Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն իրեն չի արդարացնում. այս մասին «Իրավունք դե ֆակտո» ակումբում երեկ կայացած ասուլիսում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Վարդան Խաչատրյանը. «Այն, ինչ տեղի է ունենում ԱԺ-ում՝ դուք բոլորդ պարզորոշ տեսնում եք, որ ընդամենը միտված է մեկ բանի՝ արդարացնել իշխանությունների գործողությունները եւ մեղավորների բացակայության դաշտ ապահովել»: Նա տարօրինակ համարեց վերջերս «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստում դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանի արած պնդումները, թե «ոսկրային բեկորները մարդու չեն, այլ՝ խոճկորի, այտոսկրը խոճկորի է, լեզուն՝ ոչխարի կամ հորթի»: Ըստ Վարդան Խաչատրյանի՝ «Դժվար է պատկերացնել, թե Երեւանի կենտրոնում որտեղի՞ց ի հայտ եկավ կենդանական աշխարհի ներկայացուցիչների այդ բազմությունը՝ խոզեր, կովեր, հորթեր եւ այլն: Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, թե Տեխասի գյուղերից մեկում է տեղի ունեցել այդ փոխհրաձգությունը, որի ընթացքում նախիրը քշելիս են եղել, որ գյուղ մտցնեն, եւ ինչ-որ մի քանի կենդանիներ էլ այդ արանքում զոհվել են: Այս ամենը վկայում է, որ վերջին հաշվով՝ առավել հավանական է, որ այդ ընդհանուր գործընթացը կվերածվի ֆարսի»: Մինչդեռ, ըստ նրա, ԱԺ հանձնաժողովը մինչ այժմ չի տվել այն հարցերի պատասխանը, թե մարտի 1-ին մարդկանց վրա կրակելու հրամանն ո՞վ էր տվել եւ այլն: Հայտնեց, թե այդ հարցերի պատասխանները գտնելու համար «Ժառանգություն» խմբակցությունը ձեռնամուխ է լինելու ինքնուրույն փաստեր հավաքելուն. «Մենք մեզ ազատ ենք համարում որոշ ուսումնասիրություններ կատարել եւ գալ որոշակի եզրահանգումների»: Բացի այդ, ըստ պրն Խաչատրյանի, «Ժառանգությունը» մասնակից կլինի նոր ստեղծվելիք փաստահավաք խմբի աշխատանքներին: