Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կինո՝ թղթի վրա

Հոկտեմբեր 04,2008 00:00

Կոմիքսների փառատոն՝ Հայաստանում

Իտալերեն՝ կումետի, ֆրանսերեն՝ բանդեսինե, ճապոներեն՝ մանգա, իսկ հայերեն՝ պատկերապատում: Այս բառն ավելի հայտնի է կոմիքս անվանումով, որն, ըստ մասնագետների՝ քիչ-քիչ դուրս է գալիս շրջանառությունից: Երեկ Կամերային թատրոնում պատկերապատումների ֆրանսիացի հեղինակների գործերի ցուցահանդեսով բացվեց ՀՀ-ում առաջին անգամ կազմակերպվող Պատկերապատումի եւ պատկերի միջազգային փառատոնը: 3 փառատոնային օրվա ընթացքում Ֆրանսիայից ժամանած պատկերապատման մասնագետները հայաստանցի հեղինակների համար կանցկացնեն վարպետության դասեր: Տեղի կունենա նաեւ հայաստանցի հեղինակների մրցույթ՝ բուն պատկերապատումի, «կոմիքս թրիփի» եւ ծաղրանկարի նոմինացիաներում:

Փառատոնի կազմակերպիչներից՝ ՀՀ-ում պատկերապատումների միակ մասնագետ, նկարիչ Տիգրան Մանգասարյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Պատկերապատումը կինո է՝ թղթի վրա: Այն սկզբունքորեն պահպանում է կինոյի բոլոր կանոնները՝ խոշոր պլան, ընդհանուր պլան, դետալ, ռեժիսուրա, սցենար: Այն զարգացման մեծ թափ ունի Արեւմուտքում, հատկապես՝ Ֆրանսիայում, որտեղ տարեկան 15%-ով մեծանում է պատկերապատման շուկան: Ցավոք, Հայաստանն այս բնագավառում զրոյական վիճակում է, բայց մենք ունենք լավ նկարչական դպրոց: Իսկ ֆրանսիացի մասնագետները հայաստանցիներին տրվող «մաստեր կլասների» ժամանակ ցույց կտան պատկերներ դասավորելը եւ այլ մանրամասներ»: Զրուցեցինք նաեւ պատկերապատման ֆրանսիացի հեղինակ Ժան-Կլոդ Դընի հետ: Հետաքրքրվեցինք, թե, պարզ ասած, ի՞նչ է կոմիքսը, քանի որ այն հաճախ շփոթում են ծաղրանկարի, շարժանկարի հետ: «Կոմիքսն ինձ համար վեպ գրելու նման մի բան է, ուղղակի վեպում նկարներ չկան, կոմիքսը մի առանձին պատմություն է, ոչ թե ինչ-որ ծաղրանկարային բան»:

Հետաքրքրվեցինք, թե ինչ-որ մասնագիտություն կամ այլ բան պե՞տք են պատկերապատումներ ստեղծելու համար: «Դրա համար մեծ բաներ պետք չեն, մի փոքր մատիտով պատկերապատման միջոցով կարող ես ներկայացնել այն, ինչ զգում են: Պարզապես, պատկերապատումներ ստեղծելը մարդկանց ավելի դեմոկրատ է դարձնում»,- պատասխանեց պրն Դընը: Պատկերապատումներ ստեղծվել են դեռ միջին դարերում՝ 1500-ականներին: Դրանք պատկերվել են պատերի վրա՝ համադրված ինչ-ինչ արտահայտություններով: Պատկերապատումների հայաստանցի հեղինակ, «Սասունցի Դավիթ» անիմացիոն ֆիլմի գլխավոր նկարիչ, բեմադրող Վարդան Զաքարյանը «Առավոտի» հետ զրույցում ներկայացրեց իր հեղինակած պատկերապատումը. «Այն «Ռոբինզոն Կրուզո» գրքի նորովի նախագիծն է: Այս դեպքում Ռոբինզոն Կրուզոն վայրենիներին հանդիպելով՝ ընկնում է ավերված մի քաղաք, որը ես արտահայտում եմ հայկական սիմվոլներով: Հետո Կրուզոն տեսնում է, որ այդ վայրում եղել է մի հայկական քաղաքակրթություն: Երբ վայրենիներն ուզում էին մարդկանց ուտել՝ պարզվում է, որ նրանցից մեկն այդ հին քաղաքակրթության կրողներից էր: Ի վերջո, Կրուզոն վերստեղծում է այդ հայկական քաղաքակրթությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել