Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ԷԼ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ ԵՆ «ՄԱՔՐՈՒՄ»

Հոկտեմբեր 03,2008 00:00

Երեկ, ուշ երեկոյան, հայրենի իրավապահները հերթական անգամ ուժ գործադրեցին «քաղաքական զբոսանքի» մասնակիցների նկատմամբ:

«Անհնար է կառուցել ամուր պետություն եւ զարգացած հասարակություն՝ առանց փոխելու հասարակական հարաբերությունների որակը: Ուրեմն, նախ եւ առաջ կտրուկ քայլեր պետք է ձեռնարկենք հասարակական հարաբերությունների որակը փոխելու», «Անձանց օրինական շահերի պաշտպանությունը եւ դրան ուղղված օրենքի գերակայության ապահովումն այլեւս քաղաքական կարեւորագույն խնդիրներ են: Պետք է կարողանանք արմատավորել իրավունքի գերակայության վրա խարսխված անկախ արդարադատություն: Անձանց սեփականության իրավունքը եւ օրինական փոխհարաբերությունները պիտի սրբորեն պաշտպանված լինեն»: Սրանք մեջբերումներ են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ երեկ ՀՀ խորհրդարանում հրապարակված եւ ժողովրդին ու օրենսդիրներին հասցեագրված ուղերձից: Այդ ուղերձի հրապարակումից ընդամենը մի երկու ժամ անց, ժամը 21-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը՝ էլեկտրաշոկերով զինված «կարմիր բերետավորների» աջակցությամբ, հերթական անգամ ոտնահարեց ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, խախտեց ՀՀ քաղաքացիների՝ բողոքի ձայն բարձրացնելու, ազատ տեղաշարժվելու, կարծիք հայտնելու սահմանադրական իրավունքները:

Ուժայինները՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արայիկ Պետրոսյանի գործուն աջակցությամբ, երեկ հերթական անգամ փորձեցին Հյուսիսային պողոտան «մաքրել» այնտեղ «քաղաքական զբոսանքի» դուրս եկած այլախոհ քաղաքացիներից:

Ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցներն ու հատուկ ջոկատայինները հարձակվեցին Հյուսիսային պողոտայում հավաքված եւ անաղմուկ զբոսնող մարդկանց վրա, նրանց, այդ թվում՝ կանանց, որոնցից մեկն էլ ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի տիկինն էր՝ Մելիսա Բրաունը, կոպտորեն քաշքշելով, հարվածելով, հայհոյելով` փորձեցին դուրս բերել պողոտայից: Արդյունքում եղան նաեւ ուշագնացության հասած մարդիկ, ում առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար պողոտա կանչվեց շտապօգնության երկու մեքենա: Ոստիկանության սպա Ա. Պետրոսյանը, թերեւս, այնքան էր ոգեւորված իր գործընկերների գործողություններով, որ հրմշտում էր անգամ լրագրողներին՝ վերջիններիս արգելելով մուտք գործել պողոտա, առավել եւս` նկարահանում կամ ձայնագրություն անել:

Ոստիկանները քաշքշեցին նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի անդամներին: Վերջիններս բացի այն, որ արձանագրեցին պողոտայում տեղի ունեցողը, նաեւ ասացին, որ ՀՀ Օմբուդսմենը այսօրվա իր ասուլիսում, թերեւս, կանդրադառնա նաեւ այս դեպքին:

Ոստիկանության բաժին բերման ենթարկվածների մասին երեկ, ուշ երեկոյան, դեռեւս տեղեկություններ չկային: Մարդիկ անգամ այդ պայմաններում չլքեցին պողոտան, ավելին, նրանց թիվը հաշված րոպեների ընթացքում անգամ ավելացավ:

Կատարվածի առնչությամբ Հայ ազգային կոնգրեսի համակարգող անդամ Լեւոն Զուրաբյանը, որն այդ պահին Հյուսիսային պողոտայում էր, «Առավոտին» հետեւյալը փոխանցեց. «Իշխանությունները սիստեմատիկաբար խախտում են ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները, իսկ ոստիկանությունը շարունակում է կատարել նրանց անհեթեթ եւ ապօրինի հրամանները: Ոստիկաններն իրենց իրավունք են վերապահում մոտենալ քաղաքացիներին եւ պահանջել, որ նրանք ոչ թե տեղում կանգնած մնան, այլ՝ քայլեն, դուրս գան պողոտայից, իրենց ձեւակերպմամբ՝ «պռախոդը» բացեն: Սրանք բոլորը ՀՀ օրենքներից չբխող պահանջներ եւ գործողություններ են, որոնք տեսագրվեցին եւ ձայնագրվեցին լրագրողների կողմից»: Լ. Զուրաբյանը դժվարացավ ասել, թե որքանով են ոստիկանության գործողությունները պայմանավորված հոկտեմբերի 17-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքով: Փոխարենը ՀԱԿ-ի ներկայացուցիչը այդ գործողությունները համարեց «անհեթեթ եւ ապօրինի ջղաձգումներ», որոնք որեւէ կերպ չեն կարող կասեցնել ընդդիմության հետեւողական պայքարը՝ հանուն սահմանադրական կարգի եւ օրինականության վերահաստատման, ժողովրդավարության եւ ավազակապետության կազմաքանդման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել