: Իսրայելական հատուկ ծառայություններն այս օրերին բերվել են թիվ մեկ պատրաստականության ռեժիմի: Խոշոր քաղաքներում կրկնապատկվում, անգամ եռապատկվում է պարեկային ծառայություն իրականացնողների թիվը, հատուկ ուշադրություն է դարձվում մարդկային մեծ կուտակումներ ենթադրող հասարակական վայրերին ու կառույցներին: Տեղի մամուլում պարբերաբար հաղորդումներ են հրապարակվում այն մասին, թե իշխանություններն ավելի քան մեկ տասնյակ խոշոր ահաբեկչական գործողությունների նախապատրաստման մասին հավաստի տեղեկությունների են տիրապետում:

Հոկտեմբերն ավանդաբար Իսրայելում զանազան տոնակատարությունների եւ արձակուրդների ամիս է: Այդ ժամանակահատվածում ԱՄՆ-ից ու Եվրոպայից տասնյակ հազարավոր հրեաներ են ժամանում իրենց պատմական հայրենիք: Նաեւ հենց այդ հանգամանքն է ստիպում իշխանություններին առավելագույնս լարել ուշադրությունը՝ ահաբեկիչների համար չափազանց «հրապուրիչ» այս շրջանում անցանկալի իրադարձությունները կանխելու համար:

Վերադառնալով Էհուդ Օլմերթի «սենսացիոն» որակված հիշյալ հայտարարությանը, պետք է նշենք, որ Իսրայելում շատերը հակված են այն դիտարկել նախկին վարչապետի անձի շուրջ վերջին ամիսներին բորբոքված կոռուպցիոն սկանդալի համատեքստում, նկատել տալով, որ «պատին դեմ տված» պաշտոնյան այդպիսով փորձում է ինքնապաշտպանվել «հալածյալ» քաղաքական գործչի նորահյուս իմիջի միջոցով: Այդուհանդերձ, կարծիքներ կան նաեւ այն մասին, որ այլեւս ամեն ինչիզ զրկված փորձառու Օլմերթի շուրթերով բարբառում է դառը ճշմարտությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել