Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՑՈՒՑԱՐԱՐՆԵ՞ՐՆ ԵՆ ԻՐԱՐ ՎՐԱ ԿՐԱԿԵԼ

Հոկտեմբեր 04,2008 00:00

\"\"Սա «Մարտի 1»-ի գործի նյութերից բխող միակ արտառոց բացահայտումը չէ: Պարզվում է նաեւ, որ նույն անձինք նույն դեպքի մասին տարբեր ցուցմունքներ են տվել քննիչներին ու փորձագետներին:

«Մարտի 1»-ի մայր գործի նյութերից ակնհայտ է նախաքննական մարմնի միտումը՝ հնարավորինս կոծկել կամ առնվազն թեթեւացնել ոստիկանության եւ զինված ուժերի մեղքը եւ առավելագույնս շատ տվյալներ հավաքել ցուցարարների դեմ՝ նրանց ի սկզբանե որոշված «մեղավորության կանխավարկածը» հաստատելու համար: Եվ այս ձգտումն ակնհայտ դրսեւորվել է անգամ տուժողների հարցաքննությունների ընթացքում:

«Ռենկո» ֆիրմայի էքսկավատորավար, 43-ամյա Արսեն Բազեյանը ոտքին հրազենային վերք էր ստացել մարտի 1-ին: Ինչպես պատմել է մարտի 12-ին, որպես վկա հարցաքննության ընթացքում, մարտի 1-ին տուն գնալիս Մյասնիկյանի արձանի մոտ «որոշեցի հետաքրքրությանս համար այդ ցուցարարներին նայելով շարունակել ճանապարհս, քանի որ մինչ այդ նման բան չէի տեսել»: Ըստ նրա՝ ոչ մի անգամ ընտրությունների եւ հանրահավաքների չի մասնակցել. «Ես կրիշնայական եմ ու նման բաների չեմ մասնակցում, Լեւոն Տեր-Պետրոսյանին էլ չեմ հավատում ու չեմ համակրում»: Հետո Արսեն Բազեյանը հայտնվել է Մաշտոցի պողոտայում. «Այդ ընթացքում ավտոմատի կրակահերթեր հնչեցին զինվորների կողմից դեպի բազմության կողմը, բայց ոչ ոք չվիրավորվեց, որից հասկացանք, որ փամփուշտներն առանց գնդակի էին, եւ ես դրանից ինձ հանգիստ զգացի: Նման ոչ մարտական կրակահերթեր մի քանի անգամ հնչեցին: Քիչ անց, երբ ես գտնվում էի դեպի ձկան խանութ խաչմերուկի վրա, այդ պահին աջ ազդրիս շրջանում ուժգին հարված զգացի»: Եվ սկզբում անգամ կարծել է, թե ռետինե գնդակի հարված է ստացել: Քննիչի հարցին, թե նկատե՞լ է՝ ո՞վ էր իր վրա կրակողը, Արսեն Բազեյանը պատասխանել է. «Կրակողին չեմ տեսել, բայց դրա ուղղությունից կարող եմ ենթադրել, որ այն արձակվեց բազմության միջից, քանի որ, ինչպես նշեցի, զինվորները կրակում էին ոչ մարտական փամփուշտներով»: Այդ ենթադրությունը օգոստոսի 26-ին, երբ նա հարցաքննվել է իբրեւ տուժող՝ արդեն վերածվել է համոզմունքի: «Ոտքիս վնասվածքը ստացել եմ ամբոխի կողմից կատարված կրակոցից,- պնդել է Արսեն Բազեյանը, թեեւ նաեւ ասել էր, որ անցած ամիսների ընթացքում նոր հանգամանքներ իրեն հայտնի չեն դարձել:- Կրկին պնդում եմ, որ կոնկրետ չեմ տեսել, թե ում կրակոցից եմ ստացել վնասվածքս, բայց կարծում եմ, որ կրակել են ամբոխի միջից»:

Բեկորային վերք ստացած 45-ամյա Արթուր Մուրադյանը մարտի 5-ի հարցաքննության ժամանակ ասել է, որ մարտի 1-ին եկել էր Մաշտոցի պողոտա, «որ տեսնեի, թե ինչ է կատարվում քաղաքում»: Եվ պատմել է, որ շուկայի մոտ «ժամը 20.30-ի սահմաններում տարբեր կողմերից կրակոցներ արձակվեցին, սակայն չեմ կարող ասել, թե կրակոցները բազմությա՞ն միջից էին, թե՞ ոստիկանության կողմից: Իսկ ժողովրդի կողմից քարեր էին նետվում հավաքված ոստիկանների եւ զինվորների կողմը»: Ստացվում է, թե ով է քարեր նետել՝ ակնհայտ է, իսկ թե որ կողմից են կրակել՝ հարցական. «Պռոշյան փողոցի կողմից ավտոմատի լուսարձակային կրակոցներ հնչեցին, սակայն ոչ թե բազմության վրա, այլ ժողովրդի կողմը, բայց դեպի օդ»: Արթուր Մուրադյանը նաեւ պատմել է, որ կրակոցները դադարելուց հետո որոշել է բարձրանալ ձկան խանութի մոտ, «որ տեսնեմ, թե այնտեղ ինչ է կատարվում: Եվ մոտ 15-20 մետր չէի քայլել դեպի ձկան խանութի կողմը, երբ ձախ ազդրիս առաջնային մասում սուր ցավ ու հարված զգացի: Կրակոցը կամ կրակողին չտեսա. միայն նկատեցի, որ իմ դիմաց՝ իմ կանգնած տեղից մոտ 30-40 մետր հեռավորության վրա՝ դեպի Պռոշյան փողոց տանող ճանապարհին, որտեղ կանգնած էին ջրցան 2 մեքենաներ, նրանց մոտ կանգնած էին ոստիկանության աշխատողներ, սակայն մթության պատճառով չեմ նկատել, թե նրանք ինչով էին զինված: Չնկատեցի նաեւ, թե որտեղից եւ ովքեր կրակեցին ինձ վրա»:

Ահա այսպես. նույնիսկ այն դեպքում, երբ տուժողն ակնհայտ նշել է, թե ում դիմաց հայտնվելուց հետո է հրազենային վերք ստացել՝ էլի «անհայտ» է մնացել, թե ով է կրակել: Սրա մի օրինակն էլ կրակոցից վիրավորված 38-ամյա Արթուր Բարսեղյանի հետ կատարվածն է, որը մարտի 4-ի հարցաքննության ընթացքում պատմել է, թե աշխատանքից տուն գնալու ճանապարհին է հայտնվել այնտեղ. «Պարոնյան 2 եւ Մաշտոցի 3 միմյանց կպած շենքերի անկյունի մասում իմ գնալու մայթը փակել էին վահաններով պաշտպանվող հավանաբար ոստիկանության զորքերի զինվորները: Դեռ նրանց չհասած՝ մոտ 5-6 մետրի վրա լսվեցին կրակահերթերի ձայներ, թեեւ չեմ կարող ասել, թե որ կողմից: Բայց ես ձեռքերս վեր բարձրացրած սկսեցի գոռալ, որ տուն եմ գնում: Այդ ժամանակ էլ զգացի աջ ոտքիս ազդրի մասում սուր ցավ, անսովոր ջերմություն: Ձեռքս տարա ազդրիս հետեւի մասը եւ տեսա, որ ձեռքս արյունոտվեց»: Սակայն հետո քննիչի հարցին պատասխանում է. «Իմ դիմաց կանգնած ոստիկանների ձեռքին ես ինքնաձիգներ կամ այլ զենքեր չեմ տեսել: Նրանք միայն վահաններ ունեին, որոնք հենած գետնին, պատնեշ էին կազմել: Բացի այդ՝ հրազենային վնասվածքս ազդրիս ետեւի մասից է, իսկ ես դեմքով էի կանգնած զինվորականներին»: Նա ցուցմունքում բազմիցս պնդել է, թե չի տեսել՝ ով եւ որտեղից է իր վրա կրակել. «Միայն կարող եմ հաստատապես հայտնել, որ իմ թիկունքի հատվածում եւ դրան հարակից հատվածներում ոչ զինվորականներ կային եւ ոչ էլ ոստիկաններ: Այդ հատվածում խումբ-խումբ կանգնած են եղել ցուցարարներ, որոնց վրա ես ուշադրություն չեմ դարձրել»:

Նշենք, որ նույն Արթուր Բարսեղյանը դատաբժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետին մարտի 7-ին այլ մանրամասներ է հայտնել իր վիրավորվելու մասին, եւ այս տվյալները եւս առկա են գործի նյութերում, որ նա պատմել է. «Ճանապարհին կանգնած էր զինվորականների շարքը: Նրանցից մեկը օդ է կրակել, եւ երբ ինքը վախից հետ է գնացել՝ այդ ժամանակ իր վրա կրակել են»: Սակայն երբ մարտի 25-ի լրացուցիչ հարցաքննության ժամանակ քննիչներն Արթուր Բարսեղյանից պահանջել են պարզաբանել հակասությունը՝ նա պնդել է նախաքննական մարմնին ասածը. «Երբ ես մոտեցել եմ, ոստիկաններից ոչ մեկը չի կրակել: Ես նման բան չեմ տեսել: Լսել եմ կրակոցներ ինձ անհայտ ուղղությունից, որից հետո ստացել եմ աջ ոտքիս վնասվածքը հետեւից, ոստիկանները կանգնած են եղել իմ առջեւի մասում: Նույնը ասել եմ նաեւ փորձագետին, թե նա ինչու է այդպես նշել՝ ես ասել չեմ կարող: Համոզված եմ, որ եղել է թյուրիմացություն. հավանաբար նա սխալ է հասկացել եւ հետո մեկնաբանել իմ ասածը»:

Ի դեպ, նման բան եղել է նաեւ ԱՄՆ քաղաքացի Հովհաննես Ասատրյանի դեպքում, որը փորձագետին իր վիրավորվելու հանգամանքներն այսպես էր ներկայացրել, թե մարտի 1-ին ձկան խանութի մոտ, երբ հնչել են կրակոցներ, «նկատել է, որ իր առջեւ կանգնած է մոտ 13-14 տարեկան երեխա, որի վրա ինչ-որ մեծ գնդակի ձեւի բան է թռնում: Ինքը հրել է այդ երեխային, եւ այդ բանը վիրավորել է իրեն՝ կպնելով որովայնին»: Իսկ հետո քննիչին ասել է. «Ես փորձագետի մոտ որեւէ երեխայի մասին ոչինչ չեմ հայտնել, այլ ասել եմ, որ խառնաշփոթ վիճակ էր, բոլորը հրում էին իրար, կային եւ երիտասարդներ եւ մեծահասակներ: Փորձագետը հավանաբար ճիշտ չի հասկացել իմ միտքը»:

Դատարանում թերեւս կպարզվի՝ փորձագետնե՞րն են վատ հասկացել տուժողների պատմածը, թե՞ քննիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել