Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ամենահարուստ թեկնածուն

Հոկտեմբեր 03,2008 00:00

Շիրակի մարզի խոշոր համայնքներում կարծես թե օլիգարխների պայքար է սպասվում

Նախորդ օրը Շիրակի մարզում տեղակայված ընտրատարածքային ընտրական 4 հանձնաժողովներում ավարտվեց թեկնածուների առաջադրումը: Չնայած վերջիններս դեռ պաշտոնապես գրանցված չեն, սակայն արդեն իսկ որոշակիորեն հայտնի է, թե ով ում հետ է մրցելու:

Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու է 4 թեկնածու՝ հանրապետական քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ԱԺ անկուսակցական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը,

դաշնակցության շարքերից հեռացված՝ Գյումրիի թիվ 17 միջնակարգ դպրոցի տնօրեն Կարապետ Ներսիսյանը եւ Գյումրիի քաղաքապետարանի բյուջեի եւ եկամուտների՝ աղբավճարների հարցերով գլխավոր մասնագետ Դանիել Դարբինյանը, որը ներկայացնում է ԱԻՄ կուսակցությունը ու գյումրեցիների հիշողության մեջ մնացել է որպես քաղաքի առաջին հացադուլավոր: Ժամանակին, երբ փորձել են ԱԻՄ-ի ձեռքից խլել գրասենյակը, Դ. Դարբինյանն իր բողոքը արտահայտել է հացադուլով:

Ո՞վ է թեկնածուներից ամենահարուստը, ի՞նչ բիզնես ու եկամուտներ ունի. թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացրած նրանց հայտարարագրերից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ բոլորն էլ միջին խավի ներկայացուցիչներ են: Ուսումնասիրելով Վարդան Ղուկասյանի՝ 01.01. 2007-01.01.2008 թթ. ընկած ժամանակահատվածի գույքի եւ եկամուտների հայտարարագիրը, տեսնում ենք, որ նա 20 քմ տարածքով, միանձնյա սեփականությամբ ընդամենը մի խանութ ունի, ավտոմոբիլային 1 տրանսպորտի միջոց՝ «BMW 760 LI» մակնիշի, թեեւ «Նվիրատվության եւ օգնության կարգով ստացված գույք» խորագրից տեղեկանում ենք, որ թանկարժեք՝ 113440000 ՀՀ դրամ արժողությամբ «BMW 760 LI» մեքենան Վարդան Ղուկասյանը նվեր է ստացել Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի բնակիչ Գուրգեն Ալեքսանյանից: Հաշվետվության մեջ առկա «հողամասեր», «շենքեր ու շինություններ» ցանկն էլ աչքի չի ընկնում առատությամբ, պարզվում է՝ քաղաքապետն ընդամենը մեկ բնակելի տուն ու մեկ տնամերձ ունի, ընդ որում՝ ընդհանուր բաժնային սեփականությամբ: Նրա մեկ տարվա դրամական միջոցը հաշվետու ժամանակաշրջանի սկզբում կազմել է 24000000 ՀՀ դրամ, իսկ վերջում՝ 28000000 դրամ, աշխատավարձը տարվա կտրվածքով 3240000 դրամ է, «Անբերդ» ՍՊԸ-ից ստացած շահաբաժինը՝ 500000 դրամ: Մի խոսքով, Ղուկասյանը փորձել է համոզել, որ մեծ եկամուտներ չունի, քաղաքի լավագույն հողակտորները, օրինակ՝ կենտրոնական շուկայի տարածքը խանութներով՝ իրեն չեն պատկանում, ինքը քաղաքապետի լծակները չի օգտագործում ու քաղաքի բարիքներից չի օգտվում, ոչինչ չի օտարում ու չի սեփականաշնորհում: Իհարկե, Ղուկասյանը գյումրեցիներին համոզել չի կարող, քանի որ վերջիններս իրենից էլ լավ գիտեն իր ունեցվածքը: Մյուս թեկնածուն՝ Ղուկասյանի վտանգավոր հակառակորդ Մարտուն Գրիգորյանն էլ, գյումրեցիների պատկերացրածին հակառակ, չի փայլել իր մեծ ունեցվածքով: Ըստ նրա՝ 01.01.2007-31.12. 2007թ. ժամանակահատվածի համար ներկայացրած հայտարարագրի, նա միանձնյա սեփականությամբ բնակելի 2 տուն ունի ու դրանց կից՝ մեկ տնամերձ, 3 նկուղ ու մեկ ավտոտնակ: Վերջինս միանձնյա սեփականությամբ 3 փոխադրամիջոց ունի՝ «Արմադա Նիսան», «Մերսեդես Բենց 14 320», «Պազ 968» մակնիշի մեքենաները: Պարտատոմսեր, բաժնետոմսեր ունի «Տրանս ակնթարթ» ու «Մադոննա» ՍՊԸ-ներից, «Ավտոկայանից» ստացած եկամուտը կազմում է 153.065 դրամ, Ազգային ժողովից ստացած աշխատավարձը՝ 2103420 դրամ, դրամական միջոցները հաշվետու ժամանակաշրջանի սկզբում եղել են 185000000 դրամ, որը վերջում դարձել է 1400000 դրամ եւ 20000 ԱՄՆ դոլար: Թեկնածուներից ամենաաղքատը Կարապետ Ներսիսյանն է. նրա հայտարարագրած գույքից աչքի են ընկնում միայն արտասահմանյան ավտոմեքենաները՝ 2007-ին արտադրված «Պեժո 307» եւ 1991-ի «Ֆորդ Սիեռա» մեքենաները, նա 1.390.600 դրամ աշխատավարձից բացի, այլ դրամական միջոցներ չունի, զբաղեցրած բնակարանն էլ համասեփականատեր ունի:

Մի խոսքով, եթե հավատանք հայտարարագրերում գրվածին, պիտի պատկերացնենք, որ Շիրակի մարզում, բառի իսկական իմաստով, օլիգարխներ չկան, քաղաքապետ դառնալու ցանկություն ունեցողներն էլ արդար քրտինքով ապրող մարդիկ են, մինչդեռ փաստն այն է, որ ինչպես Գյումրիում, այնպես էլ Ախուրյանում ու Արթիկում գլուխ են բարձրացրել հենց օլիգարխները: Օրինակ՝ Արթիկում գործող քաղաքապետ Հմայակ Աբրահամյանի հետ մրցման է դուրս եկել ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանի եղբայրը՝ Խաչիկ Վարագյանը, որը զբաղեցրել է Շիրակ ԳԳՄ-ի տնօրենի պաշտոնը: Ըստ շրջանառվող լուրերի, նրանց մարդամեջ մտցնողը ավագ եղբայրն է, որը Ղազախստանի նախագահի խորհրդականն է, նրա շնորհիվ էլ Վարագյան եղբայրները Հայաստանում մի քանի քարհանքեր, ինչպես նաեւ սեփական բանկ ունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել