Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՏԵՐ ԵՆՔ ՄԵՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ»

Հոկտեմբեր 04,2008 00:00

\"\"Վստահեցնում է «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը

– Ինչո՞վ եք զբաղված նորաստեղծ Ձեր ղեկավարած՝ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ԱԺ հանձնաժողովում: Գործ կա՞ անելու, թե ուղղակի ստեղծվեց եւս մեկ հանձնաժողով, որ ՕԵԿ-ին պաշտոն տրվի նաեւ խորհրդարանում:

– Աշխատող մարդկանց համար միշտ էլ գործ կա, եթե կա աշխատելու ցանկություն, ինչն էլ գործնականում մենք բազմիցս ենք ապացուցել մեր աշխատանքով: Կարծում եմ, բոլորը գիտեն, որ 2005-ին բարեփոխված Սահմանադրությունը Ազգային ժողովին հնարավորություն ընձեռեց ունենալու մինչեւ 12 հանձնաժողով՝ տարբեր ոլորտներին առանձին հասցեագրված օրենսդրական նախաձեռնություններն առավել մանրամասն քննարկելու եւ եզրակացություններ տալու համար: Այս ամենն ինքնանպատակ չէր եւ արդյունք էր համաշխարհային պառլամենտական պրակտիկայի ուսումնասիրության: Ավելին՝ մենք ժամանակին ունեցել ենք Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով: Նախորդ գումարման խորհրդարանում նշված հանձնաժողովի գործառույթներն իրականացրել է Պետաիրավական հանձնաժողովը, իսկ ես եղել եմ այդ հանձնաժողովի փոխնախագահը: Վստահ եմ, որ նորաստեղծ հանձնաժողովն իր գործունեությամբ կնպաստի մեր երկրում տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում արմատական բարեփոխումների իրականացմանը: Ըստ հանձնաժողովի որդեգրած սկզբունքների՝ կկազմակերպվեն պարբերաբար այցելություններ հանրապետության մարզեր՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին, դրանք ուսումնասիրելու եւ արդարացի եւ իրատեսական լուծումներ տալու նպատակով:

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ է փոխվելու խորհրդարանի նախագահի փոփոխությամբ:

– Գաղտնիք չէ, որ խորհրդարանի նախագահի փոփոխությունը պայմանավորված էր Հանրապետական կուսակցության որոշմամբ, ինչը մեր քաղաքական ուժի կողմից ընդունելի էր՝ նկատի ունենալով Հովիկ Աբրահամյանի աշխատանքային փորձն ու կարողությունները: Ինքս լավատես եմ եւ կարծում եմ, որ այս փոփոխությամբ կբարձրանա հայրենի պառլամենտի աշխատանքի արդյունավետությունը:

– Նախընտրական շրջանում Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ մոլիբդենի գործարանը վաճառվել է էժան գնով՝ 580 մլն դոլարով: Հիմա ձեր կուսակցության ղեկավարը Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարն է, հետաքրքրվե՞լ եք, ինչու այդպես եղավ, չէ՞ որ ընդամենը մի քանի ամիս առաջ այս հարցը Ձեզ խիստ հուզում էր, թե՞ նման վաճառքը այլեւս չեք համարում երկրի անվտանգության դեմ ուղղված քայլ:

– Մոլիբդենի գործարանի եւ շատ այլ օբյեկտների էժան վաճառքի հետ կապված մեր մոտեցումները հստակ են եղել եւ հրապարակային: Ե՛վ Արթուր Բաղդասարյանը, ե՛ւ ՕԵԿ քաղաքական ուժը մշտապես տեր են կանգնել իրենց կողմից որդեգրված սկզբունքներին եւ ծրագրերին: Մենք բազմիցս ենք հրապարակավ քննադատել երկրում իրականացվող այն մասնավորեցման գործընթացները, որոնց քողի ներքո մի շարք դեպքերում հանրային ու պետական ունեցվածքը կոպեկներով՝ ջրի գնով վաճառվում էր, որոշ դեպքերում՝ նույնիսկ ոչ թե աճուրդով, այլ նախապես հայտնի գնորդներին: Բոլորս էինք ականատես, թե ինչպես էին գնահատված արժեքից, որ «շատ հեռու էր իրական արժեքից», օտարվում ժողովրդի ունեցվածքը: Արթուր Բաղդասարյանը դեռեւս Ազգային ժողովի նախագահ եղած տարիներին բազմիցս է քննադատել եւ գործնականում հետեւողականորեն, անզիջում պայքար է մղել այդ արատավոր երեւույթը արմատախիլ անելու համար: Ի պատիվ Ա. Բաղդասարյանի՝ արդարացիորեն պետք է փաստել, որ այս հարցում նա կամք ու վճռականություն ունեցավ եւ ԱԺ Վերահսկիչ պալատի ուսումնասիրության արդյունքները ուղարկեց ՀՀ գլխավոր դատախազություն, ինչի արդյունքում երկրի պետական բյուջե մուտք գործեցին հարյուրավոր միլիոններ, իսկ մեղավորները ենթարկվեցին պատասխանատվության: Արթուր Բաղդասարյանն էր, որ կարողացավ օրենքով վերջ դնել մանկապարտեզների, դպրոցների, գրադարանների եւ տարբեր ուսումնական հաստատությունների մասնավորեցմանը: Ավելին, այսօր արդեն կառավարության ծրագրում ներառված է մեր առաջարկը, համաձայն որի՝ այսուհետեւ մասնավորեցումը պետք է լինի մրցակցային սկզբունքների, շուկայական գների եւ հստակ վերահսկելի ներդրումային ծրագրերի հիման վրա: Սա այլեւս կայացած փաստ է, եւ մենք ապագայում հնարավորինս անելու ենք, որպեսզի գործընթացը լինի բաց եւ հրապարակային:

– Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հայաստանյան այցի մասին իրենց տարբեր դիրքորոշումներն են արտահայտել ե՛ւ ՀՀԿ-ն, ե՛ւ ՀՅԴ-ն, սակայն «Օրինաց երկիրն» այդ հարցի կապակցությամբ դեռ լռում է Գյուլ-Սարգսյան հանդիպման եւ դրա հավանական հետեւանքների մասին: Կարո՞ղ եք ձեւակերպել ձեր կուսակցության տեսակետը:

– Մենք բազմիցս ենք արտահայտել մեր դիրքորոշումն ու կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ: Ե՛վ Ա. Բաղդասարյանի, ե՛ւ ՕԵԿ-ի նախընտրական ծրագրերում հստակ ամրագրված է, որ մենք, չմոռանալով մեր անցյալը, պետք է մտածենք մեր ապագայի մասին, քանզի հարեւաններին մենք չենք ընտրում: Մենք կողմ ենք եղել առանց որեւէ նախապայմանների Թուրքիայի հետ սահմանները բացելու, երկխոսություն եւ տնտեսական հարաբերություններ սկսելու քաղաքականությանը: Մենք դրական ենք գնահատել Սերժ Սարգսյանի՝ Աբդուլլա Գյուլին Հայաստան հրավիրելու նախաձեռնությունը: ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա. Բաղդասարյանը վերջերս մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասն անդրադարձավ այս հարցերին, ըստ արժանվույն գնահատեց Ազգային անվտանգության խորհրդի եւ երկրի նախագահի կողմից վարած կառուցողական, հավասարակշռված ու նախաձեռնող արտաքին քաղաքականությունը, որը նպաստելու է երկրի ու պետության համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել