Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստանը հո չի՞ գնալու «Լինչի» ճանապարհով»

Հոկտեմբեր 04,2008 00:00

Ասում է Մարդու իրավունքների պաշտպանը

Երեկ տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի ասուլիսը: Նա խոսեց վերջին օրերի իրադարձությունների մասին՝ տալով գնահատականներ: Պաշտպանը նախ անդրադարձավ խոսքի ազատությանը վերաբերող խնդիրներին. «Բազմիցս եմ նշել, որ ՀՀ-ում խոսքի ազատության տեսանկյունից լուրջ խնդիրներ կան: Հեռուստատեսության ոլորտում, ըստ էության, բազմակարծություն չունենք, տպագիր մամուլում բազմակարծությունը շատ դեպքերում վեր է ածվում վիրավորանքների: Դա այն մշակույթը չի սերմանում, որը պետք է: Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի վերջին փոփոխությունը, որի հետեւանքով մրցույթները հետաձգվեցին մինչեւ 2010 թվականը, գնահատում եմ հետընթաց: Ըստ էության, այն ուղղակիորեն հակասում է «Ա1+»-ի գործով Եվրոպական դատարանում կայացված վճռին»:

Լրագրողների խնդրանքով անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի նախորդ օրվա ուղերձին՝ պաշտպանն ասաց, որ այն դրական էր կոռուպցիայի եւ անպատժելիության մթնոլորտի վերացման ուղղությամբ հնչած հարցերի առումով: Երբ լրագրողները հիշեցրին այդ ուղերձից ժամեր հետո ոստիկանների ծավալած բռնի գործողությունները Հյուսիսային պողոտայում քաղաքական զբոսանքի դուրս եկած մարդկանց նկատմամբ, Ա. Հարությունյանը պատասխանեց. «Օրենքով մարդիկ իրավունք ունեն ոչ զանգվածային միջոցառումներ անել, բայց չխախտել հասարակական կարգը: Նախորդ օրվա ժամը 9-ի դեպքը եւ սեփականատերերի խանութների վրա ինչ-որ բաներ գրելը՝ հասարակական կարգի խախտում է, եւ այդ դեպքում ոստիկանությունն իրավունք ունի միջնորդելու: Ուրիշ բան, որ նրանք պետք է զգուշացնեն եւ դրանից հետո միայն գործեն: Խոսել եմ ոստիկանապետի հետ եւ պայմանավորվել ենք, որ այսուհետեւ նման դեպքերում ոստիկանները բարձրախոսով կզգուշացնեն եւ կհրավիրեն մեր արագ արձագանքման խմբի տղաներին, որպեսզի մեզ համար պարզ լինի, թե ինչ է կատարվել: Մեր տղաներին հրավիրել են ժամը 10-ի սահմաններում, այնտեղ շատ լարված էր վիճակը: Ոստիկանապետի խնդրանքն ընդամենը հետեւյալն էր, որ երեկոյան այդ ժամերին մարդիկ չբղավեն, չաղմկեն, պատերի վրա չգրեն»:

Ա. Հարությունյանն անպատժելիության բարձրակետ որակեց «Ռադիոլուրի» տնօրեն Արթուր Սահակյանի եւ ՀՀԿ անդամ, ողբերգական մահով մահացած Անդրանիկ Բաբայանի հետ կատարվածը՝ փաստելով. «Մեր իրավապահները ոչ թե պետք է դիմեն հանրությանը վստահության ակնկալիքով, այլ իրենց գործողությամբ պետք է նվաճեն այդ վստահությունը: Այս տեսանկյունից գործի քննությունն առանցքային նշանակություն կունենա ողջ իրավապահ համակարգի հեղինակության համար»: Իսկ թե ոստիկանների գործողությունների առումով մարդու ո՞ր իրավունքներն են խախտվել այդ գործում եւ ի՞նչ պատճառով է սեպտեմբերի 20-ի գիշերը տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ոստիկանությունը միայն սեպտեմբերի 29-ին է իր պաշտոնական կայքէջում տեղեկացրել, պաշտպանը ասաց. «Պետք է խոր ուսումնասիրություն կատարվի, որպեսզի իրական մեղավորները պատժվեն, այլ ոչ թե ինչ-որ մեկի խնդրանքով մեկ ուրիշը ստանձնի եղածը եւ դրանով հարցը լուծվի: Երկու դար առաջ է եղել «Լինչը», Հայաստանը 21-րդ դարում հո այդ ճանապարհով չի՞ գնալու: Այս ամենի պատճառով հասարակական հարաբերություններում դեֆորմացիա է տեղի ունենում: Այդ գործի վերաբերյալ ոստիկանապետին նամակ ենք հղել եւ հենվում ենք նրա պաշտոնական պատասխանի վրա: Ըստ այդմ՝ տալիս ենք մեր կարծիքը: Մեզ ընդամենը այդ օրը զանգել է Բաբայան ազգանունով մի կին, բանավոր դիմել է, գրանցել ենք, բայց մեզ դիմում դեռ չեն բերել»:

«Մարտի 1»-ի գործով հանրապետության գլխավոր դատափորձագետ Շոթա Վարդանյանի՝ զոհերի մասին տված եզրակացությունների՝ «խոզի», «խոճկորի» եւ այլնի հավաստիության մասով Ա. Հարությունյանն ասաց. «Նման ժապավենները ճիշտ կլինի միջազգային փորձաքննության ենթարկել, որոնք ավելի են հավատ ներշնչում, քան նմանատիպ վերլուծությունները: Ինձ այն հավատ չի ներշնչում»:

Ինչ վերաբերում է քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատված դասախոսին քաղաքական հետապնդումների զոհ համարելուն, նա նկատեց, որ դասախոսն իրավունք չունի, դասաժամն օգտագործելով, ուսանողներին հրահրի կամ հանրահավաք տանի: «Առավոտի» դիտարկմանը՝ իսկ ի՞նչ անի դասախոսը, երբ դասերի ժամին ուսանողներն անձամբ են հրահրում քաղաքական զրույցներ, Ա. Հարությունյանն ասաց. «Ուսանողը հասարակության անդամ է եւ կարող է իր որոշմամբ գնալ հանրահավաքի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել