Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԱՎՐՈՎԸ ԴԵՄ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԿԱՊԵՐԻՆ

Հոկտեմբեր 04,2008 00:00

«Ռուսաստանին չի անհանգստացնում այն, որ Հայաստանը շարունակում է զարգացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ»:

Այդ մասին երեկ Երեւանում հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ իր հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Ռուսական կողմը եւս պահպանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության իր ձեւաչափերը, գոյություն ունի Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդ, չնայած՝ Դաշինքի որոշ անդամներ փորձում են կասեցնել առկա հարցերի քննարկումը»,- ասաց Լավրովը, հիշեցնելով, որ Ռուսաստանը, ինչպես եւ Հայաստանը, Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի անդամ է: «Վտանգը՝ դեպի Արեւելք ՆԱՏՕ-ի մեխանիկական ընդլայնման ձգտման մեջ է: Եթե ՆԱՏՕ-ն վերափոխվի իր հայտարարած նպատակներին համապատասխան՝ նոր սպառնալիքների դեմ համատեղ պայքարի համար, ապա մենք հետագա համագործակցության հնարավորություն ենք տեսնում»,- շարունակեց ՌԴ ԱԳ նախարարը: Նա նշեց նաեւ, թե ռուսական կողմը կարող է միայն ողջունել հայ-վրացական առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման մասին պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Հայաստանի նախագահի՝ օրերս Թբիլիսի կատարած այցի ընթացքում, հույս հայտնելով, որ այդ պայմանավորվածությունների լույսի ներքո կբացառվի վրաստանյան իրադարձությունների ընթացքում ստեղծված իրավիճակի կրկնության հնարավորությունը, երբ «դեպի Հայաստան իրականացվող բեռնափոխադրումների համար արհեստական խոչընդոտներ էին ստեղծվում»:

Թուրքական վերջին խաղաղարար նախաձեռնությունների առնչությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, թե Հայաստանը ողջունում է բոլոր այն ծրագրերը, որոնց նպատակը Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովումն է: Նրա խոսքերով, չնայած դեռ հայտնի չեն «Կովկասյան պլատֆորմի» ձեւաչափը, աշխատանքի մեխանիզմները եւ մասնակիցների կազմը, պաշտոնական Երեւանի վերաբերմունքն այդ նախաձեռնությանը դրական է: Նալբանդյանն ասաց նաեւ, որ թուրքական առաջարկությունը քննարկվել է նախորդ շաբաթ Նյու Յորքում՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպման ընթացքում: Նույն կապակցությամբ Սերգեյ Լավրովը հիշեցրեց, որ Թուրքիայի ներկայացուցիչներն արդեն մի շարք հանդիպումներ են ունեցել շահագրգիռ կողմերի հետ, որոնց ընթացքում քննարկվել է «Կովկասյան պլատֆորմի» ձեւավորման գաղափարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել