Սնանկացած «Lehman Brothers» ներդրումային հսկայի նախկին նախագահ եւ գլխավոր տնօրեն Ռիչարդ Ֆալդ կրտսերը դեռ վերջերս տասնյակ միլիոններ էր վճարում շքեղության առարկաներ գնելու համար: Իսկ այսօր նախկին մագնատն ինքը ֆինանսական աջակցության կարիք ունի, որը փնտրել որոշել է ռուս օլիգարխների շրջանում: «Observer»-ը տեղեկացնում է, որ նա մոտ օրերս պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ նկարների իր եզակի հավաքածուն վաճառելու համար:
Պարոն Ռիչարդը եւ նրա տիկինը՝ Քեթին, դիմել են «Christiens» աճուրդային գրասենյակ՝ խնդրելով վաճառել հետպատերազմական շրջանի նկարիչների 16 հազվագյուտ կտավները, որոնց մեջ են Արշիլ Գորկու, Վիլլեմ դե Քունգի, Բեռնենտ Նյումմանի ստեղծագործությունները: Հետաքրքիր է, որ կոլեկցիոներ եւ «Museum of Modern art» ժամանակակից արվեստների թանգարանի խորհրդի անդամ Քեթի Ֆալդը նախկինում երբեք չի երեւացել արվեստի գործերի վաճառքներում: Սակայն Ամերիկան համակած վերջին ֆինանսական ճգնաժամը հարվածել է նաեւ այդ երկրի ամենահարուստ մարդկանց գրպանին:
Հիմա, երբ ամբողջ Ամերիկան հուսահատ պայքարում է ֆինանսական կայունություն ձեռք բերելու համար, հարց է առաջանում, թե ո՞վ կարող է գնել $15-20 միլիոն արժեցող նկարների այդ հավաքածուն: Պարզվում է՝ եվրոպացիները եւ մասնավորապես՝ ռուսները: Հենց դրա համար է, որ նկարներն առաջին հերթին ուղեւորվում են Մոսկվա, որից հետո միայն` Լոնդոն:
Հավաքածուի տերերը չեն թաքցնում, որ առաջին հույսը Ռոման Աբրամովիչն է եւ նրա հարսնացուն՝ Դաշա Ժուկովան: