ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը երեկ հայտարարել է, թե շարունակում է մտահոգված մնալ 1609 եւ 1620 բանաձեւերի
կատարման սահմանափակ առաջընթացի կապակցությամբ:
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի հոկտեմբերի 2-ի հայտարարության մեջ ասված է, թե «չափազանց անհանգստացած» են ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի հուլիսի 13-15-ը Երեւան այցի վերաբերյալ զեկույցում տեղ գտած փաստերի ու եզրակացությունների կապակցությամբ, «որոնք ցույց են տալիս, որ Վեհաժողովի հիմնական պահանջների առումով միայն սահմանափակ առաջընթաց է արձանագրվել»: Հանձնաժողովն առաջարկել է Թոմաս Համմարբերգին՝ կրկին այցելել Երեւան ու նոր զեկույց ներկայացնել Մոնիտորինգի հանձնաժողովին՝ դեկտեմբերի 17-ին Փարիզում կայանալիք նիստում:
«Նկատելով, որ դրական քայլեր են արվել անկախ եւ արժանահավատ հետաքննություն կազմակերպելու ուղղությամբ՝ Մոնիտորինգի հանձնաժողովը շարունակում է ծայրաստիճան մտահոգված մնալ մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ ազատությունից զրկված անձանց առումով»,- ասված է հայտարարության մեջ: Հիշեցված են ԵԽԽՎ 1620 բանաձեւի հստակ պահանջները. «Այն գործերը, որոնք դեռ քննության փուլում են՝ պետք է փակվեն կամ արագ կերպով ուղարկվեն դատարան», «ընդունելի չի կարող լինել այն դատավճիռը, որը հիմնված է բացառապես ոստիկանական ցուցմունքի վրա՝ առանց լրացուցիչ հիմնավորող ապացույցների», ու նաեւ՝ «Այն անձանց նկատմամբ հարուցված գործերը, ովքեր հիմնականում մեղադրվում են ՔՕ 300 եւ 225 հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ՝ պետք է կարճվեն, բացառությամբ, երբ առկա են հիմնավոր ապացույցներ առ այն, որ մեղադրյալներն անձնապես կատարել են բռնի գործողություններ կամ հրամայել, դրդել կամ օժանդակել են դրանց կատարմանը»:
Այս դրույթների առումով հանձնաժողովը նշել է. «Թեեւ նախնական կալանքում գտնվող անձանց նկատմամբ հետաքննությունն ավարտվել է՝ 300 եւ 225 հոդվածներով մեղադրվող 7 անձանց գործերը դեռեւս դատարան չեն ուղարկվել՝ չափից դուրս երկար հետաքննության հետեւանքով: Ի լրումն, հանձնաժողովը խորապես մտահոգված է, որ մարտի 1-2-ին 10 հոգու մահվան պատասխանատուների վերաբերյալ հետաքննությունը դեռ չի եզրափակվել կամ դեռ եզրափակման մոտ չէ»:
Ըստ հայտարարության՝ «Լուրջ հարցեր են մնում մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ կալանավորվածների դեմ առաջադրված մեղադրանքների բնույթի, ինչպես նաեւ՝ մի շարք գործերի դատական ընթացակարգի՝ ներառյալ արդար դատաքննության սկզբունքի կապակցությամբ: Ի լրումն եւ հակառակ Վեհաժողովի պահանջների՝ 19 անձ դատապարտվել է միայն ոստիկանական ցուցմունքների հիման վրա: Հանձնաժողովը հետեւաբար լրջորեն մտահոգված է, որ մարդկանց կարող են կալանավորել եւ նույնիսկ դատապարտել նրանց քաղաքական հայացքների եւ ոչ բռնի գործողությունների համար, ինչն անընդունելի է Վեհաժողովի համար»:
Հանձնաժողովն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները չեն դիտարկել համաներման, ներման հրամանագրի կամ առկա ցանկացած այլ իրավական միջոցի կիրառման հնարավորությունը, որ լուծեն մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ ազատազրկված անձանց խնդիրը. «Հանձնաժողովը լրջորեն կոչ է անում իշխանություններին՝ քննարկել նման հնարավորությունը, որը Վեհաժողովի պահանջների կատարման գործում կհանգեցնի կարեւոր առաջընթացի»:
Ի գիտություն են ընդունվել «անկախ եւ արժանահավատ հետաքննության ստեղծման ուղղությամբ դրական քայլերը՝ ինչպես նշված է Հանձնակատարի զեկույցում»: Հանձնաժողովն իր լիակատար զորակցությունն է հայտնել Թոմաս Համմարբերգի առաջարկներին եւ ողջունել այս կապակցությամբ ՀՀ իշխանությունների եւ Հանձնակատարի միջեւ ընթացող երկխոսությունը՝ հույս հայտնելով, «որ մնացյալ կարեւոր խնդիրները շուտով կլուծվեն, որպեսզի փորձագետների խումբը սկսի ու հնարավորինս շուտ ավարտի իր աշխատանքը»:
Հանձնաժողովի կարծիքով՝ Հայաստանը ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման առումով «գտնվում է շեմին: Այժմ ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները քաղաքական կամք դրսեւորեն այս խնդիրը լուծելու համար»: Համմարբերգի՝ դեկտեմբերի 17-ի զեկույցի հիման վրա, որը պիտի վերաբերի անկախ եւ արժանահավատ հետաքննության եւ մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ կալանավորվածների ազատ արձակման ուղղությամբ արձանագրված առաջընթացին՝ «հանձնաժողովը որոշում կկայացնի քայլերի եւ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ ու դրանք կառաջարկի 2009 թվականի Վեհաժողովի հունվարյան լիագումար նիստին»: