Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կաղամբ ու գազար են մշակում

Հոկտեմբեր 04,2008 00:00

Մոլոկան երիտասարդները դպրոցում կամ բուհում սովորելու փոխարեն՝ գերադասում են կաթի ու բանջարեղենի վաճառքով զբաղվել:

Լոռու մարզի բնակչության ավելի քան 1,3%-ն այսօր մոլոկաններ են: Նրանք հիմնականում բնակվում են մարզի Լերմոնտովո եւ Ֆիոլետովո գյուղերում:

Մոլոկանների խնդիրներին ու հոգսերին ծանոթանալու նպատակով՝ օրերս «Առավոտն» այցելեց այդ գյուղերի բնակիչներին: Իրենց պրոբլեմների մասին խոսելիս նրանք բավականին զուսպ էին. «Դե, լավ կլիներ, որ գյուղի ճանապարհները մի քիչ բարվոք լինեին: Գազ կա, ջուրն էլ է ապահովված, բայց մեկ-մեկ անսարքություններ, այնուամենայնիվ, լինում են»,- ասում է Լերմոնտովոյի բնակչուհի Նադյան: Իսկ Տատյանան էլ ասաց, որ չնայած իրենց աշխատանքը բավականին ծանր է, սակայն այդ ամենին դիմակայելու համար օգնում է հավատը. «Առաջ կաթը գալիս-հավաքում էին ընդամենը 80-90 դրամով: Հիմա 100 դրամ են դարձրել, բայց մեր աշխատանքի դիմաց էլի շատ չէ: Ես պետք է 2 լիտր կաթ վաճառեմ, որ 1 լիտր հանքային ջուր խմեմ»:

Գյուղի քարուքանդ ճանապարհների վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ Լերմոնտովոյի գյուղապետ Էդիկ Չախալյանն ասաց. «Ճանապարհները մեր միջոցներով անընդհատ փորձում ենք հարթեցնել, սակայն անձրեւաջրերը մշտապես փչացնում են: Այսպես խնդիրը չի լուծվի: Դրա համար պետք է ասֆալտապատել»: Մեզ հետ զրույցում գյուղապետն անդրադարձավ նաեւ գյուղի երիտասարդների կրթության եւ զբաղվածության խնդրին, նշելով, որ երեխաները ուսման հետ կապված մշտապես խնդիրներ են ունենում: Նրա խոսքերով. «3 տարի առաջ պետբյուջեի միջոցներով վերանորոգեցինք գյուղի դպրոցը, սակայն դա առանձնապես չոգեւորեց երեխաներին, քանի որ, սեզոնային աշխատանքների հետ կապված՝ բացակայությունները շարունակվում են»: Է. Չախալյանի ներկայացմամբ, դպրոցն ավարտելուց հետո երիտասարդները բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն չունեն. «Նախ՝ երեխաները բարձր առաջադիմություն չունեն, հետո՝ բուհերում չեն կարող սովորել, քանի որ չեն տիրապետում հայերենին: Գյուղից ընդամենը 3 հոգի է Ռուսաստանի դեսպանատան հովանավորությամբ Մոսկվայում կրթություն ստանում, իսկ Հայաստանի բուհերում Լերմոնտովոյից ընդհանրապես ուսանողներ չկան»:

Է. Չախալյանն անդրադարձավ նաեւ գյուղի առողջապահական խնդիրներին. «Բուժքույր ունենք, սակայն գյուղում համապատասխան բժշկական սարքավորումներ չկան: Ստիպված մեր գյուղացիները գնում են Վանաձոր կամ էլ Երեւան, այն էլ միայն այն ժամանակ, երբ «դանակը ոսկորին է հասնում»:

Ի տարբերություն Լերմոնտովոյի, որտեղ 1000 բնակչից 700-ը մոլոկաններ են, Ֆիոլետովոն ամբողջովին մոլոկաններով է բնակեցված՝ բացառությամբ 1 հայ ընտանիքի: Գյուղի երիտասարդության 50%-ից ավելին աշխատում է Երեւանում եւ Ռուսաստանում: Կան նաեւ այնպիսիները, որոնք մշտապես են հաստատվել Ռուսաստանում, իսկ տեղացիները հիմնականում զբաղվում են կաթնամթերքի եւ բանջարեղենի վաճառքով: «Առավոտի» հետ զրույցում Ֆիոլետովոյի գյուղապետ Ալեքսեյ Մովիկովը նշեց, որ չնայած գյուղացիների աշխատանքն ավելի շատ է, քան վաստակածը, բայց մարդիկ իրենց կարիքները կարողանում են հոգալ: Ըստ գյուղապետի, կաթի գնի թանկացումը գյուղացիներին բավականին ոգեւորել է. «Հիմա գնորդների մրցակցությունն էլ է շատանում: Եթե այսպես շարունակվի՝ մենք կշահենք»: Ֆիոլետովոյի ռուսական դպրոցի տնօրեն Վալերի Միրզաբեկյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին տարիներին առաջընթաց է նկատվում նաեւ կրթական ոլորտում. «Այս տարվա շրջանավարտներից բուհերում ուսանողներ չկան, սակայն անցյալ տարի գյուղի 3 երիտասարդ կարողացել է ուսումը շարունակել Տամբովի պետական համալսարանում»:

Նշենք նաեւ, որ 2 գյուղերում էլ մանկապարտեզներ չկան: Լերմոնտովոյի գյուղապետ Է. Չախալյանի խոսքերով. «Մեզ մոտ նախադպրոցականներն ավելի շատ պատրաստվում են կաղամբ եւ գազար մշակելուն, քան դպրոցին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել