Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ու ռեժիսոր Արմեն Մազմանյանի մտերմության մասին նման կարծիքի է Մայր թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը:
Երեկ «Հայելի» ակումբը հյուրընկալել էր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի արդեն նախկին գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանին: Թեման՝ Պերճ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» պիեսի բեմադրությունն էր, որն իրականացրել է Վահե Շահվերդյանը, պրեմիերան էլ կկայանա հոկտեմբերի 5-ին: «Առավոտի» հարցերը վերաբերում էին Վ. Շահվերդյանի պաշտոնանկությանը: Հետաքրքրվեցինք՝ վերջին իրադարձությունները բացասաբար չե՞ն անդրադարձել նրա աշխատունակության վրա: «Եթե ասեմ, որ Պավլիկ Մորոզովի կամ Օլեգ Կոշեւոյի նման ամուր եմ, ինձ ոչինչ չի սասանում՝ անկեղծ չի հնչի… Հետապնդումն իմ անձի հանդեպ վաղուց էր սկսվել, ու դժվար էր հոգեբանորեն լարված պայմաններում աշխատելը, մասնավորապես, վերջին ամիսներին, երբ ամեն րոպե թատրոն էին մտնում տարբեր մարդիկ ու հարցնում՝ Վահեին հանե՞լ են… ո՞նց, փո՞րձ է անում, խելագա՞ր է… Հատկապես տարօրինակ էր Կարեն Ջանիբեկյանի վարքագիծը ու գիտեմ, թե ում ընտանիքն է նրան հրահրում… Ես երկու անգամ հանդիպում եմ ունեցել մշակույթի նախարարի հետ, որովհետեւ դեռ ծաղկաձորյան հայտնի սեմինարում պարզվեց, որ խմորվում են այդ հարցերը (իրեն պաշտոնանկ անելու- Գ. Հ.), եւ այն շրջապատը, որը կար հարգարժան տիկին Հասմիկի շուրջ ու այսօր էլ կա՝ ինչ գործունեություն է ծավալվել: Այնտեղ ասվեց, որ թատրոններում պիտի բարեփոխումներ լինեն, ազատ բեմ ստեղծվի ու չէր կոնկրետացվում, թե որ թատրոնում: Կարծում եմ, առանց թատրոնի մասին օրենքը ընդունելու, ոչ ոք իրավունք չուներ այս «բարեփոխումներն» անելու… Իմ ստեղծագործական 38 տարիների ընթացքում նման բաներ էլի եմ տեսել, բայց ո՛չ այս աստիճանի: Հունվարին օրենքը խեղաթյուրում ու կարգը խախտում են, սակայն ինձ պաշտոնապես հայտնում են հուլիսի 24-ին՝ շատ լավ իմանալով, որ հուլիսի 25-ի գիշերը մեկնում եմ Ամերիկա: Եթե չմեկնեի, հավանաբար, այսօրվա հանդիպման առիթը չէր լինի, մանավանդ՝ առողջական այնպիսի խնդիրներ ունեմ…»,- պատասխանեց ռեժիսորը:
Վ. Շահվերդյանին խնդրեցինք մեկնաբանել Արմեն Մազմանյանի հարցազրույցներից մեկում արված այն հայտարարությունը, որ եթե 1,5 տարով Մայր թատրոնն իրեն հանձնվի՝ լրջորեն կբարեփոխվի: «Թե մեկուկես տարում Արմեն Մազմանյանն ինչ կարող է անել՝ չեմ մեկնաբանի, որովհետեւ ամեն մարդ միայն իր ուժերին է ապավինում: Մի բան գիտեմ՝ թատրոնը կառուցում են տարիներով, բայց քանդելու համար մեկ օրն էլ է բավական… Մազմանյանի ծրագրի մասին՝ ազատ բեմ ունենալու եւ հատկապես, որ այդ ազատ բեմը պետք է լինի ակադեմիական թատրոնում, վաղուց ենք լսել: Բոլորը գտնում էին, որ դա անիրագործելի է… Ի դեպ, Արմեն Մազմանյանը երբեք չի թաքցրել, որ դպրոցական տարիներից նախարարի հետ ընկերական-բարեկամական հարաբերությունների մեջ է եղել: Ու այս դեպքում, փաստորեն, նրանց բարեկամությունն աշխատեց հօգուտ Մազմանյանի ծրագրի, ի վնաս՝ հայ թատրոնի: Ինքս իմ գործունեության գնահատականը տալ չեմ ուզում, թերթեք այն երկհատորյա ժողովածուն, որ լույս է տեսել 2-3 ամիս առաջ, եւ որի շնորհանդեսը խոստացել է անել մշակույթի նախարարը, բայց, ինչպես միշտ, մոռացել է… թերթեք ու կիմանաք՝ ով ով է: Այնտեղ իմ մասին գրում են ուրիշները, այն երկրների թատերագետները, որոնք մերոնց նման չեն ու որոնց երկրներում բեմադրություններ եմ ունեցել»,- պատասխանեց բանախոսը: Նրան զարմացնում է երկրի առաջին դեմքերի լռությունը՝ Մայր թատրոնի ճակատագրի վերաբերյալ. «Եթե սա վերաբերեր Վանաձորի կամ մեկ ուրիշ թատրոնի, կհասկանայի, բայց խոսքն, ախր, Մայր թատրոնի մասին է: Ուզում եմ չհավատալ տիկին Պողոսյանի այն հայտարարությանը, թե վերեւից որեւէ մեկը իրեն ոչինչ չի ասել, եւ դա իր նախաձեռնությունն է»: Վահե Շահվերդյանը չի ուզում նաեւ հավատալ, թե իր դեմ սկսված գործողությունների պատճառը հետեւյալն է. «Բոլորը գիտեն, որ եղել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընկերը՝ պատանեկան տարիներին, մենք միասին Պիոներների պալատում հաճախել ենք թատերական խմբակ՝ Կանազի մշակույթի տանը: 14 տարեկան պատանիներս միասին դիտում էինք Մայր թատրոնի «Իմ սիրտը լեռներում է», «Ժայռ» եւ մյուս ներկայացումները… Ներկայիս իշխանություններից որեւէ անձ, պաշտոնյա ինձ այդ մասին որեւէ ակնարկ չի արել, հետեւաբար բարոյական չեմ համարում այդպես մտածել»: «Առավոտը» նկատեց, որ հուլիսյան դեպքերից հետո հրավիրված ասուլիսում Հակոբ Ղազանչյանը Շահվերդյանին ե՛ւ կողմ, ե՛ւ դեմ էր խոսել, ինչի արդյունքում կարծիք էր ստեղծվել, թե նա վրեժխնդիր է լինում Շահվերդյանից ԹԳՄ համագումարին հոր՝ Երվանդ Ղազանչյանի հասցեին սուր արտահայտվելու համար: Այս մասին էլ նախկին գեղարվեստական ղեկավարն ասաց. «Չեմ ուզում այդքան վատ մտածել Հակոբի մասին, թեեւ այս պահին հիասթափված եմ նրանից՝ որպես Թատերական գործիչների միության նախագահ: Ստեղծագործական միությունը ենթադրում է, որ պիտի միանալ հանուն գաղափարի եւ հանուն անհատի: Ի վերջո, ես հայ թատրոնում ամենավերջին մարդկանցից մեկը չէի, որ ինձ հետ այդպես վարվեին: Ի դեպ, առաջին օրը, երբ Հակոբ Ղազանչյանն իմացավ իմ պաշտոնանկության մասին, երկինք բարձրացավ զայրույթից (ունի այդպիսի բնավորություն, առաջին ռեակցիան շատ անկեղծ է լինում), ասաց, որ կկանխի, կգնա նախարարի մոտ… Հետո, երբ անցան ժամեր, հաջորդ օրը հայտարարեց, որ հարցը վերեւների հետ արդեն համաձայնեցված է, ու Վահե Շահվերդյանը պետք է հեռանա.. Ինձ համար անընդունելի է Հակոբի այս դիրքորոշումը, միության նախագահը չպետք է ցրիվ տա մարդկանց»: