Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ՀԱՅԵՐՍ ՊԱՅՔԱՐՈՂ ԱԶԳ ԵՆՔ»

Հոկտեմբեր 03,2008 00:00

Հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանի հրավերով առաջին անգամ Երեւան է ժամանել աշխարհի 7-րդ, Արգենտինայի 1-ին թենիսիստ Դավիթ Նալբանդյանը:

Երեկ հանրահռչակ թենիսիստը «Masters Class» ակումբում իր վարպետության գաղտնիքներն ուսուցանեց Հայաստանի պատանի թենիսիստներին, ինչպես նաեւ հանրապետությունում օրեցօր զարգացող մարզաձեւի սիրահար մանուկներին: Իսկ մինչ այդ, Դավիթ Նալբանդյանը հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Ասուլիսի սկզբում Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանն ընդգծեց, որ Դավիթ Նալբանդյանը միշտ էլ շեշտել է իր հայկական արմատները: «Օրինակ, 2002 թվականին Ուիմբլդոնյան մրցաշարի եզրափակիչում հայտնվելով՝ Դավիթը հայտարարել է, որ ինքը հայկական ծագում ունի, եւ որ մենք՝ հայերս, պայքարող ժողովուրդ ենք: Շատերը գիտեն, որ Նալբանդյանը, սկսած 2003 թվականից, յուրաքանչյուր մրցաշրջան եզրափակել է պրոֆեսիոնալ թենիսիստների դասակարգման ցուցակի լավագույն տասնյակում, իսկ 2005 թվականին եղել է երրորդը: Ասուլիսից հետո կայանալու է Արգենտինայի եւ Հայաստանի թիվ մեկ թենիսիստներ Նալբանդյանի եւ Հարություն Սոֆյանի ընկերական հանդիպումը: Դա հայաստանցու համար պատմական խաղ է լինելու: Ովքեր տեղյակ չեն, հիշեցնեմ, որ նրանք 10 տարի առաջ Մոսկվայում մեկ անգամ հանդիպել են պատանեկան մրցաշարում, եւ այն ժամանակ հաղթել է Դավիթը»,- տեղեկացրեց պրն Փամբուկյանը:

Աշխարհահռչակ թենիսիստի այցի հետ կապված հետաքրքրությունը, հասկանալի է, անսահման էր, հետեւաբար, հարցերն էլ բազմաբնույթ էին:

Առաջին երկու հարցը տվեց «Առավոտը»:

– Թենիսիստ Դավիթ Նալբանդյանին Հայաստանում անգամ երկու տարեկան երեխաներն են լավ ճանաչում: Պատմեք ձեր ընտանիքի մասին: Ինչպե՞ս են ձեր նախնիները հայտնվել Արգենտինայում:

– Հպարտ եմ իմ առաջին հայրենիքում լինելու համար եւ այս հրավերքի համար նախ շնորհակալություն եմ հայտնում պարոն Էռնեկյանին, «Fruitfull Armenia» կազմակերպությանը եւ «Con

verse Bank»-ին, որոնք հնարավոր դարձրին իմ այցը Հայաստան: Վստահ եմ, որ երեխաների հետ թենիս խաղալու ժամանակ մեծ հաճույք կստանամ: Նաեւ ցանկանում եմ շատ տեղերում լինել եւ հավատում եմ, որ իմ այս այցելությունը հաճելի կլինի ոչ միայն ինձ համար: Շնորհակալ եմ նաեւ Հայաստանի թենիսի ֆեդերացիային, որ համաձայնել է իմ այս այցելությանը, թույլատրել խաղալ Երեւանում: Հուսով եմ, որ սրանից հետո ավելի հաճախ կլինեմ Հայաստանում, եւ միասին ավելի շատ ժամանակ կանցկացնենք:

1900-ականների սկզբներին շատ հայեր էին լքում հայրենիքը: Դա Մեծ եղեռնի տարիներն էին: Իմ պապը եկել է Բուենոս Այրես, բայց, քանի որ շնչառության հետ կապված խնդիրներ է ունեցել, տեղափոխվել է Կորդոբա, որտեղ օդն ավելի լավն է: Այդպես իմ հայրը եւ մեր ողջ ընտանիքը ծնվել ենք Կորդոբայում:

– Այսինքն՝ դուք ցեղասպանությունից տուժա՞ծ եք:

– Իհարկե: Այո:

– Ինչո՞ւ հիման այցելեցիք Հայաստան:

– Ես ավելի վաղ էլ նման ցանկություն ունեցել եմ: Բայց պետք է տեղյակ լինեք, որ պրոֆեսիոնալ թենիսիստի ժամատախտակը խիստ հագեցած է: Այս պահին, հաջորդ մրցաշարից առաջ, ժամանակ ստեղծվեց: Հիմա Հայաստանում լավագույն դեպքում կարող եմ անցկացնել երկու-երեք օր: Բայց ակտիվ թենիսը թողնելուց հետո ավելի հաճախ կգամ, թեկուզ՝ ուղղակի հաճույք ստանալու համար:

– Թենիսի աշխարհում հայերի ճանաչո՞ւմ եք:

– Սարգիս Սարգսյանին: Անդրե Աղասու հետ էլ հաճախ հանդիպել ենք:

– Քաղաքական դաշտում ասում են, որ Արգենտինային եւ Հայաստանին կապող կամուրջը Դավիթ Նալբանդյանն է: Այս գնահատականի մասին ի՞նչ կասեք:

– Շատ հպարտ եմ դա լսելու համար: Այնպիսի տպավորություն ունեմ, որ մի ոտքով Արգենտինայում եմ, մյուսով՝ Հայաստանում:

– Դավիթ Նալբանդյանը տանուլ է տալիս առաջին հիսունի մեջ մտնողներին, բայց նաեւ հաղթում է տասնյակը գլխավորող ուժեղագույն թենիսիստներին…

– Թենիսը դժվար մարզաձեւ է այն առումով, որ միշտ փոխվում են երկրները, խաղադաշտերը, գնդակները: Տարվա ընթացքում, իսկ մրցաշարերն անցկացվում են գրեթե ամեն շաբաթ, միշտ գերազանց մարզավիճակում լինելը շատ դժվար է: Սա միայն ինձ չի վերաբերում: Այս խնդիրն ունենում են բոլոր թենիսիստները: Ամեն տարի ասպարեզ են գալիս նոր, տաղանդավոր երիտասարդներ: Առաջատարի դիրքերը պահպանելը, առավել եւս՝ ամեն շաբաթ, շատ դժվար է:

– Թենիսից բացի, ի՞նչ մարզաձեւ եք սիրում:

– Ֆուտբոլ: Ընկերներիս հետ հաճախակի եմ ֆուտբոլ խաղում:

– Անցած տարին գերազանց ցուցանիշով եզրափակեցիք: Հիմա պետք է պահպանեք միավորները: Շատ դժվար է լինելու, եթե հաշվի առնենք, որ հիմա լավագույն մարզավիճակում չեք:

– Անցած մրցաշրջանը լավ ավարտեցի: Ճիշտ է, ունեցա ազդրի վնասվածքի խնդիր: Շատ դժվար է եւ առողջությունը պահպանել, եւ կայուն թենիս խաղալ: Հիմա առաջ են գալիս երիտասարդ ու լուրջ թենիսիստներ:

– Ի՞նչ նախասիրություններ ունեք:

– Ֆուտբոլ: Ընկերներս ֆուտբոլի սիրահարներ են: Ինձ համար այսօրվա լավագուն ֆուտբոլիստը Լեոնել Մասսին է: Խաղում եմ գոլֆ, սիրում եմ ձկնորսություն…

– Դավիթ Նալբանդյանին Հայաստանում բոլորն են սիրում: Եթե հայերեն մի քանի բառ գիտեք, կարտասանե՞ք.

– Հիմա՝ ոչ: Բայց առաջիկայում կլսեք:

– Որ հայերեն չեք խոսում, ոչինչ: Բայց մեզ ոգեւորում է, որ ընդունում եք ձեր հայ լինելը եւ հպարտանում: Ձեզ նման մտածող եղբայրներ կամ քույրեր ունե՞ք:

– Երկու ավագ եղբայր ունեմ՝ Դարիոն եւ Խավիերը: Երկուսն էլ թենիսիստ են: Բայց ափսոս, որ ինձ նման հաջողությունների չեն հասել: Ձեր այս հարցն անպայման իրենց կփոխանցեմ:

– Ձեր սկզբնահարվածի ուժը չափե՞լ եք:

– Անձամբ ես՝ ոչ, բայց դրանով զբաղվող մասնագետներ կան:

– Եթե ձեզ այստեղ անհրաժեշտ բոլոր պայմաններն առաջարկեն, կտեղափոխվե՞ք Հայաստան:

– Մի քանի ժամ է, ինչ Հայաստանում եմ: Ժամանել եմ գիշերը: Դեռ ոչինչ չեմ տեսել: Այնպես որ՝ հարցին պատասխանել չեմ կարող:

– Մի օր թենիսը կթողնեք: Ի՞նչ եք անելու:

– Շատերը մարզիչ են դառնում: Առայժմ ոչինչ ասել չեմ կարող, բայց մի բան հաստատ է. երկար ժամանակ հանգստանալու եմ: Չեմ ճանապարհորդելու: Անելիքներիս մասին կմտածեմ հեռու ապագայում:

– Ե՞րբ սպասենք ձեր հաջորդ նշանակալի հաղթանակին:

– Պետք է միշտ պատրաստ լինել, որը հեշտ չէ: Գուցե մյուս տարի:

– Հնարավո՞ր է երբեւէ Դավիթ Նալբանդյանի եւ Անդրե Աղասիի միաժամանակյա այց Հայաստան:

– Իսկ ինչո՞ւ չէ: Այդ իրավասությունը թենիսի ֆեդերացիայի նախագահինն է: (Հարություն Փամբուկյանը մեկ անգամ եւս հաստատեց, որ ֆեդերացիան այդ ուղղությամբ շարունակում է աշխատել):

Ասուլիսի ավարտին լրագրողներից մեկն առաջարկեց մայրենի լեզվով մի քանի բառ ասել, որպեսզի դրանք հնչեցվեն բոլոր հեռուստաալիքներով: Դավիթ Նալբանդյանը խոստացավ դա անել մի փոքր ուշ, մինչեւ Հայաստանից մեկնելը:

Հ. Գ. Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը երեկ հյուրընկալվել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի գրասենյակում, որի բաժնետերերից է նրան հրավիրած արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը: «Կոնվերս Բանկ»-ի մամուլի ծառայության տարածած տեղեկատվության համաձայն թենիսիստին շնորհվել է Հայաստանի Հանրապետության հատուկ կեցության կարգավիճակի անձնագիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել