Արզականի գյուղացիների մեղադրանքներին այսպես է պատասխանում իր բարեկամներին համայնքում պաշտոններ տված գյուղապետը:
Օրերս «Առավոտին» են դիմել Կոտայքի մարզի Արզական գյուղի մի խումբ բնակիչներ: Նրանք հայտնեցին, որ արդեն 6 տարի իրենց համայնքը ղեկավարող Նորիկ Մովսիսյանն անարգել ապօրինություններ է անում, եւ չկա մեկը, որ կարողանա նրան սաստել: Ընդ որում, գյուղապետի ծավալած ապօրինությունների շարքը, ըստ գյուղացիների, սկսվել է նրա պաշտոնավարման առաջին իսկ օրերից: «Առավոտին» դիմած արզականցիները, ներկայացնելով գյուղապետի ստվերային գործունեությունը, հայտնեցին, որ վերջինս բազմաթիվ հումանիտար օգնություններ ծառայեցրել է իր աջակիցների ու ազգականների կենսական շահերին, վաճառել է համայնքի սեփականություն հանդիսացող ջրագծի խողովակաշարը (6 դյույմ տրամաչափով մոտ 1500 մ), այնուհետեւ հարուցված քրեական գործը՝ Ն. Մովսիսյանի «տանիքի» շնորհիվ, կարճվել է: Համաձայն գյուղացիների, գյուղապետն ու իր համախոհները վճռել են բազմաթիվ հիմնադրամներից գյուղին հատկացված գումարների ծախսման շահավետ ներդրումների ճակատագրերը եւ ուղղակի մսխել են այդ գումարները: Որպես փաստ՝ բողոքաբեր գյուղացիները մատնանշեցին գյուղապետի մերձավորի ղեկավարությամբ իրագործվող ասֆալտապատման ծրագիրը, իսկ ոռոգման եւ խմելու ջրի ծրագրերն ընդհանրապես չեն ծառայել իրենց նպատակին, ավելին՝ վատացել է այդ ծառայությունների սպասարկումը: Համայնքի բնակիչները բերեցին նաեւ փաստեր, որոնց համաձայն՝ Ն. Մովսիսյանը ոտնահարել է իր պաշտոնեական դիրքը, կեղծել է բազմաթիվ փաստաթղթեր, համագործակցել է «վերեւների» հետ, համայնքի նպաստառուների ցուցակի մեջ խախտել է հասցեականությունը՝ պետական բյուջեից անօրինական ճանապարհով դուրս գրելով տարեկան կտրվածքով շուրջ 13 միլիոնից ավելի գումար: «Այս վերջին գործողությունները գյուղապետը ծառայեցրել է իր անձնական շահին, որի միջոցով անցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ձայներ է հավաքել: Եթե նրա անօրինականությունների դեմ միջոցներ չձեռնարկվի, այդպես կլինի նաեւ առաջիկա հոկտեմբերի 12-ին կայանալիք ընտրությունների ժամանակ»,- ասացին գյուղապետի գործողություններից դժգոհ գյուղացիները:
«Առավոտին» երեկ գյուղապետ Նորիկ Մովսիսյանը հայտնեց, որ բնակիչներից ոմանք նույնիսկ բողոք են գրել ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությանը, վարչապետին, գլխավոր դատախազին, ոստիկանապետին. «Այդ բոլոր ուղղություններով ես վազվզոցների մեջ եմ: Եթե իրավասու մարմինները կապացուցեն նշված վնասները եւ խախտումները, օրենքի առաջ մենք պատասխան կտանք»: «Առավոտի» հարցին, թե ի՞նչ հիմքեր կան, որ բնակիչները նման դժգոհություններով են հանդես եկել, գյուղապետը պատասխանեց. «Սա լուրջ համայնք է, եւ ուսումնասիրությունները ամեն հարց կպարզեն»: Ն. Մովսիսյանը չհերքեց այն, որ համայնքում իր մերձավոր շրջապատը պաշտոններ է զբաղեցնում, ինչը հիմնավորեց այսկերպ. «Երեւի թե դրա մեջ կա ճշմարտություն, բայց ես մեղավոր չեմ, որ իմ բարեկամը ատեստացիայով անցել է, մեղավոր չեմ, որ իմ բարեկամը գրագետ է, մեղավոր չեմ, որ մինչեւ իմ գյուղապետ դառնալն այդ բարեկամն արդեն աշխատել է»:
Տեղեկացնենք նաեւ, որ այժմ բարձիթողի է Արզականի խմելու ջրի վիճակը: Աղվերանից եկող ջրի փոքր քանակությունը՝ նախատեսված 300 ընտանիքի համար, քչություն է անում, քանի որ համայնքի ընտանիքների թիվը հասել է շուրջ 900-ի, իսկ խմելու ջրի եղած քանակը բավարարում է ընդամենը բնակչության 20-25%-ին: Այս ամենին գումարվել է նաեւ այն, որ վերջին տարիներին գյուղին պատկանող հողերը վաճառվել են երեւանաբնակ մեծահարուստներին, որոնք իրենց հերթին են օգտագործում խմելու ջրի այդ աղքատիկ պաշարները: Խմելու ջրի մատակարարման վատթարացման առնչությամբ գյուղապետը հայտնեց. «Ընթացիկ տարին, ինչպես հայտնի է, սակավաջուր էր, եւ այս պահի դրությամբ էլ խմելու ջրի վիճակը շատ վատ է: Երբեք չեմ հայտարարել, որ խմելու ջրի հարցը լուծված է այստեղ: Բողոքողը նաեւ ասել է, թե իր եւ ընտանիքի անվտանգությունն ապահովեն, ի՞նչ է սա նշանակում՝ ես իմ զենքերով պետք է պաշտպանեի՞ նրանց: Ես իմ դուռը բաց եմ քնում, ազատ ման եմ գալիս, ոչ մեկին էլ չեմ սպառնում, ինչ ուզում են՝ թող անեն»:
Հ. Գ. Ի դեպ, հոկտեմբերի 12-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին գործող եւ ապօրինությունների մեջ մեղադրվող գյուղապետը կմրցի համայնքի ավագանու անդամ Արսեն Խլղաթյանի հետ: