Լրահոս
Օրվա լրահոսը

Վարպետության դասերից մինչեւ Սենայի համալսարան

Հոկտեմբեր 03,2008 00:00

\"\"Օպերային երգիչ, ՀՀ նախագահի 2007թ. մրցանակակիր, վեց միջազգային մրցույթների դափնեկիր Արսեն Սողոմոնյանը կկատարելագործվի Իտալիայում:

Վարպետության դասերի անցկացումը, ինչպես երաժշտակատարողական, այնպես էլ թատերական արվեստում նորություն չէ: Դրանց ավարտը երբեւէ չի ունենում որակավորման փաստաթղթային ձեւակերպում կամ հեռանկարներ չի բացում դասընթացներին մասնակցողների համար: Սեպտեմբերի 10-25-ը Բուլղարիայի մայրաքաղաքում մեծանուն երգչուհի Ռայինա Կաբայիվանսկայի վարպետության դասերին, որոնք բացառություն էին՝ մրցանակների առումով, բազմաթիվ երկրներից ժամանած շուրջ 100 երգիչների թվում, առաջին անգամ մասնակցում էին հայաստանցի վոկալիստներ, օպերային երգիչներ Արսեն Սողոմոնյանը, Դավիթ Բաբայանցը եւ Հովհաննես Այվազյանը:

«Առավոտը» հանդիպեց Արսեն Սողոմոնյանին, որին մեծանուն երգչուհին շնորհել է ամենապատվավոր «մրցանակը». երգիչը իրավունք է ստացել 2009թ. հունիսին, մեկ ամիս ժամկետով, կատարելագործվելու Իտալիայի Սենա քաղաքի համալսարանում: Սա այն կրթօջախն է, որտեղ դասավանդում են վոկալ արվեստի երեւելիներ Պլաչիդո Դոմինգոն, Ռենատո Բրուզոնը եւ այլք: Մինչեւ իր կյանքի ավարտը Սենայի համալսարանում դասավանդել է նաեւ մեծանուն Լուչիանո Պավարոտին: Ըստ Ա. Սողոմոնյանի. «Դասընթացներին իրավունք ստացած 14-ից՝ երեք հայ երգիչներիս հետ կնքվեց համագործակցության պայմանագիր Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքի օպերային թատրոնի հետ: Ինչ վերաբերում է Իտալիայում իբրեւ երգիչ իմ կատարելագործմանը, ասեմ, որ Սենայի համալսարանում անցկացվելիք մեկամսյա վերապատրաստումից հետո կտրվի հիշյալ բուհի դիպլոմ, որից հետո, որքան ինձ հայտնի է, հեշտությամբ կարելի է ներկայանալ Եվրոպայի ցանկացած օպերային թատրոն»:

«Առավոտը» Ա. Սողոմոնյանին մտաբերում է Ազգային օպերային թատրոնում միայն Ժերմոնի դերերգով՝ Վերդիի «Տրավիատայում», իսկ թե ինչո՞ւ վերջին շրջանում նրան չենք հանդիպում բեմում, այս մասին երգիչը նշեց, որ ինքը 2002-05թթ. իսկապես հանդիսացել է Ազգային օպերային թատրոնի մեներգիչ եւ այդ տարիներին ընդամենը ութ անգամ հանդես եկել հիշյալ դերերգով. «2005-ից ես ազատ արվեստագետ եմ, մենահամերգներ եմ ունենում Հայաստանի մարզերում եւ արտերկրում»: Իսկ օպերային թատրոնից իր դուրս գալը երգիչը ձեռնպահ մնաց մեկնաբանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել