Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուղերձը եւ «մարտի 1-ը»

Հոկտեմբեր 04,2008 00:00

Խորհրդարանական ուժերը երեկ քննարկեցին Սերժ Սարգսյանի ուղերձը

Երեկ խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի միակ թեման ՀՀ նախագահի ուղերձն էր: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց. «Ուղերձը հնարավորություն տվեց մեզ ծանոթանալու նախագահի առաջիկա ցանկություններին, նպատակներին, ծրագրերին, եւ ես ողջունում եմ այս ուղերձը»:

«Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչները ուղերձի որոշ դրույթների մասին փորձեցին այլընտրանքային կարծիք հայտնել: Անահիտ Բախշյանը, օրինակ, հայտարարեց, որ ուղերձի բոլոր «լավ հատվածները» նախագահը «վերցրել» էր Րաֆֆի Հովհաննիսյանի տարբեր առիթներով ասված մտքերից. «Ի պատիվ այս ուղերձը գրողների, պետք է ասեմ, որ դրանում լավ դարձվածքներ կային, եւ նրանք օգտագործել էին դարձվածքներ, որոնք շրջանառվում են հաճախ ընդդիմության այս կամ այն ղեկավարի շուրթերից, մասնավորապես՝ այնտեղ ասվում էր, որ կայունությունը միշտ չէ, որ լավ է, կայունությունը կարող է նաեւ լճացում բերել: Մեկ ուրիշ միտք. Րաֆֆի Հովհաննիսյանը հաճախ է խոսում հեռախոսային արդարադատության անհարիրության մասին, անթույլատրելիության մասին, ես ուրախ եմ, որ նախագահը ինքը նույնպես դա շեշտեց, ուրախ եմ նաեւ, որ նախագահը ասաց, որ իր օրինակով ցույց կտա, թե ինչ է նշանակում այս խոստումները»:

Ըստ ոմանց՝ մարտի 1-ի իրադարձությունների մասին ուղերձում ոչինչ չկար, իսկ ըստ Հրայր Կարապետյանի՝ կար. «Ես այն կարծիքին չեմ, որ այդ խնդիրը չկար ուղերձում, երբ խոսք է գնում քաղաքական ուժերի համախմբման մասին, երբ խոսք է գնում առողջ քաղաքական պայքարի մասին, դրանք ուղղակիորեն կապված են մարտի 1-ի եւ արմատական ընդդիմության հետ: Այդ կերպ նախագահը, կարծում եմ, բավականաչափ այդ մասին ասաց: Ինչ վերաբերում է մոնիտորինգի խմբի ասածներին (ասվել էր, որ հարկավոր է համաներում իրականացնել քաղաքական հայացքների համար դատապարտվածների մասով- Մ. Ե.)՝ դա միջանկյալ զեկույց էր, եւ այդպես էլ սպասելի էր: Դատավարությունները դեռ չեն սկսվել, գործերը հանձնված են դատարան, եւ այս ընթացքում խոսել, թե ինչ ընթացք կունենան դատավարությունները՝ դեռ վաղ է, դեռ վաղ է խոսել նաեւ այն մասին, թե Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ՝ քանի դեռ դատարանի վճիռը չի եղել: Մի բան պետք է հասկանանք. համաներում շնորհել բոլորին ճիշտ չէ եւ արդար չէ , որովհետեւ 10 հայ մարդ է զոհվել, ո՞վ է մեղավոր այդ զոհերի համար, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, որոշները դարձել են հաշմանդամ, թալանվել են խանութներ, մասսայական անկարգություններ են եղել, այսինքն՝ արդյոք մենք բոլորս համաձա՞յն ենք, որ հարյուր տոկոսով բոլորն ազատ արձակվեն, եւ մենք ձեւացնենք, թե ոչինչ չի եղել»: «Առավոտը» նկատեց, որ նրանք, ովքեր ազատազրկված են՝ չեն ազատազրկվել սպանության կամ ինչ-որ մեկին վիրավորելու մեղադրանքով, եւ հայտնի է, որ զոհերից որեւէ մեկին սպանելու մեղադրանքով դեռ ոստիկանությունը որեւէ մեկին չի կարողանում գտնել եւ ազատազրկել: Նաեւ մեր զարմանքը հայտնեցինք, որ ժամանակին, «իրավիճակի փոփոխության» արդյունքում բանտից դուրս եկած կուսակցության ներկայացուցիչը նման ոչ զգայուն պատասխաններ է տալիս խիստ զգայուն այս հարցի կապակցությամբ: Հրայր Կարապետյանն ի պատասխան՝ ասաց. «Ես մի քանի անգամ ասել եմ, նաեւ դաշնակցական տարբեր գործիչներ ասել են, որ Հայաստանում պետք է բացառվի քաղբանտարկյալների իրողությունը: Մենք ուշի-ուշով հետեւելու ենք, որ այն, ինչ տեղի է ունեցել մեզ հետ՝ չկրկնվի, քաղաքական նկատառումներով որեւէ քաղաքական գործիչ չպետք է դատապարտվի, սա մեր մոտեցումն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել