Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽԱՆԳԱՐԵՑ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄԵՂՐԱՄԻՍԸ

Հոկտեմբեր 04,2008 00:00

Երեկ պետք է տեղի ունենար մարտի 1-ի դեպքերը եւ դրանց պատճառները ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին որպես ականատես պետք է մասնակցեր, ըստ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, «Ա1+»-ի օպերատորը, ով նկարահանել է մարտի 1-ի դեպքերը՝ Մյասնիկյանի արձանի եւ Ֆրանսիական դեսպանատան մոտ: Հիշեցնենք, որ այս տեսագրությունը դիտել են հանձնաժողովի անդամները, եւ դիտումից հետո այն ուղարկվել է իշխանական փորձագետների, որոնք եւ պնդում էին, որ տեսանյութում պատկերվածները ոչ թե մարդու, այլ խոճկորի ծնոտ է, այտոսկր, իսկ պատի վրայի բծերը ոչ թե արյան, այլ բենզինի կամ սոլյարկայի հետքեր են:

Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը երեկ լրագրողներին հայտնեց հետեւյալը. «Մենք սպասում էինք օպերատորին, որը պետք է նիստին մասնակցեր որպես ականատես, բայց մեզ ասացին, որ նա չի կարող գալ, եւ առաջարկեցին, որ գա ընկերության ղեկավարը: Մենք հանձնաժողովում քննարկեցինք եւ խնդիր չունենք, կարող է գալ եւ ընկերության ղեկավարը, բայց մեզ համար կարեւոր է ականատեսը, քանի որ շատ կարեւոր հարցերի պատասխաններ, կարծում եմ, նա կարող էր տալ: Բայց մենք գտանք, որ նիստը անհրաժեշտ է հետաձգել՝ մինչեւ կգա օպերատորը, եւ այդ դեպքում կարող է մասնակցել նաեւ ընկերության ղեկավարը կամ՝ ով կուզի»:

«Ա1+» ընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը «Առավոտի» հարցին՝ փաստորեն ժամանակավոր հանձնաժողովի նիստը տեղի չունեցավ, քանի որ ձեր օպերատորը չէր կարող մասնակցել հանձնաժողովի նիստին, ասաց. «Ես իրենց տվեցի բացատրություն, որ մեր օպերատորը, որն այդ օրն աշխատել է եւ այդ կադրերը իրեն են պատկանում, գտնվում է մեղրամսի մեջ: Նոր ամուսնացած մարդ է եւ գնացել է հարսանեկան շրջագայության: Եթե այս երկիրը չի կարողանում ճշմարտությունը պարզել, քանի որ մեղրամիս է մեզ մոտ՝ ավելի լավ է, երեւի, երկրի գործունեությունը դադարեցնեն ժամանակավոր, մինչեւ մեր օպերատորը վերադառնա եւ իր ծանր խոսքը ասի»: Պարզեցինք, որ օպերատորը կվերադառնա, հավանաբար, երեք շաբաթ հետո:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել