Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՏԱՔՐՔՐԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐՅՈՒՆՈՏ ՎՆԱՍՆԵՐԸ

Հոկտեմբեր 03,2008 00:00

\"\"Մարտի 1-ի տուժողների մեծ մասը, որոնք հրազենային եւ այլ վնասվածքներ են ստացել՝ պնդում են, թե զոհն են դարձել սեփական հետաքրքրասիրության:

«Մարտի 1»-ի մայր գործում առկա ցուցմունքների համաձայն՝ այդ օրը զոհվածներից մեկը քարեր էր նետել ոստիկանների ուղղությամբ եւ այդ պատճառով էր ստացել հրազենային վնասվածքներ: Գուցեեւ ինչ-որ մեկի համար հիմնավոր կամ արդարացված թվա, թե կարելի է կրակել քար նետողի վրա: Սակայն ո՞վ է պատասխան տալու այն քաղաքացու համար, որը մարտի 1-ին ուղղակի իր տան պատշգամբ էր դուրս եկել եւ հրաշքով կենդանի մնացել՝ քանի որ կրակել էին նրա գլխին: Սա հայտնի պատմություն է՝ խոսքը 33-ամյա Ռուբեն Թորոսյանի («Դվինի» Վանիկի որդու) մասին է, որը բնակվում է Լեոյի փողոցում եւ գլխին ստացած հրազենային վնասվածքների պատճառով տեւական ժամանակ անցկացրեց վերակենդանացման բաժանմունքում: Նրան կարողացել էին հարցաքննել միայն մայիսի 22-ին, քանի որ մինչ այդ Ռուբեն Թորոսյանն ի վիճակի չէր պատասխանել հարցերին: Ըստ գործի նյութերի՝ մարտի 13-ին հարցաքննվել էր նրա կինը՝ Ռոզիտա Թորոսյանը, որը պատմել էր, թե մարտի 1-ին պատուհանից ինքը նայել էր փողոցին. «Այդ ժամանակ արդեն մեր փողոցի վրա զինվորականները շատացել էին, սակայն ժողովուրդ չկար»: Ամուսնուն պատմել էր, թե ինչ է կատարվում փողոցում. «Այդ ժամանակ Ռուբենն ասաց, որ ցանկանում է անձամբ տեսնել, թե ինչ է կատարվում, եւ դուրս եկավ տանից մեր բակը, ավելի ճիշտ՝ բակում գտնվող ավտոտնակի տանիքի վրա, որն օգտագործում ենք որպես բաց պատշգամբ: Մի քանի վայրկյան անց ես տեսա, թե ինչպես ամուսինս դեմքով դեպի ներքեւ՝ ընկավ գետնի վրա»: Փորձագիտական եզրակացության համաձայն՝ «Վնասվածքը ստանալու պահին, ամենայն հավանականությամբ, կրակոց արձակած հրազենի փողը ուղղված է եղել Ռուբեն Թորոսյանի ճակատի ուղղությամբ»:

Դարձյալ հիշեցնենք Ռոզիտա Թորոսյանի ցուցմունքը, թե այդ պահին փողոցում միայն զինվորականներ էին: Քննիչի հարցին ի պատասխան՝ նա, սակայն, ավելի ուշ նշել է. «Ես չեմ կարող ասել, թե որ կողմից է եղել կրակոցը, որի հետեւանքով վիրավորվել է ամուսինս, ինչպես նաեւ չեմ կարող ասել, թե դա եղել է ժողովրդի՞, թե՞ զինվորականների կողմից կատարված կրակոցի հետեւանքով»: Ինքը՝ Ռուբեն Թորոսյանը, մայիսի 22-ի հարցաքննությամբ տեղ չի թողել, որ այս հանցագործությունը վերագրվի ցուցարարներին: «Երեկոյան, երբ արդեն մութ էր՝ փողոցը լցվեց զինվորականներով»,- պատմել է նա: Եվ քիչ հետո էլի պնդել. «Ես հիշում եմ, որ մեր փողոցում հանգիստ էր՝ միայն զինվորներ կային»: Նկատենք, որ Ռուբեն Թորոսյանը միայն օգոստոսի 27-ին է ճանաչվել տուժող:

Սեփական հետաքրքրասիրության զոհն է դարձել նաեւ գլխին հրազենային վնասվածք ստացած, իսկ ավելի ստույգ՝ փորձագետի եզրակացությամբ՝ «պայթյունի հետեւանքով առաջացած բեկորի ներգործությամբ» վիրավորված 49-ամյա Սուրեն Հովհաննիսյանը: Մարտի 7-ին նրա տված ցուցմունքի համաձայն՝ ինքն «Այրարատ» տոնավաճառի մոտ սպասելիս է եղել, մինչեւ հավաքվեն Գյումրի մեկնող երթուղային մեքենայի ուղեւորները. «Արդեն մութ էր, իմ շրջակայքում ամեն ինչ հանգիստ էր, որեւէ արտառոց բան չկար: Սակայն քիչ անց հեռվից՝ կրկեսի կողմերից ինչ-որ բազմության խուլ ձայներ լսվեցին: Ես որոշեցի ոտքով մոտենալ, որ տեսնեմ, թե ինչ ձայներ են»: Ոչինչ չի կարողացել տեսնել, «քանի որ քաղաքապետարանի մոտ տանող ճանապարհի ամբողջ լայնքով կանգնեցրել էին մի քանի ավտոբուսներ, որոնք փակել էին տեսադաշտը»: Սուրեն Հովհաննիսյանը դրանցից հեռու է եղել 15-20 մետր. «Փորձում էի փողոցով այս ու այն կողմ անցնել, որ տեսնեի, թե ինչ է կատարվում, բայց այդ պահին ավտոբուսների հետեւից, որտեղից լսվում էին ամբոխի ու կրակոցների ձայները՝ վերեւից կորաձեւ հետագծով ինչ-որ բան ընկավ իմ դիմաց, ինձնից մոտ 3-4 մետր առաջ ու պայթեց, որից հետո տհաճ ու սուր հոտ տարածվեց շրջակայքում. միաժամանակ մոտ կես մետր բարձրությամբ պայթյունի բոց բարձրացավ»: Պայթյունից հետո նա վերադարձել է կրկեսի մոտ. «Եվ հազիվ հեռացել էի մոտ 4-5 մետր, երբ հետեւից՝ աջ քունքիս շրջանում զգացի սուր ցավ, որից ընկա գետնին: Չնկատեցի, թե որ կողմից եկավ հարվածը կամ թե ինչ հարված էր»: Նրան վիրահատելիս՝ քունքի շրջանից հանել են մետաղի կտոր:

Ի դեպ, Սուրեն Հովհաննիսյանը ցուցմունքում նշել է, թե երբ իրեն մեքենայով տեղափոխել են մի հիվանդանոց՝ «հիշում եմ, որ այդ հիվանդանոցում բժիշկներն ասացին, որ տեղ չունեն, ծանրաբեռնված են»: Դրանից հետո նոր տարել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ընդհանրապես, տուժող ճանաչվածներից շատ-շատերն են նախաքննական մարմնին պնդել, որ իրադարձությունների կիզակետում հայտնվել են սոսկ տեսնելու համար, թե ինչ է կատարվում: Մեջբերենք եւս նման մի ցուցմունք. 45-ամյա Հակոբ Ոսկանյանը մարտի 4-ի հարցաքննության ժամանակ պատմել է, որ մարտի 1-ին գնացել էր ընկերոջ տուն, որը Խորենացի փողոցի վրա է, այնտեղ մնացել մինչեւ 18.30-ը, իսկ տուն գնալիս Մաշտոցի պողոտայում տեսնելով կատարվողը՝ «Ես հետաքրքրության համար որոշեցի բարձրանալ դեպի վերեւ՝ Ձկան խանութի կողմ, որ տեսնեմ, թե ինչ է կատարվում»: Ըստ նրա, ընդամենը 15 րոպե անց լսվել են կրակոցների ձայներ. «Ես աջ ոտքից, ծնկիս վերեւի մասում, ցավ զգացի եւ տեսնելով, որ ոտքիցս արյուն է հոսում՝ հասկացա, որ վիրավորվել եմ»: Նրա վերքը փորձագետները բնորոշել են իբրեւ «հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում»:

Ուշագրավ է, թե նման ձեւով վիրավորվածին ինչ հարցեր են ուղղել քննիչները: Կռահեք Հակոբ Ոսկանյանի ցուցմունքի այս հատվածից. «Հաջորդ հարցին պատասխանում եմ, որ ինձ որեւէ մեկը որեւէ անգամ չի հորդորել, որպեսզի ես մասնակցեմ հանրահավաքների, եւ վերը նշված օրը ես հանրահավաքի տեղը գնացել եմ միայնակ»:

Հ. Գ. Նշենք նաեւ, որ այն տուժողները, որոնց դեպքի վայրում պատահաբար հայտնվելու կամ զուտ հետաքրքրասիրությունից դրդված լինելու վերաբերյալ պնդումներին նախաքննության մարմինն այնքան էլ չի հավատացել՝ ցուցմունք են տվել, որոնցով առավել հավանական են համարել, թե իրենց վիրավորել են ցուցարարները՝ ժխտելով ոստիկանության մասնակցությունը: Այս մասին՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել