Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԶԻՆՎՈՐԸ «ԻՆՔՆԱՍՊԱՆ» Է ԵՂԵԼ

Հոկտեմբեր 04,2008 00:00

\"\"Սակայն փաստերը խոսում են այն մասին, որ դա խմբակային սպանություն էր

2004թ. դեկտեմբերին Աղվան Հարությունյանը զորակոչվել է պաշտպանության նախարարության Կապանի N զորամաս: 2006թ. ապրիլին զինվորն «ինքնասպան» եղավ: Հարուցվեց քրեական գործ՝ շարքայիններ Ալիկ Մաթեւոսյանի, Ռաֆիկ Հարությունյանի եւ «Ժամհար-ԴԴ» ՍՊԸ-ի ինժեներ-կոնստրուկտոր Համլետ Ազիզյանի նկատմամբ:

Նախաքննության ավարտից հետո դատաքննությունը տեղի ունեցավ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում: 2007թ. օգոստոսի 29-ին դատավոր Հ. Դավթյանը հրապարակեց դատավճիռ, ըստ որի՝ Ալիկ Մաթեւոսյանը դատապարտվեց 9,5, Ռաֆիկ Հարությունյանը՝ 6,5 տարվա ազատազրկման: Համլետ Ազիզյանի նկատմամբ, որը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման, կիրառվեց ՀՀ անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը եւ, փաստորեն, նա ազատվեց պատժի կրումից: Հօգուտ ինքնասպանություն գործած Ա. Հարությունյանի հոր, որը տուժողի իրավահաջորդն է, դատարանը վճռեց դատապարտյալներից բռնագանձել 1 մլն դրամ՝ հուղարկավորության ծախսերի հատուցման գումարը:

Ի՞նչ է տեղի ունեցել եւ ինչո՞ւ է դժգոհ «Առավոտին» դիմած որդեկորույս հայրը: Շարքային Ա. Մաթեւոսյանը, ըստ գործի նյութերի, ռադիոլոկացիոն հանգույցի զինվոր Աղվան Հարությունյանից խնդրել է նրա ռադիոձայնարկիչը, խոստանալով այն վերադարձնել սարքին վիճակում.«Ի հաստատումն տված խոստումի, ինքն իր հասցեին տվել է սեռական բնույթի հայհոյանք»: Ա. Հարությունյանը մերժել է, ինչի արդյունքում Ռ. Հարությունյանի հետ Ա. Մաթեւոսյանը ծեծել է ընկերոջը՝ Աղվանին: Ըստ նախաքննության մարմնի, ապրիլի 28-ին Ա. Մաթեւոսյանը, «իր անձի կարծեցյալ գերազանցությունը հաստատելու համար», նախապես պայմանավորված լինելով Ռ. Հարությունյանի հետ «Խաչ» կոչվող վայրում, հայտարարել է. «Կամ ինքը Ա. Հարությունյանին կկախի, կամ վերջինս պետք է ինքնուրույն կախվի»: Դարձյալ ըստ գործի նյութերի՝ «ՊՌՎ-18» մակնիշի կապի հատուկ ավտոմեքենայից նրանք վերցնում են կանաչ գույնի նստելատեղով առանց հենակի աթոռը, ԱԴ-10 տեսակի դիզելային գեներատորի միջից՝ պարանն ու սպիտակ մեկուսիչով պատված մալուխ»:

Անտերության մատնված զորամասն առժամանակ թողնելով՝ երկու «հերոսները» գնում են զորամասից 100մ հեռու՝ անտառի խորքը, բարձրանում հաստաբուն ծառի վրա (մոտ 2,75մ բարձրության ճյուղին), կապում պարանը: Պարանին «ձեւում» են օղակը եւ կանչում Ա. Հարությունյանին: Ըստ գործի նյութերի, Ռ. Հարությունյանն է ճաշարանից զորանոց ճանապարհին կանչել Աղվանին: Վերջինս չիմանալով նրանց մտադրությունը՝ հայտնվել է անտառում, որտեղ շարունակել են նրան նվաստացնել:

Նախաքննական մարմինը մի դեպքում «պարզել» է, որ «Ա. Մաթեւոսյանը Աղվանին՝ ինքն իրեն օգնելու հնարավորությունից զրկելու նպատակով, նախապես բերված եւ կտրված մալուխով դաստակների շրջանում կապել է վերջինիս ձեռքերը», մյուս դեպքում էլ՝ «Ա. Հարությունյանը ճնշված վիճակում ետ է հրել Ա. Մաթեւոսյանի ձեռքը, հայհոյելով ասել, որ ինքը թույլ չի տա իրեն կախել, այլ ինքնուրույն կկախվի: Ապա բարձրացել է աթոռին, պարանի օղն անցկացրել պարանոցին, իջեցրել ձեռքերը»:

Աղվանի հայրն ինչպես ինքնասպանության շարժառիթին, այնպես էլ տղայի կատարած ողբերգական քայլին չի հավատում: Նա ասում էր, որ աթոռի վրա ոտնահետք չի եղել, այն դեպքում, երբ օրն էլ եղել է անձրեւոտ: Դա հաստատվում է 2006թ. հունիսի 6-ին փորձագետի տված եզրակացությամբ. «Աթոռի նստելատեղին առկա թույլ փոշու շերտանստվածքը պիտանի չէ հետազոտության համար»: Նշենք, որ Ա. Մաթեւոսյանն ու Ռ. Հարությունյանը իրենց մեղավոր են ճանաչել մասնակիորեն (մարտ ամսին Աղվանին ծեծի ենթարկելու մասով), իսկ Աղվանի մահվան առնչությամբ հայտարարել էին, որ կապ չեն ունեցել, եւ ցուցմունքները նախաքննական մարմինը կորզել է հարկադրաբար: Ինքնասպանության-սպանության վարկածներից մեկն էլ այն էր, որ հենակետ էր եկել մայոր Սերգեյ Աբրահամյանը, որը դիտողություն է արել Աղվանին՝ «հողաթափերով ներկայանալու համար» (տուժող Խաչատուր Բաբայանի դատաքննական ցուցմունքի համաձայն): Վկաներ Վահե Արամայիսյանի եւ Վահե Դոդոխյանի ցուցմունքներով, իրենք լսել են, թե ինչպես է «մայոր Աբրահամյանը հայհոյում Աղվանին» կամ՝ «մայոր Աբրահամյանը եւ Աղվանը վիճել են»: «Գնդի հրամանատար Արմեն Վարդանյանը մեկնում է Երեւանի հոսպիտալ՝ բուժման: Նրան փոխարինում է Ա. Ֆանյանը: Առիթից օգտվելով, որ հրամանատարը բացակայում է, սպաները զորամասում սպանություն են կազմակերպում՝ հրամանատարին պաշտոնաթող անելու նպատակով»,-սա էլ «ինքնասպան» եղածի հոր վարկածն է: Ի դեպ, հրամանատարի տեղակալ Ա. Ֆանյանը դեպքից հետո տեղափոխվում է այլ զորամաս: Հրամկազմից՝ Արսեն Մանուչարյանի, Անդրանիկ Մուսայելյանի, Վահան Գրիգորյանի նկատմամբ հարուցվում է քրգործ, որը կարճվում է, եւ նրանք նույնպես «ընկնում են» համաներման տակ: Զորամասի զրահատանկային ծառայության պետ, մայոր Սերգեյ Աբրահամյանին, նախկին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրամանով ազատում են զբաղեցրած պաշտոնից: «Ավագ» զինվորական կոչումից զրկվում է «Կռուգ» զենիթահրթիռային մարտկոցի արձակման կայանի պետ Վահե Դոխոյանը, իսկ զինվորներ Արսեն Ասատրյանը, Հարություն Բալյանը հանկարծակի բացակայում են հանրապետությունից՝ անհայտ հասցեով: Իսկ որ ամենազավեշտալին է, զորամասի երեք կասկածյալ զինծառայողներ զորացրվում են: Գործում կան բազմաթիվ հակասություններ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ խմբակային սպանություն: Ի դեպ, Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազության ավագ քննիչին զորամասի հրամանատարությունը տեղեկացրել էր, որ զինվորին գտել են անտառի խորքում՝ «ինքնախեղում» կատարած:

Տուժողի իրավահաջորդը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան: Նրա կարծիքով՝ բազմակողմանի եւ անաչառ քննություն տեղի չի ունեցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել