Ահա այսպիսին են հայաստանյան ընդդիմության երկու ներկայացուցիչների գնահատականները Սերժ Սարգսյանի ուղերձի վերաբերյալ:
Սեպտեմբերի 2-ին ՀՀ խորհրդարանում երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձով դիմեց ժողովրդին եւ օրենսդիրներին: Հակառակ իշխանական կոալիցիայի՝ ուղերձի բովանդակությանն առնչվող հիացական գնահատականների, ընդդիմության գործիչները այդ ուղերձը գնահատեցին որպես «պարզունակ», «անգրագետ կառուցված» եւ այլն:
«Հիացած» եմ այդ ուղերձով,- ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը եւ բացատրեց, թե ինչու,- դրանում բացարձակ ոչինչ չասվեց, ակնհայտ դարձավ նաեւ, որ Սերժ Սարգսյանի գործելաոճում ոչինչ չի փոխվել: Եթե նա այդ ուղերձը ուզում էր ներկայացնել որպես սեփական PR, ապա դա նրան ոչ միայն չհաջողվեց, այլեւ հակաքարոզչություն եղավ հենց իր դեմ, որովհետեւ ակնհայտ էր, որ ոչ միայն ինքը ասելիք չուներ, այլեւ նրա կողքին եղած մարդիկ իրեն հուշելու ոչինչ չեն ունեցել: Զարմանալիորեն անգրագետ տեքստ էր եւ ամոթ էր, որ մի երկրի նախագահ, որը կարծում է, թե ինքը իրոք երկրի նախագահ է, կարող է իրեն թույլ տալ այդպիսի տեքստով ժողովրդի առաջ հանդես գալ: Պրիմիտիվ էր շատ: Կարծում եմ, որ եթե ինքը որոշել էր առաջին անգամ հանդես գալ խորհրդարանում, ապա հասարակությանը պիտի լուրջ ասելիք ունենար: Եթե նրա նպատակը ԱԺ-ի հեղինակության բարձրացումն էր, ապա կրկին համոզվեցինք, որ ոչ միայն ԱԺ-ն չի կարող իր հեղինակությունը բարձրացնել, այլեւ նույնիսկ երկրի նախագահը ի վիճակի չէ ԱԺ-ին թարմ շունչ հաղորդել»:
Իսկ ի՞նչ էր ակնկալում այդ ուղերձից ՍԴՀԿ ատենապետը: «Վերջին օրերին շատ էր խոսվում համաներման մասին, ինչը չեղավ: Բայց իմ դժգոհությունը դրանով չի պայմանավորված, թեեւ այդ իմաստով ինչ-որ սպասելիք կար: Եթե Ս. Սարգսյանը կարողանար իրեն թույլ տալ համաներման մասին խոսել, միգուցե ինքը ինչ-որ բան փրկեր, միգուցե այդ դեպքում լսողը մոռանար ուղերձի պրիմիտիվ լինելու փաստը, եւ մարդիկ կենտրոնանային այն մտքի վրա, որ մարդը պատրաստակամություն հայտնեց համաներում անել՝ այդպիսով փորձելով երկխոսություն եւ հարաբերություն հաստատել հասարակության հետ: Ես ինքս համաներման հետ կապված հույսեր չունեի, բայց կուզեի ավելի գրագետ խոսք լսել եւ լրջագույն ասելիք՝ ապագա ծրագրերի վերաբերյալ, հայ-թուրքական հարաբերությունների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունների»,- ասաց տիկին Սարգսյանը՝ ուղերձը գնահատելով որպես «ջուր ծեծոցի»:
ՀԺԿ մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանն էլ ասաց, թե ուղերձի բովանդակությանն անդրադառնալն անիմաստ է, որովհետեւ այն բացարձակ ոչինչ չի ասում. «Ինչ-որ հայտարարություններ են արվում, ցանկություններ են հնչեցվում, որոնք որեւէ կապ չունեն իրականության հետ: Եվ դրանք հնչեցնողը հրաշալի գիտի, որ դա պարզապես հերթական աչքակապություն է»: Ռ. Խաչատրյանի դիտարկմամբ, Ս. Սարգսյանը ԱԺ-ում հռչակեց այն, ինչի հակառակը նա գործնականում անում կամ խրախուսում է: Նրա ասելով, իշխանություններն ու գործող նախագահը «աշխատում են դրսի աչքերի համար՝ իրականում ոտնահարելով ժողովրդի կամքը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, վտանգելով պետության ապագան»:
Ռ. Խաչատրյանն ասաց, թե ինքը այդ ուղերձից որեւէ ակնկալիք չուներ. «Ես չգիտեմ, թե ով կարող էր ակնկալիք ունենալ: Մենք՝ ես եւ իմ ընկերները, բացարձակապես որեւէ ակնկալիք չունեինք: Ակնհայտ էր նաեւ, որ համաներման մասին հայտարարություն էլ չէր լինելու: Ես չեմ ուզում խոսել հիմա անազատության մեջ գտնվող մարդկանց անունից, բայց այդ համաներումն էլ ձեռք առնել կնշանակեր այն մարդկանց հանդեպ, որոնք հանցագործություն չեն գործել եւ Ս. Սարգսյանի մատնանշած «արդարադատության» ձեռքով հայտնվել են ճաղերի ետեւում: Միակ արդարադատությունը, որ այսօր գոյություն ունի մեր երկրում՝ «փողոցային արդարադատությունն» է, երբ մարդկանց կարելի է գնդակահարել փողոցում, երբ նրանք ցույցի են դուրս գալիս, մարդուն կարելի է ծեծել սպանության աստիճանի, մարդուն կարելի է ոստիկանության պատուհանից դուրս նետել եւ սպանել ու նման այլ փաստեր: Սա է Հայաստանի արդարադատությունը: Միակ ակնկալիքը, որ ժողովուրդն ունի իշխանություններից եւ Ս. Սարգսյանից, դա նրանց ցտեսություն ասելն է»: