Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊՈՏԵՆՑԻԱԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐՆ ԱՆԳՐԱԳԵ՞Տ ԵՆ

Հոկտեմբեր 04,2008 00:00

Գյուղական համայնքների ՏԻՄ թեկնածուներից շատերն անգամ սեփական անուն-ազգանունն առանց տառասխալների չեն կարողանում գրել:

Շիրակի մարզում տեղակայված թիվ 33 ու 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահներ Մաքսիմ Շահբազյանն ու Մարզպետունի Մարգարյանը, որոնք ընդունել են գյուղական համայնքների ՏԻՄ թեկնածուների փաստաթղթերը, ցնցված են նրանցից ոմանց անգրագիտությունից: «Առավոտի» հետ զրույցում նրանք պատմեցին, որ թեկնածուները փաստաթղթերում իրենց անձնական տվյալները ուղղագրական եւ իմաստային այնպիսի սխալներով են լրացրել, որ 5-րդ դասարանի ամենաթույլ աշակերտն անգամ նման տարրական սխալներ թույլ չէր տա:

Մաքսիմ Շահբազյանի ներկայացմամբ, ավագանու թեկնածուներից մեկը «ընտանեկան դրություն» խորագրի տակ ամուսնացած կամ ամուրի լինելու փոխարեն գրել է իր ունեւոր լինելու մասին, մյուսն էլ իր անուն-ազգանվան մեջ մի քանի տառասխալ է թույլ տվել: Հանձնաժողովի նախագահ Մարզպետունի Մարգարյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ ինքը անգրագիտության գլուխգործոցների է ականատես եղել. «Ոչ դիր ու լաց, ոչ առ ու փախի, իսկական զավեշտ: Ես չէի ասի, որ միայն ուղղագրական սխալներ են անում, բա մտքի ու թվաբանակա՞ն սխալները: Զարմացել եմ, որ համայնքապետի թեկնածու կա, որը չի կարող իր աշխատավարձը հաշվել»: Սակայն փաստն այն է, որ հայոց լեզվից ու թվաբանությունից անգամ ամենատարրական գիտելիքներ չունեցող այսպիսի մարդիկ պայքարի մեջ են մտնում ու համառորեն ձգտում են հասնել պաշտոնի:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի գրեթե բոլոր համայնքներում ավագանի դառնալու համար իրար «գլուխ են ջարդում», օրինակ՝ Ախուրյանում 1 տեղի համար պայքարում է 3 հոգի, Ազատանում 1 տեղի համար՝ երկու հոգի: Ի՞նչն է այդքան հրապուրում պոտենցիալ ավագանիներին, լծակներ ձեռք բերե՞լը, ունեցվածքը փրկե՞լը, մեր այս հարցերին ի պատասխան՝ թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Մաքսիմ Շահբազյանն ասաց. «Ինչո՞ւ անպայման վկայակոչենք եկամտաբերությունը, մենք պիտի հպարտանանք, ուրախանանք, որ տեղական ինքնակառավարման մարմինները կայանում են, ինչո՞ւ այդ ասպեկտով չմոտենանք ու ասենք՝ եկել են թալանելու, տանելու, հարստանալու, ավագանին ընդհանրապես աշխատավարձ չի ստանում, հասարակական աշխատանք է կատարում, նշանակում է՝ նրանց մոտ ձգտում կա աշխատելու»: Այդ դեպքում պարոն Շահբազյանը ինչպե՞ս կբացատրի որոշ թեկնածուների տարրական կրթությունից զուրկ լինելը, մեր այս հարցին նա պատասխանեց. «Ինձ մոտ գրանցված թեկնածուներից գրեթե բոլորն էլ կրթություն ունեն, սակայն այլ բան է կրթություն ունենալը, մեկ ուրիշ բան՝ գրագետ լինելը: Եղավ դեպք, երբ ավագանու անդամության թեկնածուներից մեկը անուն-ազգանունը տառասխալներով գրեց, ես ապշած հարցրի՝ դու դպրոց գնացե՞լ ես, հպարտորեն պատասխանեց՝ ես տեխնիկում եմ ավարտել: Սա մեր բացն է՝ օրենսդիրը հատկապես դրա վրա մեծ ուշադրություն պետք է դարձնի, թեկնածուների կրթության, գրագիտության մասին որեւէ պահանջ չի ներկայացվում, մինչդեռ սա մեր երկրի օգուտը կլիներ, այլապես ստացվում է, որ ցանկացած պատահական մարդ կարող է ընտրվել համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ: Փաստաթղթերը ներկայացնում են՝ ամեն ինչ համապատասխանում է պահանջներին, ասենք՝ ՀՀ քաղաքացիություն, համայնքում գրանցում ունի՞, թե՞ ոչ, իսկ կրթություն, բարոյականություն, էս հարցերը հետին պլան են մղված, ցանկալի է, որ հենց այսօրվանից օրենսդիրը մտահոգվի այս հարցերով»: Թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տվյալներով, թեկնածուներով հատկապես «առատ» է Ախուրյանը, որտեղ գործող գյուղապետ, ՀՅԴ-ական Արծրուն Իգիթյանի հետ պայքարելու է 4 հոգի, ընդ որում մեկը՝ Արտյոմ Մաթեւոսյանը, հենց գյուղապետարանի աշխատակից է: Մեկ այլ խոշոր գյուղական համայնքում՝ Ազատանում եւս գործող գյուղապետ Կարուշ Ազատյանի հետ պայքարելու է գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարը՝ Իկիլիկյան Վարդանը, այս դեպքում, բնականաբար, անհարմար վիճակի մեջ գցելով կոլեկտիվին:

Այս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում համայնքապետերի թեկնածուների մեջ գերիշխողը հանրապետականներն են: Ի տարբերություն վերոհիշյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի, առաջադրումների հետ կապված որոշակի խնդիրներ առաջացել են թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, որը հիմնականում սպասարկել է Ամասիային ու Աշոցքին: Հանձնաժողովի նախագահ Մարզպետունի Մարգարյանի ասելով, թեեւ ընտրություններ նախատեսված էին 61 համայնքներում, բայց քանի որ Կարմրաքար համայնքում՝ ավագանու անդամ, Սալուտում՝ համայնքապետի, ինչպես նաեւ ավագանու անդամ դառնալու համար հայտեր չեն ներկայացվել, ընտրությունը կայանալու է 59-ում: «Կարմրաքարը փոքրիկ համայնք է, ընտրողների թիվը 31 է: Քանի որ այդ գյուղում գյուղապետի ընտրություն չկա, ուստի իմ անձնական կարծիքով գյուղապետը ակտիվություն չի ցուցաբերել բացատրական աշխատանք կատարելու համար, եւ հարցը բաց է մնացել: Իսկ Սալուտի գյուղապետը ցանկություն չունեցավ նորից առաջադրվելու, ինքը չառաջադրվեց, դրա համար էլ ավագանու առաջադրման հետ կապված կոնկրետ զբաղվողներ չեն եղել»,- կարծում է Մարզպետունի Մարգարյանը: Այս հանձնաժողովում եւս առաջադրվողների մեջ գերիշխողը հանրապետականներն են: Այստեղ արտասովորն այն է, որ մի քանի գյուղացի կանայք նույնպես որոշել են գյուղապետ դառնալ, օրինակ՝ Ղազանչիում չորս տղամարդու հետ որոշել է մրցել ոստիկանության նախկին աշխատակից Լուսինե Սիմավոնյանը: Այս հանձնաժողովում առաջադրված կին թեկնածուների թիվը հինգն է, որից մեկը՝ Արեգնադեմի գյուղապետ Աղունիկ Ագրյանը չի պատրաստվում իր աթոռը զիջել Արա Սմբատյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել