Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ «ԽԱՂԵՐ»

Հոկտեմբեր 04,2008 00:00

Ինչ է կատարվում մայր բուհում

«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաճախ է միջամտում ԵՊՀ գործունեությանը: Ըստ մեր աղբյուրի, օրինակ, Ասատրյան ազգանունով ուսանողը, որն իրավաբանական ֆակուլտետից հեռացվել էր անցյալ տարի՝ վատ վարքի համար, վերականգնվել է ռեկտորի կողմից միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ Ռոբերտ Քոչարյանի հրահանգով: Ու երբ համալսարանականները դժգոհել են, ԵՊՀ ռեկտորը «պարզաբանել» է, թե այնպիսի մարդիկ են ասում, որ չի լինում չանել: Ըստ մեր տեղեկությունների, Ռ. Քոչարյանը միջամտել է նաեւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի ընտրությունների ժամանակ: Տնտեսագիտականի նախկին եւ ներկայիս դեկան Հայկ Սարգսյանը Քոչարյանի որդու դիպլոմայինի ղեկավարն է եղել: Թեեւ Արամ Սիմոնյանն ու իր տեղակալ Ալեքսանդր Գրիգորյանը պայքարում էին, որ Հ. Սարգսյանը դեկանի պաշտոնը չստանա, նրանց պայքարը հասկանալի պատճառներով ոչ մի արդյունք չի տվել: Ի դեպ, մեր աղբյուրը պնդում է, որ դեկանի պաշտոնը ԵՊՀ-ում արժե $30000-$50000՝ կախված ֆակուլտետի վարկանիշից: Բնագիտական թեւի ֆակուլտետների դեկանությունը համարվում է ոչ շահութաբեր, դրա համար էլ պոտենցիալ դեկանները ոչ թե «վերեւ», այլ ռեկտորին են «մուծվում» ու, բնականաբար, ավելի քիչ: Չար լեզուների պնդմամբ, կրթական համակարգում ֆինանսական հոսքերի ներքին համաձայնություն կա: Ընդունելության քննություններից ստացված գումարը, խոսքը ստացիոնար սովորելուն է վերաբերում, պտտվում է $10-15 մլն-ի շրջանակներում՝ դաշնակցության իրավասության ներքո: Ու որպեսզի բուհերին էլ մի բան հասնի, ինչից նրանք զրկված են, քանի որ քննություններն այլեւս միասնական համակարգով են հանձնվում, բուհերի «բարոյական» վնասն էլ հեռակայի միջոցով է փոխհատուցվում: Ինչ վերաբերում է ԵՊՀ-ին, նրա շուրջ 20 ֆակուլտետներից ամենաքիչը 16-ն ունեն հեռակա բաժիններ, յուրաքանչյուր ֆակուլտետ էլ՝ մի քանիսը: Կոպիտ հաշվարկներով, եթե համարենք, որ մոտ 16 ֆակուլտետներից յուրաքանչյուրը միջին հաշվով ունի 1,5 բաժին, ու յուրաքանչյուր բաժնում ընդունվում է 40-100 մարդ, ընդունվելու «սակագներն» էլ $3000-$9000 են, ապա հասկանալի է դառնում, թե ինչ գումարների մասին է խոսքը: Օրինակ, իրավաբանական ֆակուլտետում ընդունելությունը $7000-$9000-ի սահմաններում է՝ «առաջին ձեռքի» դեպքում, իհարկե: $7000-$9000 արժե տնտեսագիտության ֆակուլտետի հեռակա բաժին ընդունվելը, մոտավորապես այդքան էլ՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: ԵՊՀ դասախոսները եւ ԿԳ պատասխանատուները ասուլիսներում եւ հարցազրույցներում բազմիցս փաստել են, որ բարձր միավորներով ընդունվածների մեծամասնությունը սովորելու ընթացքում հիմնականում բարձր առաջադիմությամբ աչքի չի ընկնում, ասվածի վկան նրանց միջանկյալ գրավոր քննությունների արդյունքներն են:

ԵՊՀ ռեկտորի համար հավելյալ եկամտի աղբյուր են ուսանողների տեղափոխությունները: Փորձը ցույց է տալիս, որ «պրեստիժնի» ֆակուլտետների, իսկ դրանք մոտ 10-ն են, ուսանողների թիվը կրկնապատկվում է երրորդ, չորրորդ կուրսերում: Մեր տեղեկություններով, տեղափոխություններն արժեն $3000-15000: Հիմնականում աստվածաբանության, պատմության ֆակուլտետներից ուսանողները տեղափոխվում են միջազգային հարաբերությունների, արեւելագիտության, տնտեսագիտական, բանասիրական, օտար լեզուների ֆակուլտետներ եւ այլն: Տեղափոխություններ են լինում հեռակայից՝ ստացիոնար, տարբեր բուհերից՝ ՀՀ, ԱՊՀ երկրների, նաեւ ԵՊՀ ֆակուլտետների միջեւ: Համալսարանական շրջանակների համոզմամբ, Ա. Սիմոնյանը, տիրապետելով նման ֆինանսական հոսքերի, վաղուց «հանել» է ռեկտոր դառնալու համար «մուծած» իր գումարը, քոթեջ գնել Սեւանի ափին, տուն՝ Բլուր թաղամասում, «ջիփեր»` դուստրերի համար եւ այլն, այնպես որ, պատահական չեն նրա պաշտոնանկության մասին լուրերը: Համալսարանում նեղսրտում են նաեւ, որ կան դասախոսներ, որոնք ընդհանրապես դասի չեն գնում, օրինակ, արտակարգ իրավիճակների նախարար, քաղաքագիտության ամբիոնի դասախոս Մհեր Շահգելդյանը կամ նույն ամբիոնի դասախոս Արման Կիրակոսյանը, սակայն նրանց ոչ ոք չի զգուշացնում: Իսկ եթե մյուսները թեկուզ 5 րոպե ուշանում են՝ անպայման խստորեն պատժվում են:

ԵՊՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանից պարզաբանումներ խնդրեցինք ոչ միայն այս ամենի, այլեւ վերջին շրջանում մամուլում շրջանառվող այն լուրի կապակցությամբ, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալժիրում ՀՀ դեսպան Լեւոն Սարգսյանը, առաջիկայում դառնալու է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան: Կ. Գրիգորյանը հեռախոսով փոխանցեց, որ, իսկապես, Ասատրյան ազգանունով ուսանող հեռացվել է, բայց չի վերականգնվել, բացառեց, թե Ռոբերտ Քոչարյանը միջամտում է ԵՊՀ գործունեությանը: Դառնալով արեւելագիտականի դեկանի փոփոխության մասին լուրին, նա հայտնեց, որ ներկայիս դեկանի ժամկետն ավարտվում է 2009-ի ապրիլին, ու ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացի, այնպես էլ Լեւոն Սարգսյանն, իրավունք ունի մասնակցելու այդ պաշտոնի համար հայտարարված մրցույթին: Նշենք, որ Լ.Սարգսյանն այս պահին աստվածաբանության ֆակուլտետի եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչն է: Արման Կիրակոսյանի եւ Մհեր Շահգելդյանի բացակայություններն էլ հերքեց ԵՊՀ լրատվության պատասխանատուն, հավելելով, որ հատկապես Ա. Կիրակոսյանը բարեխիղճ ու պարտաճանաչ անձնավորություն է: Խոսելով ԵՊՀ-ում ուսանողների տեղափոխությունների մասին, Կ. Գրիգորյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ ԱՊՀ բուհերից ԵՊՀ է տեղափոխվել 4, ԱՄՆ-ից՝ 1, ՀՀ բուհերից՝ 52 ուսանող, իսկ համալսարանի ներսում տեղափոխությունները 35-ն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել