Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե հրապարակ, այլ տրանսպորտային հանգույց

Հոկտեմբեր 03,2008 00:00

\"\"«Մեքենաների լույսը խանգարո՞ւմ է, թող վարագույր կախեն»,- Բարեկամության հրապարակի էստակադայի կառուցումից դժգոհ բնակիչներին խորհուրդ է տալիս «Երեւաննախագիծ»

ինստիտուտի գլխավոր ինժեները:

Ընդամենը մեկ տարի առաջ, մինչ էստակադայի կառուցումը, Բարեկամության հրապարակն ուներ գեղեցիկ ճարտարապետական տեսք, սակայն այնտեղ հաճախակի խցանումներ էին լինում: Այսօր հրապարակը, որպես այդպիսին, գոյություն չունի, սակայն, պաշտոնյաների հավաստմամբ, խցանումները վերացել են: Երեքուկես ամսում կառուցված 800 մլն դրամ արժողությամբ այդ հերթական «լամբադան», որն, ըստ հեղինակների, անցել է համապատասխան փորձաքննություն, իր դիմացկունությամբ նախատեսված է 100 տարվա համար: Շահագործման տասը ամիսների ընթացքում, սակայն, այն դարձել է իսկական պատուհաս հրապարակը եզերող շենքերի բնակիչների համար, որոնք պարզապես զրկվել են դեպի հրապարակ նայող իրենց պատուհանները բացելու հնարավորությունից՝ երկրորդ-երրորդ հարկի նիշերին հասնող մեքենաների թունավոր արտանետումների եւ ողջ գիշեր աղմկող մեքենաների լուսարձակների պատճառով:

Սակայն արդյո՞ք տրանսպորտային հանգույցի բեռնաթափման միակ ճանապարհը հրապարակի տեսքն աղճատող ու տասնյակ բնակիչների հանգիստը խաթարող էստակադայի կառուցումն էր:

«Երեւաննախագիծ» ինստիտուտի գլխավոր ինժեներ, էստակադայի նախագծի հեղինակային խմբի անդամ Ալբերտ Շաքարյանի հավաստմամբ, ընտրված է ամենաարդյունավետ լուծումը, որն, ի դեպ, նախատեսված էր դեռեւս 70-ականներին, երբ կառուցվեց հրապարակի ստորգետնյա անցումը: Ապագայում էստակադա կառուցելու նպատակով տեղադրվեցին ստորգետնյա հենարաններ, քանի որ այն ժամանակ արդեն ակնհայտ էր, որ այլ ճանապարհ չկար: Ինչ վերաբերում է որոշ փորձագետների պնդումներին, թե կարելի էր օգտագործել արդեն իսկ առկա ստորգետնյա նիշերը եւ կառուցել ստորգետնյա տրանսպորտային անցում, ըստ «Երեւաննախագիծ» ինստիտուտի գլխավոր ինժեների, դա ուղղակի անհնար էր, քանի որ Կիեւյան փողոցի նիշը հնարավոր չէր իջեցնել ստորգետնյա անցման մակարդակին եւ ապա այն շարունակել Քոչարի կողմից: Այս տեսակետը, սակայն, չեն կիսում մի շարք մասնագետներ: Օրինակ, նույն էստակադայի պատվիրատու «Երեւանի կենտրոնի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, որպես շինարար, հավաստիացնում է, որ «Ամեն ինչ էլ հնարավոր էր անել: Հնարավոր էր եւ ստորգետնյա լուծումը, պարզապես խնդիրը ծախսերի, լուծումների գնային տարբերության մեջ էր: Այս պահի դրությամբ ամենանախընտրելի լուծումը էստակադան էր»: Այդ դեպքում հնարավո՞ր է, որ 100 տարվա համար նախատեսված այս էստակադան որոշ ժամանակ անց, երբ քաղաքապետարանն ավելի շատ միջոցներ ունենա, քանդվի: Նման հեռանկարը թե՛ Ա. Շաքարյանը, թե՛ Ռ. Հարությունյանը բացառում են: Ավելին, մայրաքաղաքի գեղեցիկ հրապարակներից մեկի տեսքն աղճատելու մեղադրանքներին ի պատասխան, էստակադայի հեղինակներից Ա. Շաքարյանը հակադարձում է. «Ի՞նչ հրապարակ, դա պարզապես տրանսպորտային հանգույց է», իսկ դժգոհ բնակիչներին խորհուրդ է տալիս վարագուրել պատուհանները: Ինչ վերաբերում է արտանետումներին, ըստ նրա, դրանք անհամեմատ ավելի շատ էին, երբ խցանումներ էին լինում: «Երեւանի կենտրոնի կառուցապատման ԾԻԳ» ՊՈԱԿ-ի տնօրենն էլ դժգոհ բնակիչներին ասում է, թե ինքն էլ կուզենար, որ նրանք բացեին իրենց պատուհաններն ու տեսնեին Էյֆելյան աշտարակը, իսկ առկա լուծմամբ պահպանված են հեռավորության եւ աղմկայնության շինարարական նորմերի եւ կանոնների չափանիշները:

Այնուամենայնիվ, էստակադան այլեւս կառուցված է, եւ շահագործման անցած 10 ամիսների ընթացքում այն կարծես թե որոշակի դրական արդյունք տվել է: Նման եզրակացության հանգեցինք՝ զրուցելով բազմաթիվ վարորդների եւ տեղի բնակիչների հետ: Ինչ վերաբերում է կոնկրետ թվային տվյալներին, ապա այդպիսիք պարզելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն էին: Համապատասխան բոլոր ատյաններում, պարզվեց, առաջնորդվում են աչքաչափով: Էստակադայի գործարկումից առաջ եւ հետո երթեւեկության մոնիտորինգի վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան՝ Ճանապարհային ոստիկանության ՃՊԾ պետ Նորայր Սարգսյանը նշեց, թե իրենց ամենօրյա աշխատանքը հենց մոնիտորինգ է, որ կա: Սակայն թվերի փոխարեն պարոն Սարգսյանը ներկայացրեց իր անձնական կարծիքը, համաձայն որի՝ «Էստակադայի գործարկումից հետո այդ բանուկ խաչմերուկը կիսով չափ բեռնաթափվել է: Նույնիսկ կարիք չկա, որ այդտեղ տեսուչ ծառայի»:

Բայց բոլոր դեպքերում հաշվի առնելով տարեցտարի աճող մեքենաների քանակը (անցած երեք տարվա ընթացքում այն կրկնապատկվել է), ակնհայտ է, որ այդ էստակադայի արդյունավետությունը խիստ ժամանակավոր է: Ավելին, հանրապետության առաջատար երթեւեկագետներից ոմանց կարծիքով՝ խնդիրը հնարավոր չէ լուծել էստակադաների միջոցով, դա ուղղակի բլեֆ է՝ շինարարություն, որից ոմանք մեծ գումարներ են յուրացնում: Ըստ մեր զրուցակիցների, որոնք խնդրեցին չհրապարակել իրենց անունները, կոնկրետ Բարեկամության հրապարակի դեպքում չօգտագործվեցին ստորգետնյա անցումները, քանի որ այդտեղ առկա է առեւտրային մեծ ցանց, որի գործունեությամբ որոշ պաշտոնյաներ խիստ շահագրգիռ են: Տրանսպորտային խցանումներից խուսափելու միակ ձեւը, ըստ նրանց, աշխարհի առաջատար քաղաքներում կիրառվող «կանաչ ալիք» ապահովող համապատասխան լուսաֆորային համակարգի ներդնումն է (համակարգիչներով կարգավորվող տրանսպորտային հոսքը), որը տարբեր էստակադաներից ու անցումներից ոչ միայն ավելի արդյունավետ է, այլեւ անհամեմատ էժան:

Հ. Գ. Երեւանի ամենահաջողված հրապարակներից մեկում հերթական «լամբադայի» կառուցման դեմ, որքան էլ տարօրինակ է, որեւէ կերպ չբողոքեցին մայրաքաղաքի ճարտարապետական դեմքի պահպանմամբ մտահոգ եւ ցանկացած նորակառույց շենք այդ դեմքի աղճատում համարող ճարտարապետական հանրության ներկայացուցիչները: Հավանաբար՝ այն պատճառով, որ հավակնություն չունեին իրենք նախագծելու այն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել