Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՍԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԾԱՌԱՅԵԼ ԱՄԲՈՂՋԻՆ»

Հոկտեմբեր 03,2008 00:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ժողովրդին եւ Ազգային ժողովին

\"\"Հարգելի՛ պատգամավորներ,

Հարգարժա՛ն հյուրեր,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 1 կետով՝ այսօր ես ուղերձով դիմում եմ մեր ժողովրդին եւ Ազգային ժողովին:

Իմ նախընտրական ծրագրում դուք հեշտությամբ կարող եք գտնել այն դրույթը, որն ասում է. «Մենք բաց ենք լինելու կառուցողական առաջարկությունների եւ համագործակցության համար՝ կարեւորելով նաեւ ժողովրդին եւ Ազգային ժողովին ուղերձով դիմելու սահմանադրական ինստիտուտի դերը»: Այսօր, դնելով այս նոր ավանդույթի սկիզբը, ես հայտարարում եմ, որ այսօրինակ ուղերձներն ունենալու են հստակ պարբերականություն: Ամեն անգամ միասին ենք ամփոփելու մեր երկրի անցած ճանապարհը եւ առանձնացնելու խնդիրները, որոնց շուրջ պետք է մեկտեղենք մեր ջանքերը: Ընդհանրապես սահմանադրորեն ամրագրված այս ինստիտուտը համարում եմ հանրային երկխոսության կարեւոր մեխանիզմ, եւ ես այսուհետ առանձնակի լրջությամբ եմ պատրաստվում վերաբերվել այս հնարավորության լիարժեք օգտագործմանը:

Բարեկամնե՛ր,

Մեր հանրապետությունը մուտք է գործում իր պատմության նոր շրջափուլերից մեկը, որտեղ կարեւորվում են ժամանակակից գլոբալ մարտահրավերներին, մեր առջեւ ծառացող խնդիրներին, նոր աշխարհի իրողություններին պատրաստ լինելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ հակազդելու՝ Հայաստանի ու մեր հասարակության կարողությունը: Այս նոր ժամանակաշրջանում մենք ականատեսն ենք լուրջ փոփոխությունների, որոնք տեղի են ունենում մեր շուրջ՝ թե՛ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային մակարդակներում, թե՛ միջպետական հարաբերություններում եւ թե՛ երկրի ներսում: Պատերազմ հենց մեր հարեւանությամբ, փակ սահմաններ, արտաքին հաղորդակցման խնդիրներ, բարդացող տարածաշրջանային հարաբերություններ, գերտերությունների շահերի բախում. սա է այսօրվա իրականության շրջանակը Հայաստանի համար: Եվ այս պայմաններում է, որ մենք ոչ թե գոյատեւման, այլ վերելքի խնդիրներ պիտի լուծենք: Այդ վերակերպումների հետեւանքով իրավիճակը մեր շուրջ ու մեր պետության մեջ այլեւս նախկինը չէ. նախկինը չէ, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել, չի նշանակում, որ մենք մեր բոլոր մոտեցումներում արմատական փոփոխությունների պիտի գնանք: Ճիշտ հակառակը, այսօր մենք կարողանում ենք արձանագրել այն փաստը, որ տարիների ընթացքում մեր երիտասարդ երկիրը սովորել է ամուր կանգնել իր հիմքերին նույնիսկ ընդգծված անբարենպաստ արտաքին միջավայրի պայմաններում:

Այս նոր իրավիճակում դրական փոփոխությունները դառնում եւ դառնալու են կյանքի նորմ: Այդ միջոցով է, որ հասարակության յուրաքանչյուր անդամի մեջ պետք է արմատավորվի այն ընկալումը, որ պետությունը հենց նրա համար է, որ Հայաստանի Հանրապետությունում ինքն իրեն զգա արժանապատիվ ու պաշտպանված, որ որեւէ այլ երկիր այդպես չի պաշտպանելու իր իրավունքները, որքան հայրենիքը: Դա հեշտ չի լինելու, որովհետեւ մեր քաղաքացիներն այդ ամենի մասին հաճախ չէ, որ լսել են, որովհետեւ մեր հայրենակիցն այդ ամենը հաճախ չի փնտրել եւ հաճախ էլ չի ստացել:

Այո, ժամանակը ցույց տվեց, որ մենք կարողանում ենք վարել այնպիսի ներքին եւ արտաքին քաղաքականություն, որոնք հաճախ են բնութագրվում որպես «կայուն», «իրատեսական» կամ «հավասարակշիռ»: Բայց ո՞վ ասաց, որ կայունությունը, իրատեսականությունն ու հավասարակշռվածությունը նպատակներ են եւ ոչ թե միջոցներ, կամ ո՞վ ասաց, որ կայունության, իրատեսականության եւ հավասարակշռվածության հանրագումարը չի կարող հանգեցնել, ասենք, լճացման: Անձամբ ես նման պնդում անել չեմ կարող: Ուրեմն ո՞րն է եզրակացությունը: Այո՛, մեր քաղաքականությունը այսուհետ եւս լինելու է կայուն, իրատեսական եւ հավասարակշռված, բայց մենք պիտի արմատից մերժենք լճացման որեւէ հնարավորություն որեւէ ոլորտում: Ես չեմ բացառում, որ մենք կարող ենք եւ սխալվել, քանզի չի սխալվում միայն այն իշխանությունը, որը պարզապես ոչինչ չի անում: Ես չեմ բացառում, որ մեր առանձին որոշումներ կարող են, ասենք, իրատեսության պակաս ունենալ: Բայց հաջողության չի կարող հասնել որեւէ իշխանություն կամ անհատ, որն անկարող է երազել, որն անկարող է տվյալ պահին ընկալվող իրատեսականության սահմաններից անդին քայլ անել, իր քայլերո՛վ մեծացնել այդ նույն իրատեսականության սահմանները: Մենք լինելու ենք նախաձեռնող, բոլոր արատավոր երեւույթների հանդեպ մենք լինելու ենք նախահարձակ, մեր քաղաքականությունը լինելու է «ստեղծագործ քաղաքականություն», իսկ մեր երկիրը՝ դինամիկ ու ճկուն երկիր: Լինելու ենք, որովհետեւ պե՛տք է լինենք, որովհետեւ պարտադրված ենք լինելու:

Այդ դեպքում ո՞րն է մեր մոտեցումների բանաձեւը: Կասեք՝ անձնվեր աշխատա՞նքը. անշո՛ւշտ համաձայն եմ: Ես անձամբ եմ պատրաստ լինելու նվիրված աշխատանքի մթնոլորտի ձեւավորման առաջամարտիկը մեր երկրում: Սեփական օրինակով եմ պատրաստ: Րոպե առաջ տուն ծլկելու կամ համակարգչային խաղ խաղալու նպատակադրմամբ աշխատանքի ներկայացած պետական պաշտոնյան, հասարակական աշխատողն ու նույնիսկ շահույթ հետապնդող ձեռներեցն այսօր արդեն մեզ համար ուղղակի շռայլություն է, շռայլություն է մեր հասարակության համար: Հարցրե՛ք իմ աշխատակազմին, թե վերջին մեկ տարվա ընթացքում քանի՞ օր են հնարավորություն ունեցել տանն անցկացնելու կամ միջին օրական քանի՞ ժամ են քնել:

Դուք կարող եք պնդել նաեւ, որ հաջողության մեր բանաձեւը խաղի հստակ կանոնների, գործուն ինստիտուտների կայացման մեջ է: Չեմ կարող վիճել: Այո, մենք պետք է վերջ ի վերջո կարողանանք կանոնակարգել տնտեսական, սոցիալական եւ քաղաքական հարաբերությունների ողջ համալիրը մեր երկրում, պետք է կարողանանք կայացնել ուժեղ ինստիտուտներ, որոնք կոչված են սպասարկելու տնտեսության ազատ եւ մրցակցային զարգացումը: Ավելին, խաղի բոլոր գրված օրենքները մենք պետք է կարողանանք արմատավորել հանրային գիտակցության հարթությունում, դարձնենք սովորույթ, ավանդույթ, որը մեզ պես հասարակությունների համար շատ ավելի մեծ ինստիտուցիոնալ ուժ ունի: Մեր վարորդները պետք է ընկալեն, որ խախտում անել չի կարելի՝ ոչ թե նրա համար, որ ոստիկանը պետք է տուգանի, այլ պարզապես այն պատճառով, որ խախտում անել ուղղակի չի կարելի: Ասածս հավասարապես ճշմարիտ կարող է լինել բոլոր ոլորտների համար:

Դուք կարող եք նաեւ փաստարկել, որ հաջողության բանաձեւը մեր մրցունակության բարձրացումն է: Անշո՛ւշտ համաձայն եմ: Այո՛, կարճ ժամանակահատվածում մենք պետք է էապես բարձրացնենք Հայաստանի գլոբալ մրցունակությունը, որը պայմանավորված կլինի զարգացած երկրներին համադրելի շուկայական կառույցների գոյությամբ: Այո՛, մենք պետք է կարողանանք մեր տնտեսության ճյուղերի եւ ենթաճյուղերի, մեր ընկերությունների, մեր ողջ տնտեսության ու մեր մարդկային ռեսուրսների մրցունակությունը բարձրացնել: Մենք պետք է մրցունակ լինենք, եւ սրա մասին մեկ անգամ չէ, որ մենք խոսել ենք:

Ես իսկապես համաձայն եմ այս եւ նմանօրինակ այլ հնարավոր բանաձեւերի հետ, որոնք կարող են առաջ քաշվել: Դրանցից շատերի ուղղությամբ մենք հստակ քայլեր արդեն նախաձեռնել ենք: Տարիների ընթացքում մենք նաեւ լուրջ ձեռքբերումների ենք հասել: Այդ դեպքում ի՞նչն է, որ ինձ չի բավարարում: Ասեմ մեկ բառով. հատվածայնությունը:

Եվ ես կարծում եմ, որ մեր կողմից իրականացվող քաղաքականության համար եկել է մի ժամանակ, երբ մասերը պարտավոր են լինել ներդաշնակ ու փոխլրացնող եւ ոչ թե միմյանց հանդեպ անհաղորդ կամ նույնիսկ խանգարող: Եվ ես կարծում եմ, որ մեր կողմից իրականացվող քաղաքականության համար եկել է մի ժամանակ, երբ մասերը պարտավոր են ծառայել ամբողջին:

Ես խոսում եմ այն մասին, որ կրթական ոլորտի մեր քաղաքականությունը չի կարող օրգանական միասնության մեջ չլինել ժողովրդագրական կամ աշխատանքի շուկայում իրականացվող քաղաքականությունների հետ: Մակրոտնտեսական քաղաքականությունը չի կարող անհաղորդ լինել տնտեսության ճյուղերի մրցունակության բարձրացման քաղաքականության հետ կամ հակառակ ազդակներ ուղարկել: Ես խոսում եմ այն մասին, որ փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված մեր ջանքերը չեն կարող աջակցություն չստանալ խոսքի ազատության ամրապնդման, քաղաքացիական հասարակության եւ քաղաքական համակարգի կայացման գործընթացներից: Այն մասին, որ յուրաքանչյուր նվաճում միայն ամբողջի մեջ է նվաճում, որ յուրաքանչյուր նախաձեռնություն միայն ամբողջի մեջ է արժեքավոր, իսկ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու առօրյա գործունեությունից մինչեւ որեւէ համալիր քաղաքականություն իմաստավորվում են միայն մեկ դեպքում. այն դեպքում, երբ իրենց վերջնակետում ունեն նույն գերնպատակը՝ վերելք ապրող Հայաստանը:

Գիտե՞ք՝ որն էր Չինաստանի հաջողության բանալին վերջին օլիմպիական խաղերում: Վստահ եմ, որ շատերը գիտեն: Համընդհանուր նպատակադրում-համընդհանուր նվիրում-հաղթանակ. սա էր հաջողության շատ պարզ բանաձեւը: Ընդամենը մի քանի տարվա ընթացքում մարդիկ իրական հրաշք գործեցին: Հիշո՞ւմ եք այն չին ծանրորդին, ով կրկնեց համաշխարհային ռեկորդը՝ բարձրացնելով տվյալ պահի համար հաղթական ծանրաձողը, բայց մրցավարները չհաշվեցին: Ի՞նչ արեց նա: Հաջորդ մոտեցումով նա նորից բարձրացրեց իր ողջ կյանքի համար ամենից ծանր քաշը: Կարծում եք՝ մկանների մարզվածությո՞ւնն էր պատճառը: Ոչ: Գաղտնիքն այստեղ էր, մարդկային գիտակցության մեջ: Եվ հենց դրա մասին է, որ ես խոսում եմ:

Համոզված եմ՝ հայկական հրաշքի բանաձեւն էլ նույնն է: Ասել, ասում եմ, կասեմ. երբ ամեն առավոտ իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները, պետական ծառայողներն ու գործարարները, ուսանողներն ու թոռնիկ դաստիարակող տատիկ-պապիկները, մայր դառնալ պատրաստվող կանայք ու բանակում ծառայողները՝ բոլոր-բոլորը, արթնանան նաեւ հանուն մեր երկրի վերելքի գործելու նպատակադրմամբ, էլ ոչինչ անհասանելի չի լինի մեզ համար այդ նույն ճանապարհին:

Վերելք ապրող Հայաստան. ահա թե որը պետք է լինի մեր գերնպատակը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Իմ հաջորդ այսօրինակ ուղերձները ես կկառուցեմ մեր կյանքի ամենատարբեր ոլորտներում որոշակի ժամանակահատվածի ընթացքում արձանագրված զարգացումների ամփոփման եւ նոր մոտեցումների ամրագրման տրամաբանությամբ: Այսօր, սակայն, ես այլ կերպ կվարվեմ եւ կխոսեմ մի քանի հարցերի մասին, որոնց ուղղությամբ վստահաբար մեր հանրությունը անընդհատ եւ պարբերաբար ազդակներ է ստանալու նախագահական նստավայրից: Եվ այսպես.

1. Մեր եւ աշխարհի

մասին

Օրեր առաջ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ես առիթ ունեցա հանգամանալից անդրադառնալու մեր մոտեցումներին՝ ստեղծված տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական նոր իրողությունների համատեքստում: Նորից կանգ չեմ առնի դրանց վրա: Այժմ այլ բան եմ ուզում շեշտել: Կարծում եմ, Հարավային Օսիայի շուրջ ծավալված իրադարձությունները եւ դրան հաջորդող զարգացումները սթափեցրին շատերին: Այսօր ավելի քան ակնհայտ է, որ մեզնից պահանջվում է ոչ միայն իրադարձությունների հստակ, պրագմատիկ, առանց էմոցիաների, համարժեք գնահատում, այլեւ հեռահար նպատակներ հետապնդող հետեւողական քայլեր, պահանջվում է երկրի կայունություն, ուժերի ու հնարավորությունների համախմբում, նոր մոտեցումներ ու լուծումներ:

«Ե՞րբ է ավարտվել ղարաբաղյան պատերազմը». այս օրերին փորձեք այս հարցով շրջել Հայաստանի գյուղերում եւ քաղաքներում: Այլ պատասխանների կողքին մարդիկ ձեզ կասեն, որ պատերազմը դեռեւս չի ավարտվել: Այո, պատերազմը չի ավարտվել, քանի դեռ չի ավարտվել սպառազինությունների մրցավազքը, չի ավարտվել, քանի դեռ բոլորս միասին չենք շնորհավորել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահներին՝ իրենց կամային որոշման եւ հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Նայե՛ք մեր շուրջը. արտաքին վտանգները մեզանում չեն նվազել: Բայց արդյո՞ք, անգամ վերջին իրադարձություններից հետո, մենք լիովին սթափվել ենք: Հուսով եմ, որ սթափվում ենք: Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ողջ հասարակությունով դարձել ենք հանդիսատես ու քննադատ:

Օրեր առաջ ես մեր դեսպաններին կոչ արեցի աչալուրջ եւ ջանասեր լինել արտերկրում եւ միջազգային կառույցներում Հայաստանը պատշաճ ներկայացնելու հարցում: Բայց դա քիչ է: Աշխարհում շուրջ 10 միլիոն հայ կա: Ուրեմն Հայաստանը պիտի 10 միլիոն դեսպան ունենա: Ներկա տեղեկատվական պատերազմներում սա է նավթադոլարների դեմ մեր միակ հակակշիռը: Եվ մենք կհակակշռենք, եթե լիովին սթափվենք:

2. Մեր ու մեր

տնտեսության մասին

Ես կրկին ուզում եմ բարձրաձայնել, որ Հայաստանի համար եկել է մեծ ու համարձակ տնտեսական նախագծերի ժամանակը, այսպես ասած՝ գերծրագրերի ժամանակը: Այդօրինակ ծրագրերը ոչ միայն կարեւորագույն ռազմավարական խնդիրներ են լուծում, այլեւ լայնամասշտաբ ազդեցություն են ունենում տնտեսության եւ հասարակության վրա. դրանք հազարավոր նոր աշխատատեղեր են ստեղծում, դառնում են տարբեր ձեռնարկությունների ստեղծման պատճառ, նոր շուկաներ են բացում եւ ամբողջական ոլորտների, այդ թվում՝ գիտության զարգացման խթան դառնում: Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը լավագույն վկայությունն է այն բանի, որ այսօր նույնիսկ ամենահամարձակ նպատակադրումները մեր երկրում կարող են իրականություն դառնալ հետեւողականության, սեփական ուժերի հանդեպ վստահության ու աշխատանքի շնորհիվ:

Եվ ես այսօր չեմ խոսելու ընդհանուր տնտեսական քաղաքականության եւ մեր որդեգրած մոտեցումների մասին: Առանձնացնեմ միայն երեք նախաձեռնություն, երեք ծրագիր, որոնք առաջիկա տարիների ընթացքում լինելու են մեր աշխատանքի եւ մեր ուշադրության ուղղակի կենտրոնում:

Եվ այսպես. ես ուզում եմ, որ Հայաստանում գործարար հետաքրքրություններ ունեցող ու ապագայի ծրագրեր մշակող արտերկրյա եւ հայրենի բոլոր գործարարները, մեր քաղաքացիներն ու աշխարհասփյուռ մեր հայրենակիցները մեկ անգամ եւս տեղեկացված լինեն, որ.

ա/ առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանն սկսում է նոր ատոմակայան կառուցել,

բ/ առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել, եւ

գ/ առաջիկա ամիսների ընթացքում համահայկական բանկ ու ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք մեծամասշտաբ ծրագրեր են ֆինանսավորելու:

Հարցնում եք՝ կկարողանա՞նք, պատասխանում եմ, որ կկարողանանք: Հեշտությամբ կկարողանանք, եթե միասին գործենք:

3. Մեր ու մեր

գործելաոճի մասին

Ես արդեն ասացի, որ այսօր պահանջվում է պետական ողջ մեքենայի, իշխանության բոլոր մարմինների գործունակության էական բարձրացում: Այսօր իշխանության յուրաքանչյուր մարմին ոչ միայն պետք է լիարժեք ու արդյունավետ իրականացնի սահմանադրական ու օրենսդրական իր առաքելությունը, այլեւ դրանք բոլորը միասին պետք է դառնան ներդաշնակ համակարգ: Ցավոք, մեզանում բավականաչափ հաճախ է պատահում, երբ կարեւորագույն հարցերը լուծվում են, այսպես ասած, ոտքի վրա: Մենք լուրջ բովանդակություն պետք է հաղորդենք երկխոսությանը եւ կոլեկտիվ աշխատանքին, էապես մեծացնենք տարբեր ձեւաչափերի խորհրդակցական եւ կոլեգիալ ինստիտուտների դերը:

Ցանկանում եմ հատուկ առանձնացնել Ազգային ժողովի դերը: Խորհրդարանը չի կարող դիտվել պարզապես օրենք ընդունող մարմին: Պառլամենտը քաղաքական երկխոսության, պառլամենտարիզմի մշակույթ ձեւավորող կարեւորագույն ինստիտուտն է: Ազգային ժողովի օրենսդրական քաղաքականության հիմքում պետք է դրվի մեր երկրի հասարակական հարաբերությունների այնպիսի կանոնակարգումը, որը պետականության կայացման ամուր հիմք կհանդիսանա: Ինձ համար հասկանալի չէ, երբ օրենսդիրներն են գանգատվում օրենքի անկատարությունից կամ նրա չգործելուց: Դա նույն բանն է, եթե ճարտարապետը սկսի բողոքել իր կառույցի անհուսալիությունից: Ես կարծում եմ, որ համատեղ ուժերով մենք կարողանալու ենք հետեւողականորեն մեծացնել խորհրդարանի դերակատարությունը մեր երկրում: Եվ ինչպես Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ Հովիկ Աբրահամյանին ուղղված իմ շնորհավորական ուղերձում էի նշել, հավատում եմ, որ խորհրդարանի նորընտիր նախագահն իր աշխատանքային փորձով ու կարողություններով կկարողանա նպաստել Ազգային ժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Ես պատկերացնում եմ Ազգային ժողովի եւ պետական մյուս ինստիտուտների համագործակցության, փոխլրացման ու փոխադարձ կապի շատ ավելի բարձր աստիճան: Եվ որպես այս ուղղությամբ կոնկրետ քայլ՝ պատրաստվում եմ առաջիկայում հանդես գալ Ազգային ժողովում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ ունենալու նախաձեռնությամբ:

Լրջորեն մեծացնելու ենք Ազգային անվտանգության խորհրդի դերը: Չի՛ կարող լինել երկրի համար կենսական կարեւորության մի հարց, որը համակողմանի քննարկման, բազմագործոն վերլուծության եւ տարբերակային ընտրության առարկա չդառնա: Ազգային անվտանգության խորհրդի գործունեությունը դառնալու է նաեւ շատ ավելի թափանցիկ ու հասկանալի հանրության համար:

Մենք պետք է մեծացնենք քաղաքական կուսակցությունների, քաղաքական ինստիտուտների դերակատարությունը մեր երկրի զարգացման գործում: Անկախացումից 17 տարի անց մենք դեռ արդիական քաղաքական դաշտի կայացման հսկայական ճանապարհ ունենք անցնելու: Եվ որպես այս ուղղությամբ իմ կողմից առաջին ներդրում՝ ես պատրաստվում են առաջիկայում երկրի համար կենսական ու ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի շուրջ պարբերաբար թեմատիկ խորհրդակցություններ նախաձեռնել եւ հրավիրել կուսակցությունների ղեկավարներին:

Ես նաեւ մեծապես կարեւորում եմ հասարակության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում: Շուտով մենք կկազմավորենք Հանրային խորհուրդը: Համապատասխան հանձնախումբն արդեն ավարտել է նախապատրաստական աշխատանքները: Մենք փորձելու ենք այնպես անել, որ յուրաքանչյուր շահագրգիռ անձ կամ կազմակերպություն հնարավորություն ունենա հանրային խորհրդի միջոցով ազդեցություն ունենալ որոշումների կայացման գործընթացի վրա: Եվ ես ուզում եմ հուսալ, որ մեր հասարակական գործիչներն ու բոլոր շահագրգիռ մարդիկ հետագայում նույնքան ակտիվորեն կմասնակցեն արդեն կազմավորված խորհրդի աշխատանքներին, որքան ակտիվ էին նախապատրաստական փուլում առաջարկություններ ու ցանկություններ ներկայացնելիս:

Այս եւ մյուս ուղղություններով իմ նախաձեռնողականության պակաս, հավատացնում եմ, չի զգացվելու: Դրանք մեր նպատակներին հասնելու միասնականության կարեւորագույն ինստիտուտներն են, մասեր, որոնք պետք է ծառայեն ամբողջին:

4. Մեր ու մեր

խնդիրների մասին

Շուտով Ազգային ժողովում կսկսվեն բյուջետային քննարկումները: Ավելորդ եմ համարում մեկ անգամ եւս շեշտել այդ փաստաթղթի կարեւորությունը եւ հիշեցնել, որ դրանք պարզապես թվեր չեն: Ես հորդորում եմ բոլորին, կառավարությանը եւ Ազգային ժողովին՝ բյուջետային քննարկումները դարձնել մեր կյանքի բոլոր ոլորտների զարգացման շահագրգիռ ծրագրային քննարկումներ:

Եթե մենք հայտարարել ենք, որ մինչեւ 2013 թվականը ավարտելու ենք երկրաշարժի հետեւանքների վերացումը, ապա եկեք յուրաքանչյուրս մեզ համար պատասխանենք այն հարցին, թե այս եկող տարվա բյուջեն դեռեւս առկա խնդիրների ո՞ր մասն է լուծելու, եւ ո՞ր մասն է մնալու, ի՞նչ համամասնությամբ է մնացյալը իրականացվելու հաջորդ տարիների ընթացքում: Մենք հինգ տարվա համար ունենք նպատակային հստակ ցուցանիշներ տարբեր ոլորտների համար՝ առողջապահության, կրթության, անվտանգության, սոցիալական խնդիրների եւ մյուս ոլորտների համար: Եկեք հասկանանք, թե հաջորդ տարվա բյուջեով այդ նպատակներին հասնելու ճանապարհի ո՞ր հատվածն ենք անցնում եւ ինչպե՞ս ենք անցնելու մնացած հատվածը: Հասկանանք ինքներս եւ ներկայացնենք մեր ողջ հանրությանը:

Եվ խնդրում եմ, եկեք միշտ հիշենք մի պարզ ճշմարտություն. մեզնից բացի ոչ ոք մեր խնդիրները չի՛ լուծելու:

5. Մեր ու մեր

հասարակության մասին

Անհնար է կառուցել ամուր պետություն եւ զարգացած հասարակություն առանց փոխելու հասարակական հարաբերությունների որակը: Ուրեմն, նախ եւ առաջ կտրուկ քայլեր պետք է ձեռնարկենք հասարակական հարաբերությունների որակը փոխելու եւ կոռուպցիայի ախտից ձերբազատվելու համար: Առանց սրա ցանկացած նախաձեռնություն դատապարտված է:

Հետեւողականորեն մենք պիտի փոխենք այն մշակույթը, ուր վաստակելու եւ բարգավաճելու ուղին կեղտոտ, անընդունելի միջոցներով ու զարտուղի ճանապարհներով առողջ մրցակցությունից խուսափելն է, ուր ամենամեծ «տաղանդը» մրցակցությունից խուսափողի ճարպկությունն է, եւ որը հիմքից խարխլում է երիտասարդ հայոց պետությունը: Միասին պետք է կառուցենք նորարար, հնարամիտ ու մրցունակ անձանց հասարակություն, ուր կոռուպցիան տեղ չունի, ուր կոռուպցիան պարզապես անշահավետ ու անտրամաբանական է:

Այո՛, մարդկանց հնարավորությունները տարբեր են, հավասար չեն նաեւ գիտելիքներն ու ռեսուրսները: Մարդիկ սկսել են տարբեր մեկնարկային պայմաններից, ինչը ժամանակի ընթացքում հասարակության մեջ լուրջ խնդիրներ է առաջացրել արդարության ընկալման հարցում: Եվ այսօր սոցիալական արդարության վերականգնումը պարզապես այլընտրանք չունի:

Մեր երկրում չակերտավոր ճարպկությամբ ճանապարհ հարթելու սովորույթը պետք է մերժվի: Հայաստանի Հանրապետությունում հաստատապես կարողանալու է լավ ապրել իր գիտելիքով ու հմտություններով, նորարարությամբ ու հնարամտությամբ սեփական մրցունակությունն ապացուցող, իր մրցունակությամբ հպարտ արժանապատիվ քաղաքացին՝ հայոց պետականության անխախտ հենարանը:

Այս առումով անելիքներ ունենք թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում:

Պետական հատվածում շարունակելու ենք արմատավորել բարեխիղճ պետական ծառայությունը: Պիտի հանենք գռփելապաշտությունը պաշտոնյաների ուղեղներից, զուգահեռաբար անբարեխիղճ ծառայողներին հեռացնելու ենք զբաղեցրած պաշտոններից: Պաշտոնյայի աթոռին պիտի նստի բարեխիղճ, բացառապես հանուն հանրային շահերի գործող ծառայողը:

Անձանց օրինական շահերի պաշտպանությունը եւ դրան ուղղված օրենքի գերակայության ապահովումն այլեւս քաղաքական կարեւորագույն խնդիրներ են: Խորհրդային դարաշրջանում ձեւավորված եւ մեր իրողության մեջ ցավալիորեն արմատավորված «հեռախոսային արդարադատությունը» պիտի աներկբայորեն վերանա՝ տեղի տալով մեր ամուր քաղաքական կամքին: Պետք է կարողանանք արմատավորել իրավունքի գերակայության վրա խարսխված անկախ արդարադատություն: Անձանց սեփականության իրավունքը եւ օրինական փոխհարաբերությունները պիտի սրբորեն պաշտպանված լինեն: Պաշտպանը պետք է լինի անկախ Հայաստանի անկախ դատարանը:

Կոռուպցիայի դեմ պայքարը փոխելու է դեմքը, անցնելու ենք առավել անզիջում ու կոշտ միջոցների: Միջազգային չափորոշիչներին համաքայլ, քրեականացնելու ենք կոռուպցիայի ցանկացած դրսեւորում: Հասարակության մեջ արմատավորելու ենք կոռուպցիայի հանդեպ բացարձակ անհանդուրժողականության մշակույթը: Պաշտոնի չարաշահումների հայտնաբերման եւ հետապնդման մակարդակն անշեղորեն աճելու է, որի նախադրյալների վկան ենք արդեն այսօր:

Սակայն կրկին անգամ ուզում եմ հիշեցնել եւ շեշտել. այստեղ հաջողության կարող ենք հասնել միայն ու միայն պետության եւ հասարակության համատեղ ջանքերի շնորհիվ:

6. Մեր ու ապագայի մասին

Հարգելի՛ հայրենակիցներ,

Այո՛, մենք հսկայական անելիքներ ունենք՝ զարգացնել մեր տնտեսությունը, ամրացնել մեր պետականությունը, ապահովել մեր անվտանգությունը, սակայն այս ամենով հանդերձ՝ մենք գերագույն մի խնդիր ունենք. այդ ամենն անելու եւ արվածը պահպանելու համար մեզ անհրաժեշտ են մեր դարավոր արժեքները:

Շատ բան է փոխվել ու խեղաթյուրվել մեր օրերում: Մեր արածներն ու անելիքները իմաստազրկվելու են, եթե գալիք սերունդները սխալ երազանքներով մեծանան, եթե առարկայական օլիմպիադայում հաղթած երիտասարդի փոխարեն հայ փոքրիկի «հերոսը» թանկարժեք ավտոմեքենա ունեցողը լինի: Հետեւաբար մեր արածներն ու անելիքները իմաստազրկվելու են, եթե այսօր բոլորս միասին՝ ողջ հասարակությունով, չշրջվենք դեպի կրթությունը:

Այո, մեզ անհրաժեշտ են գիտնականներ, ովքեր կբացահայտեն տիեզերքի նորանոր գաղտնիքներ, սակայն մեզ առավել անհրաժեշտ են գիտնականներ, ովքեր ջանասիրաբար են փոխանցում իրենց գիտելիքները կողքինին, որովհետեւ այդ «մեծահոգության» շնորհիվ վաղը կարող է աննախադեպ հայտնագործություն կատարվել: Մեզ անհրաժեշտ են շինարարներ, որոնք ճանապարհներ ու կառույցներ կարարեն, սակայն մեզ առավել անհրաժեշտ են շինարարներ, ովքեր ճանապարհը կառուցում են՝ շրջանցելով անտառը, որովհետեւ այդ անտառում իր դուստրն ու որդին վաղը զբոսնելու են: Այո, մեզ անհրաժեշտ են արհեստավարժ բժիշկներ, սակայն առավել անհրաժեշտ են բժիշկներ, ովքեր գիտեն կարեկցել, որովհետեւ հաբը բուժում է այսօր, կարեկցանքը՝ նաեւ վաղը:

Կրթությունը պետք է խարսխվի մեր արժեքների վրա: Ամեն հմտության ու գիտելիքի հետ աշակերտն ու ուսանողը պետք է սովորեն սիրել, հավատալ եւ հուսալ: Սա ամենաբարդ կրթական չափանիշն է, որովհետեւ եթե մյուսներին կարելի է հասնել դասավանդման բազմազան մեթոդներով, համապատասխան կրթական միջավայրի առկայության դեպքում, ապա այս դեպքում ճանապարհը միայն անհատական օրինակն է: Այսինքն՝ նա, ով կրթում է, պետք է իր մեջ կրի այն արժեքները, որոնք քարոզում է: Խոսքն առանց գործի համոզիչ չէ: Հետեւաբար, մեր կրթական քաղաքականության անկյունաքարը մեր արժեքների փոխանցումն է լինելու՝ մեր իսկ օրինակով:

Հետեւաբար այդ քաղաքականությունը ամենեւին էլ միայն կառավարության ու կրթության նախարարության գործը չէ: Բոլորիս գործն է, եւ դրա համար եմ ձեր ուշադրությունը հրավիրում այս խնդրին:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ահա այսքանն էր, որ ուզում էի այսօր հաղորդել մեր պատգամավորներին ու մեր ողջ հանրությանը:

Եվ խոսքս ուզում եմ ավարտել երկու արատավոր եւ անընդունելի երեւույթների վերաբերյալ իմ հստակ դիրքորոշումը բարձրաձայնելով:

1. Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ մեր իրականության մեջ տեղի են ունենում դեպքեր, երբ առանձին մարդիկ որոշում են հանդես գալ ուժի դիրքերից, որոշում են, որ իրենց կարելի է փողոցում բազուկների ուժով ինչ-ինչ հարցեր լուծել: Հստակ հայտարարում եմ. ինձ համար դա հասկանալի չէ, ինձ համար դա անընդունելի է: Ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող իրեն անպատժելի համարել, ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող պետության գործառույթները վերագրել իրեն: Ես բոլորին առաջարկում եմ ձեռնպահ մնալ արմատավորված արատավոր սովորույթներից, որովհետեւ հետեւանքներն իսկապես տեսանելի են լինելու:

2. Եվ երկրորդ. ես դիմում եմ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներին, լրագրողներին, հասարակական գործիչներին, բոլորին: Դիմում եմ ու հորդորում վե՛րջ տալ հրապարակավ այլոց վիրավորելուն: Սա մեզ մոտ արդեն անցնում է ընդունելի սահմանը: Անձնական վիրավորանքներ հասցնելը մեզանում կարծես թե դարձել է ընդունված նորմ: Եկեք բոլորս կա՛նգ առնենք. դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է:

Շնորհակալություն ուշադրության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել