Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դպրոցը չի կարող մնալ ազնվության կղզյակ»

Հոկտեմբեր 04,2008 00:00

\"\"«Հանրակրթության մասին» օրենքի քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:

«Հանրակրթության մասին» օրենքի քննարկումները տեւեցին երեք օր, պատգամավորները զարմանալիորեն ակտիվ էին այս քննարկումներին, անգամ ԱԺ նորընտիր նախագահն էր հայտարարել, թե արտահերթ խոսելու է այս կապակցությամբ, սակայն դա առայժմ չի արել: Քննարկումներին հետեւեց ՀՀ նախագահի ուղերձը, որտեղ բավականին մեծ տեղ էր հատկացված դպրոցին եւ կրթությանը:

Հետաքրքիր է, որ իշխանական կոալիցիան ներկայացնող ուժերի ներկայացուցիչներ այս խնդրի շուրջ խոսեցին երբեմն ավելի ընդդիմադիր դիրքերից եւ սուր, քան «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները: Հերմինե Նաղդալյանը (ՀՀԿ), օրինակ, հայտարարեց. «Օպտիմալացումների եւ այլ մանիպուլյացիաների արդյունքում դպրոցից հեռանում են վաստակաշատները, նվիրյալները եւ լավագույնները, աճում է կրթության վճարելիությունը եւ էլիտարությունը»: Տիկին Նաղդալյանը նաեւ անցկացրեց հետեւյալ զուգահեռը. «Դեպքեր գիտենք, երբ դպրոցների խորհուրդներում տնօրենների ընտրության գործընթացը կրկնել է ընտրական հայտնի կեղտոտ տեխնոլոգիաները», իսկ հետո կարծիք հայտնեց՝ գուցե ավելի ճիշտ կլինի, որ տնօրենները ոչ թե ընտրվեին խորհուրդների կողմից, այլ նշանակվեի՞ն:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը եւս հայտարարեց, որ «մեր նախընտրական կամպանիաներում ուսուցիչներին երբեմն պախարակում են, երբեմն գովերգում են, նաեւ պարտադրում են անդամակցել այս կամ այն կուսակցությանը, կատարել կեղծիքներ, քանի որ գաղտնիք չէ՝ ընտրական հանձնաժողովներում բավականին մեծ թվով մանկավարժներ են ընդգրկված: Կեղծիքները մտցրել են դպրոց եւ հանկարծ զարմանում են, թե ինչո՞ւ ուսուցչի վերաբերմունքը ծնողի նկատմամբ ազնիվ չէ, դպրոցի վերաբերմունքը ծնողի նկատմամբ ազնիվ չէ: Անազնվության այս մթնոլորտում, այս կեղծիքների մեջ դպրոցը չէր կարող մնալ ազնվության կղզյակ: Հետեւաբար, այս առումով է, որ ես կարեւորում եմ հատկապես պետական քաղաքականության սկզբունքներում այն կետի շարադրման անհրաժեշտությունը, որի մասին նաեւ շաբաթներ առաջ խոսեց ՀՀ վարչապետը, այն է՝ դպրոցների քաղաքականացման անթույլատրելիության հարցը»:

ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ճշմարիտյանը նկատեց, որ «Հանրակրթության մասին» օրենքը վերջին տարիներին ընդունված հիմնարար օրենքներից ամենակարեւորն է. «Կարեւոր է նրանով, որ առանց կրթության, առանց նորմալ կրթական համակարգի, առանց բարեկիրթ քաղաքացու՝ անհնարին է պատկերացնել ընդհանրապես նորմալ երկիր, նորմալ տնտեսություն, առավել եւս՝ գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, հասարակություն»: Ըստ Կարեն Ճշմարիտյանի, «դպրոցները պետք է լինեն ապակուսակցական: Ուսուցիչները կարող են դավանել ցանկացած կուսակցության, բայց որպես համակարգ, որպես գործիք՝ դպրոցը եւ ուսուցիչը պետք է լինեն քաղաքականությունից դուրս, որովհետեւ իշխանությունները փոխվում են, այսինքն՝ իշխանության հետ կապվածությունը պետք է լինի միայն պրոֆեսիոնալ հողի վրա»:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հիշեցնելով, որ վարչապետը նախորդ օրը հայտարարել էր, թե իր եւ նախագահի հովանավորությամբ ստեղծվում է «Լույս» հիմնադրամ՝ բարձր վարկանիշ ունեցող համալսարաններում սովորող երեխաներին աջակցելու նպատակով, ասաց. «Սա պետության հեղինակությունը բարձրացնող լուրջ քայլ է, այն առումով, որ մեր քաղաքացիները հավատում են, որ այս պետությունը ուզում է կրթությունը կարեւորել, ուզում է կրթությամբ լուծել բոլոր հարցերը»:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց՝ եթե չկա դպրոց, չկա պետություն. «Եկեք այնպես անենք, որ ընդհանրապես ծնողը իմանա, որ ինքը իրավունք չունի մտնել դպրոց՝ ինչ-որ գումար առաջարկելու, իսկապես անհարմար է, սրբավայր է դպրոցը մեզ համար, մեր երեխաները տասը տարի իրենց օրվա մեծ մասն անցկացնում են այնտեղ: Չմտածե՞նք, այնպես անել, որ սա միանգամից վերանա»: Ասաց նաեւ. «Ես ուզում եմ ասել, որ շատ վատ է մեր դպրոցների վիճակը, սիրելիներս, ես հակված չեմ հավատալու, որ այս օրենքը լիարժեք օգնելու է մեր դպրոցներին ոտքի կանգնել, դպրոցներում կադրային լուրջ խնդիր ունենք, դպրոցի տնօրենների հետ կապված լուրջ խնդիր ունենք, հավատացեք ինձ: Տնօրենները ուղղակի չինովնիկներ են, դպրոցը դարձնում են ընտրատեղամասեր, գաղտնիք չէ, որ ընտրական հանձնաժողովների անդամները հիմնականում ուսուցիչներն են եւ տնօրենները, երեխան եւ ծնողը՝ լցոնումներ կատարող, իր պարտադրանքը ծնողների վրա թելադրող ուսուցչի նկատմամբ այլեւս չունեն հավատ»:

Ինչպես ասում են՝ դուք ասացիք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել